Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 6
6
Ուխտի տապանակը բերվում է Երուսաղեմ
(Ա Մն. 13.1-14, 15.25–16.6, 43)
1Դավիթը դարձյալ հավաքեց Իսրայելի բոլոր ընտիր մարդկանց՝ երեսուն հազար հոգի։ 2Դավիթն իր հետ եղած ամբողջ զորքի հետ վեր կացավ ու գնաց, որ Հուդայի Բաաղից բերի Աստծու տապանակը, որի վրա կոչված է քերովբեների վրա նստող Զորությունների Տիրոջ անունը։ 3Եվ Աստծու տապանակը դրին մի նոր սայլի վրա, վերցրին այն Աբինադաբի տանից, որը գտնվում էր բլրի վրա։ Եվ այդ նոր սայլը քշում էին Աբինադաբի որդիները՝ Ոզան և Աքիովը։ 4Այն Աստծու տապանակի հետ վերցրին Աբինադաբի տանից, որը բլրի վրա էր. Աքիովը գնում էր տապանակի առջևից։ 5Դավիթը և Իսրայելի ամբողջ տունը նվագում էին#6.5 Կարող է նշանակել պարում էին։ Տիրոջ առաջ մայրու փայտից պատրաստված ամեն տեսակ նվագարաններով՝ քնարներով, տավիղներով, թմբուկներով, դափերով ու ծնծղաներով։ 6Երբ եկան Նաքոնի կալը, Ոզան ձեռքը մեկնեց դեպի Աստծու տապանակը և բռնեց այն, որովհետև եզները թեքել էին այն։ 7Եվ Տիրոջ բարկությունը բորբոքվեց Ոզայի դեմ, և Աստված այնտեղ այդ սխալի համար հարվածեց նրան, և նա նույն տեղն էլ մեռավ Աստծու տապանակի մոտ։ 8Դավիթը տագնապեց, որ Տերը հարվածելով հարվածեց Ոզային, և այդ տեղը մինչև այսօր կոչվում է Փարեզ-Ոզա#6.8 Այսինքն՝ Ոզայի հարվածը։։ 9Դավիթն այդ օրը վախեցավ Տիրոջից և ասաց. «Տիրոջ տապանակն ինչպե՞ս մտնի ինձ մոտ»։ 10Եվ Դավիթը չուզեց Տիրոջ տապանակը տանել իր մոտ՝ Դավթի քաղաքը. և Դավիթը շեղեց ու այն տարավ գեթացի Աբդեդոմի տուն։ 11Եվ Տիրոջ տապանակը երեք ամիս մնաց գեթացի Աբդեդոմի տանը, և Տերը օրհնեց Աբդեդոմին ու նրա ամբողջ տունը։
12Երբ Դավիթ թագավորին պատմեցին և ասացին. «Տերը օրհնեց Աբդեդոմի տունը և նրա ամեն ունեցվածքը Աստծու տապանակի համար», Դավիթը գնաց և Աստծու տապանակը վերցրեց Աբդեդոմի տանից և ուրախությամբ տարավ Դավթի քաղաքը։ 13Եվ երբ Տիրոջ տապանակը վեր տանողները վեց քայլ առաջ գնացին, նա արջառ ու պարարտ զվարակ զոհեց։ 14Դավիթն ամբողջ ուժով պարում էր Տիրոջ առաջ. և Դավիթը հագել էր քաթանե եփուդ։ 15Եվ Դավիթն ու Իսրայելի ամբողջ տունը Տիրոջ տապանակը տանում էին ուրախության աղաղակով ու փողերի ձայնով։ 16Մինչ Տիրոջ տապանակը մտնում էր Դավթի քաղաքը, Սավուղի աղջիկը՝ Մեղքողը, պատուհանից նայելով, տեսավ, որ Դավիթ թագավորը ցատկոտելով պարում է Տիրոջ առաջ, և իր սրտում անարգեց նրան։ 17Եվ Տիրոջ տապանակը բերին ու դրին իր տեղը այն վրանի մեջ, որ Դավիթը կանգնեցրել էր նրա համար։ Եվ Դավիթը ողջակեզներ ու խաղաղության զոհեր մատուցեց Տիրոջ առջև։ 18Եվ երբ Դավիթը վերջացրեց ողջակեզներ ու խաղաղության զոհեր մատուցելը, ժողովրդին օրհնեց Զորությունների Տիրոջ անունով։ 19Եվ Իսրայելի ամբողջ բազմությանը՝ թե՛ տղամարդու և թե՛ կնոջ, ժողովրդից ամեն մեկին մի նկանակ հաց, մի կտոր միս և մի կարկանդակ բաշխեց, և ամբողջ ժողովուրդը գնաց, ամեն մեկը՝ իր տուն։
20Դավիթը ետ դարձավ իր տունն օրհնելու։ Սավուղի աղջիկը՝ Մեղքողը, դուրս եկավ Դավթին դիմավորելու և ասաց. «Ինչպե՜ս պատվեց իրեն Իսրայելի թագավորն այսօր, որ այսօր ինքն իրեն մերկացրեց իր ծառաների և աղախինների առաջ, ինչպես մերկացնում է իրեն դատարկ մարդկանցից մեկը»։ 21Եվ Դավիթը Մեղքողին ասաց. «Տիրոջ առաջ, որը քո հորից և նրա ամբողջ տանից ավելի ինձ ընտրեց և ինձ իշխան դրեց Տիրոջ ժողովրդի՝ Իսրայելի վրա, այդ Տիրոջ առաջ ես պիտի պարեմ։ 22Եվ դեռ սրանից ավելի ես անարգ պիտի երևամ և իմ աչքին ավելի նվաստ պիտի լինեմ, իսկ քո ասած այն աղախինների առաջ պիտի փառավորվեմ»։ 23Եվ Սավուղի աղջիկ Մեղքողը մինչև իր մահվան օրը զավակ չծնեց։
Արդեն Ընտրված.
Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 6: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018