Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 5
5
Նեեմանը բուժվում է
1Ասորիների թագավորի զորապետ Նեեմանը մեծ ու հարգելի մարդ էր իր տիրոջ առաջ, որովհետև Տերը նրա միջոցով փրկություն էր տվել ասորիներին։ Այդ մարդը քաջ էր ու զորավոր, բայց բորոտ էր։ 2Մի անգամ ասորիների գնդերը եկել և Իսրայելի երկրից գերի էին տարել մի փոքրիկ աղջկա, որը ծառայում էր Նեեմանի կնոջը։ 3Սա ասաց իր տիկնոջը. «Երանի թե իմ տերը լիներ Սամարիայում գտնվող մարգարեի առաջ, և նա նրան կբժշկեր իր բորոտությունից»։ 4Նեեմանը գնաց ու պատմեց իր տիրոջը՝ ասելով. «Այսպես ու այսպես է խոսել Իսրայելի երկրից եկած աղջիկը»։ 5Ասորիների թագավորն ասաց. «Գնա՛, ես էլ նամակ կուղարկեմ Իսրայելի թագավորին»։ Նա գնաց ու իր հետ վերցրեց տասը տաղանդ արծաթ, վեց հազար ոսկի և տասը ձեռք փոխնորդ հագուստներ։ 6Եվ Իսրայելի թագավորին բերեց նամակը, որի մեջ ասված էր. «Արդ այս նամակը հենց որ հասնի քեզ, իմացի՛ր, որ քեզ մոտ եմ ուղարկում իմ Նեեման ծառային, որ դու նրան բժշկես իր բորոտությունից»։ 7Եվ երբ Իսրայելի թագավորը կարդաց նամակը, պատռեց իր հանդերձները և ասաց. «Մի՞թե ես Աստված եմ, որ մեռցնեմ կամ կյանք տամ, որ ինձ մոտ մարդ է ուղարկում բորոտությունից բժշկելու համար. սակայն դուք իմացե՛ք ու տեսե՛ք, որ նա կռվի պատճառ է որոնում իմ դեմ»։
8Եվ երբ Աստծու մարդը՝ Եղիսեն, լսեց, որ Իսրայելի թագավորը պատռել է իր հանդերձը, այդ ժամանակ մարդ ուղարկեց թագավորի մոտ՝ ասելով. «Ինչո՞ւ պատռեցիր քո հանդերձը. թող նա գա ինձ մոտ և իմանա, որ մարգարե կա Իսրայելում»։ 9Նեեմանն իր ձիերով ու կառքով գնաց կանգնեց Եղիսեի տան դռան մոտ։ 10Եղիսեն պատգամավոր ուղարկեց նրա մոտ՝ ասելով. «Գնա՛ և յոթ անգամ լվացվի՛ր Հորդանանում, և քո մարմինը կվերադառնա քեզ մոտ, ու կմաքրվես»։ 11Բայց Նեեմանը բարկացավ ու գնաց՝ ասելով. «Ես կարծում էի, թե անպատճառ պիտի դուրս գա, կանգնի ինձ մոտ, կանչի իր Տեր Աստծու անունը և ձեռքը շարժի այն տեղի վրա և այդ ժամանակ կբժշկի բորոտությունը։ 12Մի՞թե Դամասկոսի Աբանա և Փարփար գետերը Իսրայելի բոլոր ջրերից լավ չեն. մի՞թե չեմ կարող նրանց մեջ լվացվել ու մաքրվել»։ Եվ նա ետ դարձավ ու գնաց բարկությամբ։ 13Բայց նրա ծառաները մոտեցան, խոսեցին նրա հետ և ասացին. «Ո՛վ հայր, եթե մարգարեն քեզ մի մեծ բան ասած լիներ, չէի՞ր անելու. էլ ո՞ւր մնաց, որ քեզ ասաց. “Լվացվի՛ր և կմաքրվես”»։ 14Նա իջավ ցած և Աստծու մարդու խոսքի համաձայն յոթ անգամ սուզվեց Հորդանանի մեջ. նրա մարմինը փոքր տղայի մարմնի նման դարձավ, և նա մաքրվեց։
15Նա իր ամբողջ բանակով ետ դարձավ, եկավ Աստծու մարդու մոտ, կանգնեց նրա առաջ և ասաց. «Իմացա, որ այս ամբողջ երկրի վրա Աստված չկա, այլ կա միայն Իսրայելում. և հիմա խնդրում եմ, մի ընծա՛ ընդունիր քո ծառայից»։ 16Բայց նա ասաց. «Կենդանի է Տերը, որի առաջ կանգնած եմ ես, չեմ ընդունի»։ Նեեմանը ստիպեց նրան, բայց նա մերժեց։ 17Եվ Նեեմանն ասաց. «Հիմա, որ չես ընդունում, թող քո ծառային երկու ջորու բեռ հող տրվի, որովհետև քո ծառան Տիրոջից բացի այլևս ուրիշ աստվածների ողջակեզ կամ զոհ չի մատուցելու։ 18Թող այս բանը միայն Տերը ների քո ծառային, այսինքն՝ այն, որ երբ իմ տերը Ռեմոնի տուն մտնի այնտեղ երկրպագություն անելու համար ու հենվի իմ ձեռքին, և ես էլ երկրպագեմ Ռեմոնի տանը, այն ժամանակ դրա համար, այսինքն՝ Ռեմոնի տանն իմ երկրպագելու համար, թող Տերը ների քո ծառային»։ 19Եվ նա ասաց նրան. «Գնա՛ խաղաղությամբ»։ Եվ նա մի քիչ հեռացավ նրա մոտից։
20Գեեզին՝ Աստծու մարդու՝ Եղիսեի ծառան, ասաց. «Ահա իմ տերը խնայեց այս ասորի Նեեմանին և բերածը չվերցրեց նրա ձեռքից։ Կենդանի է Տերը, եթե ես չվազեմ նրա ետևից և մի բան չվերցնեմ նրանից»։ 21Եվ Գեեզին վազեց Նեեմանի ետևից. և երբ Նեեմանը տեսավ, որ մեկը վազում է իր ետևից, կառքից թռավ ցած՝ նրան դիմավորելու, և ասաց. «Խաղաղությա՞մբ է»։ 22Եվ նա ասաց. «Խաղաղությամբ է. իմ տերն ինձ ուղարկեց, թե՝ “Հիմա ինձ մոտ Եփրեմի սարից մարգարեների խմբից երկու պատանի են եկել։ Խնդրում եմ, նրանց համար մի տաղանդ արծաթ ու երկու փոխնորդ հանդե՛րձ տուր”»։ 23Եվ Նեեմանն ասաց. «Բարեհաճի՛ր, ա՛ռ երկու տաղանդ». և նրան ստիպեց ու երկու տաղանդ արծաթը ծրարեց երկու պարկի մեջ և երկու փոխնորդ հանդերձը ու տվեց իր երկու ծառաներին, որոնք տարան նրա առջևից։ 24Երբ բլրին հասան, վերցրեց նրանց ձեռքից և թաքցրեց իր տան մեջ, մարդկանց ճանապարհ դրեց, ու նրանք գնացին։ 25Իսկ ինքը եկավ ու կանգնեց իր տիրոջ առաջ, և Եղիսեն ասաց նրան. «Որտեղի՞ց ես գալիս, Գեեզի՛»։ Եվ նա ասաց. «Քո ծառան ոչ մի կողմ չէր գնացել»։ 26Եվ Եղիսեն նրան ասաց. «Չէ՞ որ իմ հոգին գնացել էր այնտեղ, երբ այն մարդը ետ դարձավ, իջավ իր կառքից՝ քեզ դիմավորելու. մի՞թե արծաթ առնելու, հանդերձներ, ձիթենիներ, այգիներ, հոտեր, արջառներ, ծառաներ և աղախիններ առնելու ժամանակն է հիմա։ 27Ուստի թող Նեեմանի բորոտությունը հավիտյան կպչի քեզ ու քո սերնդին»։ Գեեզին նրա մոտից դուրս եկավ բորոտությունից ճերմակ՝ ձյունի նման։
Արդեն Ընտրված.
Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 5: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018