Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 21:15-22

Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 21:15-22 ՆՎԱԱ

Դարձյալ պատերազմ ծագեց փղշտացիների և Իսրայելի միջև, և Դավիթն իր ծառաների հետ գնաց, և պատերազմեցին փղշտացիների դեմ, և Դավիթը ուժասպառ եղավ։ Եվ Եսբիբենոբը, որ Ռափայի որդիներից էր (նրա նիզակը պղնձի երեք հարյուր սիկղ քաշ ուներ) և ինքն էլ նոր սուր էր կապել մեջքին, ուզում էր սպանել Դավթին։ Բայց Շարուհեայի որդի Աբեսսան օգնեց Դավթին, և նա հարվածեց փղշտացուն ու սպանեց նրան։ Այդ ժամանակ Դավթի մարդիկ նրան երդվեցին և ասացին. «Մեզ հետ այլևս չպետք է դուրս գաս պատերազմի, որ չհանգցնես Իսրայելի ճրագը»։ Դրանից հետո փղշտացիների դեմ պատերազմ եղավ Գովբում. այդ ժամանակ ովսացի Սոբաքը սպանեց Սափին, որը Ռափայի որդիներից էր։ Եվ դարձյալ Գովբում պատերազմ եղավ փղշտացիների դեմ, և բեթլեհեմցի Արիեորգիմի որդի Էլեանան սպանեց գեթացի Գողիաթին, որի նիզակի բունը նման էր ոստայնանկների գլանի։ Եվ դարձյալ պատերազմ եղավ Գեթում. բարձրահասակ մի մարդ կար, որի ձեռքերի և ոտքերի մատները վեց-վեց հատ էին. քսանչորս մատ ուներ։ Նա էլ Ռափայի որդիներից էր։ Նա նախատեց Իսրայելին, բայց Դավթի եղբայր Սամաայի որդի Հովնաթանը սպանեց նրան։ Այդ չորսն էլ ծնվել էին Գեթում Ռափայից և սպանվեցին Դավթի ձեռքով ու Դավթի ծառաների ձեռքով։