Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 19:1-8

Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 19:1-8 ՆՎԱԱ

Հովաբին ասացին. «Ահա թագավորը լաց է լինում և սուգ է անում Աբիսողոմի վրա»։ Այդ օրը հաղթությունը սուգ դարձավ ամբողջ զորքի համար, որովհետև զորքը այդ օրը լսել էր, որ ասում են, թե թագավորը սգում է իր որդու համար։ Եվ այդ օրը զորքը քաղաք էր մտնում գողի պես, ինչպես գողի պես քաղաք կմտնի այն զորքը, որ ամոթահար փախել է ճակատամարտից։ Թագավորը ծածկեց իր երեսը և բարձր ձայնով թագավորն աղաղակեց. «Որդի՜ս, Աբիսողո՜մ, Աբիսողո՜մ որդիս, որդի՜ս»։ Հովաբը գնաց թագավորի մոտ, մտավ նրա սենյակը և ասաց. «Դու այսօր ամոթահար արեցիր քո բոլոր ծառաների երեսը, որոնք ազատեցին քո անձը և քո որդիներին ու աղջիկներին և քո կանանց ու քո հարճերին։ Դու սիրում ես քեզ ատողներին և ատում ես քեզ սիրողներին, որովհետև այսօր հասկացրիր, որ քեզ համար ոչինչ են քո իշխաններն ու ծառաները, որովհետև ես այսօր հասկացա, որ եթե Աբիսողոմն այսօր կենդանի լիներ, իսկ մենք այսօր բոլորս էլ մեռած լինեինք, ապա դա հաճելի կլիներ քեզ։ Արդ վե՛ր կաց, դո՛ւրս եկ և քաղցրությամբ խոսի՛ր քո զինվորների հետ, քանզի երդվում եմ Տիրոջով, որ եթե դուրս չգաս, այս գիշեր քեզ մոտ մարդ չի մնա, և սա քեզ համար ավելի վատ կլինի, քան այն բոլոր չարիքները, որ հասել են քեզ քո մանկությունից մինչև հիմա»։ Թագավորը վեր կացավ ու նստեց դռանը. և ամբողջ զորքին տեղեկացրին՝ ասելով. «Ահա թագավորը նստել է դռանը»։ Ամբողջ զորքը եկավ թագավորի առաջ, իսկ Իսրայելը փախել էր, ամեն մարդ՝ իր վրանը։