որպեսզի նրանց աչքերը բացես, խավարից դեպի լույսը և սատանայի իշխանությունից դեպի Աստված նրանց դարձնես, որպեսզի նրանք իմ հանդեպ ունեցած հավատով մեղքերի թողություն և սրբերի հետ ժառանգություն ստանան"։
Ուստի, ո՛վ Ագրիպպաս արքա, ես երկնային տեսիլքին անհնազանդ չեղա, այլ նախ նրանց, ովքեր Դամասկոսում, Երուսաղեմում և Հրեաստանի բոլոր գավառներում էին, ինչպես նաև հեթանոսներին քարոզեցի, որ ապաշխարեն և դեպի Աստված դառնան՝ ապաշխարության արժանի գործեր կատարելով։ Այս բաների համար հրեաներն ինձ տաճարում բռնելով փորձեցին սպանել։ Արդ Աստծուց օգնություն հասավ, և ես մինչև այսօր կանգնած փոքրին ու մեծին վկայում եմ՝ ոչինչ չասելով այն բաներից դուրս, ինչ մարգարեներն ու Մովսեսն են խոսել լինելիք դեպքերի մասին, որ Քրիստոսը չարչարվելու է և մեռելներից առաջինը հարություն առած լինելով՝ ժողովրդին ու հեթանոսներին լույս է ավետարանելու»։
Մինչ Պողոսը այս պատասխանն էր տալիս, Փեստոսը բարձրաձայն ասաց. «Ցնորվում ես, Պողո՛ս, քո բազում գիտելիքները քեզ մոլագարության են տանում»։ Իսկ Պողոսն ասաց. «Չեմ ցնորվում, նորի՛ն վսեմություն Փեստոս, այլ ճշմարտության և զգաստության խոսքեր եմ արտասանում։ Որովհետև այս բաներին թագավորն էլ է տեղյակ, որին և համարձակ ասում եմ. չեմ կարծում, թե սրանցից որևէ բան նրանից ծածկված լինի, քանի որ դա խուլ անկյունում չի եղել։ Մարգարեներին հավատո՞ւմ ես, ո՛վ Ագրիպպաս արքա. գիտեմ, որ հավատում ես»։ Ագրիպպասը Պողոսին ասաց. «Քիչ է մնում՝ ինձ էլ համոզես, որ քրիստոնյա դառնամ»։ Պողոսն ասաց. «Աստծուց կխնդրեի, որ ոչ միայն դու, այլ նաև բոլոր նրանք, ովքեր այսօր ինձ լսում են, քիչ թե շատ այնպիսին լինեին, ինչպիսին ես եմ, միայն առանց այս կապանքների»։
Եվ երբ նա այս ասաց, թագավորը, կուսակալը, Բերնիկեն ու նրանց հետ բոլոր նստածները վեր կացան։ Գնալիս իրար հետ խոսում էին և ասում. «Այս մարդը մեռնելու կամ կապանքների արժանի բան չի արել»։ Բայց Ագրիպպասը Փեստոսին ասաց. «Այս մարդուն կարելի էր արձակել, եթե կայսրին դիմած չլիներ»։