Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 7
7
1Եղիսեն ասաց. «Լսե՛ք Տիրոջ խոսքը. այսպես է ասում Տերը. “Վաղն այս ժամանակ Սամարիայի դռանը մեկ գրիվ շարմաղ ալյուրը՝ մեկ սիկղ, և երկու գրիվ գարին մեկ սիկղ կլինի”»։ 2Եվ այն զորապետը, որի ձեռքի վրա հենվում էր թագավորը, պատասխանեց Աստծու մարդուն և ասաց. «Եթե Տերը երկնքում պատուհաններ էլ շիներ, մի՞թե կլինի այդ բանը»։ Եվ նա ասաց. «Ահա քո աչքերով պիտի տեսնես, սակայն ինքդ դրանից չես ուտելու»։
Ասորական բանակը հեռանում է
3Քաղաքի դռանը չորս բորոտ մարդ կար, և նրանք իրար ասացին. «Ինչո՞ւ ենք մենք այստեղ նստում, մինչև որ մեռնենք։ 4Եթե ասենք՝ “Գնանք քաղաք”, քաղաքում էլ սով կա, այնտեղ կմեռնենք, և եթե այստեղ մնանք, էլի կմեռնենք. ուրեմն եկե՛ք ասորիների բանակը մտնենք. եթե մեզ ողջ թողնեն, կապրենք, իսկ եթե մեզ սպանեն, կմեռնենք»։ 5Եվ մթնշաղին վեր կացան, որ գնան ասորիների բանակը, և եկան մինչև ասորիների բանակատեղիի ծայրը, բայց այնտեղ մարդ չկար։ 6Որովհետև Տերն ասորիների բանակի մեջ կառքերի ձայն ու ձիերի ձայն և մեծ զորքի ձայներ էր լսել տվել, իրար ասացին. «Ահա Իսրայելի թագավորը վարձել է քետացիների թագավորներին և Եգիպտոսի թագավորներին, որ գան մեզ վրա»։ 7Եվ ելան ու փախան մութ ժամանակ և թողեցին իրենց վրանները, իրենց ձիերն ու իրենց էշերը և բանակատեղին, ինչպես որ էր, և փախան՝ փրկելով իրենց անձերը։ 8Եվ այն բորոտները եկան մինչև բանակատեղիի ծայրը, մտան մի վրան, կերան ու խմեցին, արծաթ, ոսկի և հանդերձներ վերցրին և գնացին ու թաքցրին, ապա ետ դարձան ու մտան մի ուրիշ վրան, այնտեղից էլ վերցրին ու տարան թաքցրին։ 9Եվ իրար ասացին. «Լավ բան չէ մեր արածը. այս օրն ավետիքի օր է, և մենք լռել ենք ու մնում ենք մինչև առավոտյան լույսը. այդ դեպքում մենք հանցավորներ կլինենք. արդ, եկեք գնանք և հայտնենք թագավորի պալատին»։ 10Եվ նրանք եկան, կանչեցին քաղաքի դռնապաններին, պատմեցին նրանց և ասացին. «Մենք գնացինք ասորիների բանակը, և ահա այնտեղ ո՛չ մարդ կա և ո՛չ էլ մարդու ձայն, այլ միայն կապած ձիեր ու կապած էշեր կան, և վրաններն էլ՝ ինչպես եղել են»։ 11Եվ դռնապանները կանչեցին ու հայտնեցին թագավորի պալատում՝ ներսում։
12Եվ թագավորը գիշերը վեր կացավ ու ասաց իր ծառաներին. «Թողեք ձեզ պատմեմ, թե ասորիներն ի՛նչ են արել մեզ. նրանք գիտեն, որ մենք սոված ենք, և բանակատեղիից դուրս են ելել՝ դաշտում թաքնվելու՝ ասելով. “Երբ նրանք քաղաքից դուրս գան, մենք նրանց ողջ-ողջ կբռնենք և քաղաք կմտնենք”»։ 13Բայց նրա ծառաներից մեկը պատասխան տվեց և ասաց. «Թող քաղաքում մնացած ձիերից հինգ ձի վերցնեն (ահա ինչպես որ ամբողջ Իսրայելի բազմությունը, որ մնացել էր քաղաքում, նույնպես և ամբողջ Իսրայելի բազմությունը, որ ոչնչացավ), և թողեք ուղարկենք այնտեղ և տեսնենք»։ 14Եվ երկու կառք վերցրին իրենց ձիերով, և թագավորը մարդ ուղարկեց ասորիների բանակի ետևից՝ ասելով. «Գնացե՛ք և տեսե՛ք»։ 15Եվ նրանք մինչև Հորդանան գնացին նրանց ետևից, և ահա ամբողջ ճանապարհը լիքն էր հանդերձներով և իրերով, որոնք շտապ փախած ասորիները դեն էին նետել. պատգամավորները վերադարձան և պատմեցին թագավորին։
16Ժողովուրդը գնաց, և կողոպտեցին ասորիների բանակատեղին, և Տիրոջ խոսքի համաձայն մեկ գրիվ շարմաղ ալյուրը դարձավ մեկ սիկղ, և երկու գրիվ գարին՝ մեկ սիկղ։ 17Եվ թագավորը դռան վերակացու դրեց այն զորապետին, որի ձեռքի վրա հենվում էր ինքը, և ժողովուրդը նրան կոխկռտեց դռան արանքում, և նա մեռավ, ինչպես ասել էր Աստծու մարդը, երբ թագավորն իջել էր նրա մոտ։ 18Եվ եղավ այն, ինչ թագավորի հետ խոսելիս ասել էր Աստծու մարդը. «Վաղն այս ժամանակ Սամարիայի դռանը երկու գրիվ գարին մեկ սիկղ կդառնա, և մեկ գրիվ շարմաղ ալյուրը՝ մեկ սիկղ»։ 19Մինչդեռ այն զորապետը պատասխանել էր Աստծու մարդուն և ասել. «Ահա, եթե Տերը երկնքում պատուհաններ էլ շիներ, կլինի՞ այդ բանը». նա էլ ասել էր. «Քո աչքերով պիտի տեսնես, սակայն ինքդ դրանից չես ուտելու»։ 20Եվ այդպես էլ եղավ նրա հետ. ժողովուրդը կոխկռտեց նրան դռան արանքում, և նա մեռավ։
Արդեն Ընտրված.
Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 7: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018