Գործք Առաքելոց 17

17
Հուզումներ Թեսաղոնիկեում
1Ամփիպոլիսի և Ապողոնիայի միջով անցնելով՝ եկան Թեսաղոնիկե, որտեղ հրեաների ժողովարան կար։ 2Պողոսն իր սովորության համաձայն նրանց մոտ մտավ և երեք շաբաթ օրեր նրանց հետ Սուրբ Գրքից խոսեց։ 3Բացատրում էր և ապացուցում, որ Քրիստոսը պետք է չարչարվեր ու մեռելներից հարություն առներ. «Նա՛ է Քրիստոսը՝ Հիսուսը, որի մասին ես քարոզում եմ ձեզ»։ 4Նրանցից ոմանք հավատացին և միացան Պողոսին ու Շիղային, ինչպես նաև բազում աստվածավախ հույներ և թվով ոչ պակաս երևելի կանայք։ 5Իսկ հրեաները նախանձեցին ու հրապարակներում թափառող մի քանի անպիտան մարդկանց հավաքելով ու ամբոխի վերածելով՝ քաղաքը տակնուվրա արեցին և Յասոնի տան վրա հարձակվելով՝ ուզում էին նրանց հրապարակ տանել։ 6Եվ երբ նրանց այնտեղ չգտան, Յասոնին ու եղբայրներից ոմանց քարշ տվեցին քաղաքի իշխանների մոտ՝ աղաղակելով. «Սրանք, որ աշխարհը տակնուվրա են արել, այստեղ էլ են հասել։ 7Յասոնը նրանց ընդունել է։ Սրանք բոլորը կայսեր հրամաններին հակառակ են գործում՝ ասելով, որ մեկ ուրիշ թագավոր կա՝ Հիսուսը»։ 8Եվ վրդովեցրին ժողովրդին ու քաղաքի իշխաններին, որոնք լսում էին այս բաները։ 9Սակայն Յասոնից և ուրիշներից երաշխիք ստանալով՝ նրանց արձակեցին։
Առաքյալները Բերիայում
10Բայց եղբայրները Պողոսին ու Շիղային գիշերով շտապ ճանապարհ դրեցին դեպի Բերիա, որոնք այնտեղ հասնելուն պես հրեաների ժողովարան գնացին։ 11Սրանք, որ ավելի ազնիվ էին, քան Թեսաղոնիկեում եղողները, խոսքն ամենայն հոժարությամբ ընդունեցին և ամեն օր քննում էին Սուրբ Գիրքը՝ տեսնելու, թե արդյոք դա այդպե՞ս է։ 12Արդ նրանցից շատերը հավատացին, ինչպես նաև թվով ոչ պակաս հույն երևելի կանայք ու տղամարդիկ։ 13Բայց երբ Թեսաղոնիկեի հրեաներն իմացան, որ Բերիայում ևս Պողոսի կողմից Աստծու խոսքը հռչակվեց, այնտեղ էլ եկան՝ ժողովրդին հրահրելու և խռովություն առաջացնելու։ 14Այդ ժամանակ եղբայրները Պողոսին իսկույն ուղարկեցին, որ մինչև ծովեզր գնա, իսկ Շիղան ու Տիմոթեոսն այնտեղ մնացին։ 15Պողոսին տանողները նրան հասցրին մինչև Աթենք և հրահանգ ստացան, որ Շիղային ու Տիմոթեոսին ուղղված պատվերը նրանց փոխանցելուց հետո իսկույն նրա մոտ վերադառնան։
Պողոսը Աթենքում
16Մինչ Պողոսը Աթենքում նրանց էր սպասում, նրա հոգին խռովվում էր՝ քաղաքը կուռքերով լի տեսնելով։ 17Նա ժողովարանում դիմում էր հրեաներին ու բարեպաշտ մարդկանց, իսկ հրապարակում՝ ամեն օր իրեն հանդիպողներին։ 18Էպիկուրյան ու ստոյիկյան փիլիսոփաներից ոմանք վիճաբանում էին նրա հետ, իսկ ոմանք ասում էին. «Այս դատարկախոսն ի՞նչ է ուզում ասել»։ Իսկ ուրիշներն էլ՝ «Երևում է՝ ինչ-որ օտար աստվածների քարոզիչ է», որովհետև Հիսուսին և հարությունն էր քարոզում։ 19Եվ նրան վերցրին տարան Արիսպագոսի առաջ՝ ասելով. «Կարո՞ղ ենք իմանալ, թե քո այդ քարոզած նոր վարդապետությունն ի՛նչ է, 20որովհետև մեր ականջներին օտարոտի բաներ ես մատուցում։ Արդ ուզում ենք իմանալ, թե դրանք ի՛նչ են ուզում ասել»։ 21Քանի որ բոլոր աթենացիներն ու այնտեղ ապրող օտարներն այլ բանով չէին զբաղվում, քան միայն մի ավելի նոր խոսք ասելով կամ լսելով։
Պողոսի ճառը Արիսպագոսում
22Պողոսն Արիսպագոսի մեջտեղում կանգնեց ու ասաց. «Ո՛վ աթենացիներ, տեսնում եմ, որ դուք ամեն առումով պաշտամունքասեր եք, 23որովհետև շրջելիս և ձեր պաշտամունքի առարկաները դիտելիս գտա մի զոհասեղան, որի վրա գրված էր՝ "ԱՆԾԱՆՈԹ ԱՍՏԾՈՒՆ"։ Արդ, ում դուք առանց ճանաչելու պաշտում եք, ես նրա՛ մասին եմ քարոզում ձեզ։ 24Այն Աստվածը, որ ստեղծել է այս աշխարհը և դրա մեջ առկա ամեն բան, նա է երկնքի և երկրի Տերը։ Նա ձեռակերտ տաճարներում չի բնակվում, 25ոչ էլ մարդկանց ձեռքով է պաշտվում, իբրև թե մի բանի կարոտ է։ Նա է ամեն բանի կյանք ու շունչ և ամեն ինչ տալիս։ 26Նա մեկ մարդուց ստեղծեց բոլոր ազգերին, որպեսզի բնակվեն ողջ երկրի երեսին. սահմանեց նախակարգյալ ժամանակները և նրանց բնակության սահմանները, 27որպեսզի Աստծուն փնտրեն ու թերևս խարխափելով նրան գտնեն, թեև ինքը մեզնից յուրաքանչյուրից հեռու չէ։ 28Որովհետև մենք նրանով ենք ապրում, շարժվում և կանք, ինչպես ձեր բանաստեղծներից ոմանք ևս ասացին.
"Մենք նրա սերունդն ենք"։
29Արդ, քանի որ Աստծու սերունդն ենք, չպետք է կարծենք, թե աստվածայինը նման է մարդու արվեստով ու երևակայությամբ քանդակված ոսկու կամ արծաթի կամ քարի։ 30Բայց Աստված, անգիտության ժամանակներն անտեսելով, այժմ մարդկանց պատվիրում է, որ ամեն ոք ամեն տեղ ապաշխարի։ 31Որովհետև նա սահմանել է մի օր, երբ արդարությամբ պետք է դատի աշխարհն այն մարդու միջոցով, որին նա ընտրել է և որով նա հավաստիացրեց բոլորին՝ նրան մեռելներից հարություն տալով»։
32Երբ մեռելների հարության մասին լսեցին, ոմանք ծաղրեցին, ոմանք էլ ասացին. «Այդ մասին քեզանից մեկ ուրիշ անգամ կլսենք»։ 33Եվ այսպես Պողոսը նրանց միջից դուրս ելավ։ 34Այնուամենայնիվ ոմանք, նրան միանալով, հավատացին. դրանցից էին Դիոնիսիոս Արիսպագացին ու Դամարիս անունով մի կին և նրանց հետ ուրիշները ևս։

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք