Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 7
7
Նաթանի պատգամը Դավթին
(Ա Մն. 17.1-15)
1Եվ երբ թագավորը բնակվեց իր տանը, և Տերը նրան հանգստացրեց իր շրջակայքի բոլոր թշնամիներից, 2թագավորը Նաթան մարգարեին ասաց. «Ահա ես բնակվում եմ եղևնափայտե տան մեջ, իսկ Աստծու տապանակը գտնվում է վրանում»։ 3Եվ Նաթանն ասաց թագավորին. «Ամեն ինչ, որ կա սրտիդ մեջ, գնա՛ և արա՛, որովհետև Տերը քեզ հետ է»։
4Եվ նույն գիշերը Տիրոջ խոսքը եղավ Նաթանին՝ ասելով. 5«Գնա՛ և իմ ծառա Դավթին ասա՛. “Այսպես է ասում Տերը. "Դո՞ւ պիտի ինձ համար բնակվելու տուն շինես։ 6Որովհետև այն օրից, ինչ Իսրայելի որդիներին հանեցի Եգիպտոսից, մինչև այսօր չեմ բնակվել տան մեջ, այլ ման եմ եկել վրաններով և տաղավարներով։ 7Եվ ամեն տեղ, ուր եղել եմ Իսրայելի որդիների հետ, մի՞թե մի բան խոսեցի Իսրայելի ցեղերից մեկի հետ, որոնց հրաման եմ տվել հովվելու Իսրայելի իմ ժողովրդին, ասե՞լ եմ արդյոք, թե ինչո՛ւ եղևնափայտե տուն չշինեցիք ինձ համար"”։ 8Եվ հիմա իմ ծառա Դավթին այսպե՛ս ասա. “Այսպես է ասում Զորությունների Տերը. "Ես քեզ վերցրի արոտավայրից՝ ոչխարների հետևից, որ իշխան լինես իմ ժողովրդին՝ Իսրայելին։ 9Ես քեզ հետ էի, ուր որ գնում էիր, և քո առջևից կոտորեցի բոլոր թշնամիներիդ և քո անունը պիտի բարձրացնեմ այս երկրի վրա եղող մեծերի անվան պես։ 10Եվ Իսրայելի իմ ժողովրդի համար էլ տեղ պիտի որոշեմ և նրան տնկեմ, որ այնտեղ բնակվեն, և այլևս չպիտի շարժվի, և անիրավության որդիները առաջվա պես այլևս չպիտի նեղեն նրան, 11ինչպես եղավ իմ ժողովրդի՝ Իսրայելի վրա դատավորներ դրած օրից ի վեր. և քեզ պիտի հանգստացնեմ քո բոլոր թշնամիներից. և Տերը հայտնում է քեզ, որ Տերն է քեզ համար տուն շինելու։ 12Երբ քո կյանքի օրերը լրանան, և դու ննջես քո հայրերի հետ, քեզանից հետո պիտի բարձրացնեմ քեզանից սերած զավակիդ և նրա թագավորությունը հաստատեմ։ 13Նա է իմ անվան համար տուն շինելու, և ես նրա թագավորության աթոռը կհաստատեմ հավիտյան։ 14Ես հայր կլինեմ նրան, և նա ինձ որդի կլինի. և եթե նա անիրավություն անի, ես կպատժեմ նրան մարդկանց գավազանով և մարդկանց որդիների հարվածներով։ 15Բայց իմ ողորմությունը չեմ հեռացնի նրանից, ինչպես հեռացրի Սավուղից, որին քշեցի քո առաջից։ 16Եվ քո տունն ու քո թագավորությունը հավիտյան պիտի ապահով լինեն քո առաջ, և քո աթոռը հաստատ պիտի մնա հավիտյան"”»։ 17Եվ Նաթանը այս բոլոր խոսքերը և այս ամբողջ տեսիլքը մեկ առ մեկ ասաց Դավթին։
Դավթի շնորհակալության աղոթքը
(Ա Մն. 17.16-27)
18Ապա Դավիթ թագավորը գնաց նստեց Տիրոջ առաջ և ասաց. «Ո՜վ Ամենակալ Տեր, ո՞վ եմ ես, և ի՞նչ է իմ տունը, որ ինձ բերեցիր մինչև այստեղ։ 19Սակայն այս էլ քո աչքին դեռ փոքր երևաց, ո՜վ Ամենակալ Տեր, և քո ծառայի տան մասին հեռավոր ժամանակի համար էլ խոսեցիր, և թող սա լինի մարդկանց կանոնը, ո՜վ Տեր։ 20Եվ Դավիթն էլ ի՞նչ ասի քեզ, որովհետև դու, ո՜վ Ամենակալ Տեր, ճանաչում ես քո ծառային։ 21Այս բոլոր մեծ բաները քո խոսքի համար և ըստ քո սրտի արեցիր, որպեսզի իմացնես քո ծառային։ 22Դրա համար որչա՜փ մեծ ես, ո՜վ Տեր Աստված, որովհետև քեզ նման մեկը չկա, և քեզանից բացի Աստված չկա՝ մեր ականջներով մեր բոլոր լսածների համաձայն։ 23Եվ ո՞ր ազգն է երկրի վրա Իսրայելի՝ քո միակ ժողովրդի պես, որին փրկելու համար Աստված ինքը եկավ, որ նրան ժողովուրդ դարձնի իր համար և փառավորի իր անունը և քո երկրում կատարի այս մեծ ու սոսկալի գործերը քեզ համար՝ Եգիպտոսից ազատված քո ժողովրդի առջևից քշելով ազգերին ու նրանց աստվածներին։ 24Եվ Իսրայելին՝ քո ժողովրդին, հավիտյան քեզ համար ժողովուրդ հաստատեցիր, և դու, ո՜վ Տեր, եղար նրանց Աստվածը։ 25Եվ հիմա, ո՜վ Տեր Աստված, այս խոսքը, որ ասել ես քո ծառայի և նրա տան համար, հավիտյան հաստատի՛ր և արա՛ ասածիդ պես։ 26Քո անունը հավիտյան թող փառավորվի, և ասեն, թե՝ “Զորությունների Տերը Իսրայելի վրա Աստված է”, և քո ծառա Դավթի տունը հաստատ մնա քո առջև։ 27Որովհետև, ո՜վ Զորությունների Տեր, Աստվա՜ծ Իսրայելի, դու հայտնեցիր քո ծառային և ասացիր. “Քեզ համար տուն պիտի շինեմ”, սրա համար էլ քո ծառան սիրտ առավ՝ քո առջև այս աղոթքը անելու։ 28Եվ հիմա, ո՜վ Ամենակալ Տեր, դու ես այդ Աստվածը, և ճշմարիտ են քո խոսքերը, և դու քո ծառային խոստացար այս բարիքը։ 29Ուստի հիմա բարեհաճի՛ր քո ծառայի տունը օրհնելու, որ հավիտյան լինի քո առջև, որովհետև, ո՜վ Ամենակալ Տեր, դու ասացիր, և քո օրհնությամբ ծառայիդ տունը հավիտյան թող օրհնյալ լինի»։
Արդեն Ընտրված.
Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 7: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018