Բ Տիմոթեոսին 2

2
Քրիստոսի հավատարիմ զինվորը
1Արդ դու, որդյա՛կ իմ, զորացի՛ր շնորհով, որ Քրիստոս Հիսուսի մեջ է։ 2Եվ այն, ինչ ինձանից լսեցիր բազում վկաների ներկայությամբ, հավատարիմ մարդկա՛նց ավանդիր, որոնք ընդունակ են ուրիշներին ևս ուսուցանել։ 3Չարչարակի՛ց եղիր ինչպես Քրիստոս Հիսուսի բարի զինվոր։ 4Ոչ մի զինվորական զորապետին հաճոյանալու համար կենցաղային գործերով չի զբաղվի։ 5Նույնպես և մարզիկը դափնեպսակ չի ստանա, եթե օրենքի համաձայն չմրցի։ 6Տքնող հողագործը նախ ինքը պետք է պտղից վայելի։ 7Հասկացի՛ր, թե ի՛նչ եմ ասում. Տերը քեզ իմաստություն կտա ամեն ինչում։
8Հիշի՛ր մեռելներից հարություն առած Հիսուս Քրիստոսին՝ Դավթի սերնդից, ըստ իմ քարոզած Ավետարանի, 9որի համար չարչարվում եմ, մինչև անգամ շղթայված եմ չարագործի պես, բայց Աստծու խոսքը շղթայված չէ։ 10Դրա համար ամեն ինչի համբերում եմ ընտրյալների համար, որպեսզի նրանք էլ այն փրկությանը հասնեն, որ Քրիստոս Հիսուսով է հավիտենական փառքի հետ։ 11Հավաստի է այս խոսքը.
«Եթե նրա հետ մեռանք, նրա հետ էլ կապրենք։
12Եթե համբերենք, նրա հետ էլ կթագավորենք,
եթե ուրանանք, նա էլ մեզ կուրանա։
13Եթե հավատարիմ չմնանք, նա հավատարիմ է մնում,
քանի որ ինքն իրեն չի կարող ուրանալ»։
Փորձված մշակը
14Այս բաները հիշեցրո՛ւ՝ Տիրոջ առաջ վկայելով, որպեսզի լեզվակռիվ չանեն, որ ոչնչի պիտանի չէ և միայն կործանում է լսողներին։ 15Ջանա՛ Աստծու առաջ ինքդ քեզ փորձված ներկայացնել, իբրև մի մշակ, որ ամաչելու բան չունի, որ ճշմարտության խոսքն ուղիղ է մատուցում։ 16Հեռո՛ւ մնա զազրախոսություններից, որովհետև դրա մեջ եղողներն ավելի առաջ կգնան ամբարշտության մեջ, 17և նրանց խոսքերը քաղցկեղի պես ճարակում են։ Նրանցից են Հիմենեոսն ու Փիլետոսը, 18որոնք ճշմարտությունից շեղվել են՝ ասելով, թե մեռելների հարությունն արդեն իսկ եղել է, և ոմանց հավատը կործանում են։ 19Բայց Աստծու հաստատած հիմքը կանգուն է և այս կնիքն ունի. «Տերը ճանաչում է նրանց, որոնք իրենն են», նաև՝ «Անիրավությունից թող հետ կանգնի ամեն ոք, ով Քրիստոսի անունն է կանչում»։ 20Մեծ տան մեջ ոչ միայն ոսկյա ու արծաթյա անոթներ կան, այլև փայտյա և խեցե։ Կան, որ պատվավոր գործածության համար են, և կան ոչ պատվավոր գործածության համար։ 21Եթե մեկն ինքն իրեն այդպիսի բաներից մաքրի, կդառնա պատվական անոթ՝ սրբագործված ու իր Տիրոջն օգտակար, պատրաստ ամեն բարի գործի։ 22Երիտասարդական ցանկություններից փախի՛ր և հետամո՛ւտ եղիր արդարությանը, հավատին, սիրուն, խաղաղությանը՝ Տիրոջ անունը մաքուր սրտով կանչողների հետ։ 23Խուսափի՛ր հիմար ու անօգուտ վիճաբանություններից՝ իմանալով, որ դրանք կռիվներ են ծնում։ 24Տիրոջ ծառան չպետք է կռվի, այլ պետք է բոլորի նկատմամբ մեղմ լինի, ուսուցանող, անոխակալ, 25հակառակվողներին հեզությամբ խրատի. թերևս Աստված նրանց ապաշխարություն տա ճշմարտությունը ճանաչելու 26և սատանայի որոգայթից զգուշանալու, որով նրանք բռնվել են՝ նրա կամքը կատարելու համար։

Արդեն Ընտրված.

Բ Տիմոթեոսին 2: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք