Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 7:18-29

Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 7:18-29 ՆՎԱԱ

Ապա Դավիթ թագավորը գնաց նստեց Տիրոջ առաջ և ասաց. «Ո՜վ Ամենակալ Տեր, ո՞վ եմ ես, և ի՞նչ է իմ տունը, որ ինձ բերեցիր մինչև այստեղ։ Սակայն այս էլ քո աչքին դեռ փոքր երևաց, ո՜վ Ամենակալ Տեր, և քո ծառայի տան մասին հեռավոր ժամանակի համար էլ խոսեցիր, և թող սա լինի մարդկանց կանոնը, ո՜վ Տեր։ Եվ Դավիթն էլ ի՞նչ ասի քեզ, որովհետև դու, ո՜վ Ամենակալ Տեր, ճանաչում ես քո ծառային։ Այս բոլոր մեծ բաները քո խոսքի համար և ըստ քո սրտի արեցիր, որպեսզի իմացնես քո ծառային։ Դրա համար որչա՜փ մեծ ես, ո՜վ Տեր Աստված, որովհետև քեզ նման մեկը չկա, և քեզանից բացի Աստված չկա՝ մեր ականջներով մեր բոլոր լսածների համաձայն։ Եվ ո՞ր ազգն է երկրի վրա Իսրայելի՝ քո միակ ժողովրդի պես, որին փրկելու համար Աստված ինքը եկավ, որ նրան ժողովուրդ դարձնի իր համար և փառավորի իր անունը և քո երկրում կատարի այս մեծ ու սոսկալի գործերը քեզ համար՝ Եգիպտոսից ազատված քո ժողովրդի առջևից քշելով ազգերին ու նրանց աստվածներին։ Եվ Իսրայելին՝ քո ժողովրդին, հավիտյան քեզ համար ժողովուրդ հաստատեցիր, և դու, ո՜վ Տեր, եղար նրանց Աստվածը։ Եվ հիմա, ո՜վ Տեր Աստված, այս խոսքը, որ ասել ես քո ծառայի և նրա տան համար, հավիտյան հաստատի՛ր և արա՛ ասածիդ պես։ Քո անունը հավիտյան թող փառավորվի, և ասեն, թե՝ “Զորությունների Տերը Իսրայելի վրա Աստված է”, և քո ծառա Դավթի տունը հաստատ մնա քո առջև։ Որովհետև, ո՜վ Զորությունների Տեր, Աստվա՜ծ Իսրայելի, դու հայտնեցիր քո ծառային և ասացիր. “Քեզ համար տուն պիտի շինեմ”, սրա համար էլ քո ծառան սիրտ առավ՝ քո առջև այս աղոթքը անելու։ Եվ հիմա, ո՜վ Ամենակալ Տեր, դու ես այդ Աստվածը, և ճշմարիտ են քո խոսքերը, և դու քո ծառային խոստացար այս բարիքը։ Ուստի հիմա բարեհաճի՛ր քո ծառայի տունը օրհնելու, որ հավիտյան լինի քո առջև, որովհետև, ո՜վ Ամենակալ Տեր, դու ասացիր, և քո օրհնությամբ ծառայիդ տունը հավիտյան թող օրհնյալ լինի»։