Իսկ այժմ ձեզ խրատում եմ, որ քաջալերվեք, որովհետև բացի նավից, ձեզնից ոչ մեկի կյանքին վնաս չպիտի հասնի։ Քանի որ այս գիշեր ինձ երևաց հրեշտակը այն Աստծու, որին ես պատկանում եմ և պաշտում եմ, և ասաց. "Մի՛ վախեցիր, Պողո՛ս, դու պետք է կայսեր առաջ կանգնես, և ահա բոլոր նրանց, ովքեր քեզ հետ նավարկում են, Աստված քեզ է շնորհել"։ Դրա համար քաջալերվե՛ք, մարդի՛կ, որովհետև հավատում եմ Աստծուն, որ կլինի այնպես, ինչպես որ ինձ ասվեց։ Սակայն պետք է մի կղզի ընկնենք»։
Արդեն տասնչորսերորդ գիշերը եղավ, ինչ մենք Ադրիական ծովում դեռևս տարուբերվում էինք։ Կեսգիշերին նավավարները կարծեցին, թե ինչ-որ ցամաք ենք հասել։ Ջրի խորությունը չափող գունդը գցելով՝ քսան գրկաչափ խորություն գտան. մի փոքր էլ առաջանալով՝ նորից գցեցին և տասնհինգ գրկաչափ գտան։ Վախենալով, որ թերևս խութերի մեջ ընկնեն, հետևի կողմից չորս խարիսխ ցած գցեցին և սպասում էին լուսանալուն։ Բայց քանի որ նավավարներն ուզում էին նավից փախչել, մակույկն իջեցրին ծով այն պատճառաբանությամբ, թե իբր առջևի կողմից էլ են խարիսխ գցելու։ Պողոսը հարյուրապետին ու զինվորներին ասաց. «Եթե դրանք նավի մեջ չմնան, դուք չեք կարող փրկվել»։ Այդ ժամանակ զինվորները մակույկի պարանները կտրեցին և թողեցին, որ ծովն ընկնի։
Լուսադեմին Պողոսը բոլորին խնդրում էր, որ կերակուր ընդունեն՝ ասելով. «Այսօր տասնչորսերորդ օրն է, ինչ դուք սպասելով քաղցած եք մնացել և ոչինչ չեք կերել։ Դրա համար աղաչում եմ ձեզ, որ կերակուր ընդունեք, որովհետև դա ձեր փրկության համար է. քանի որ ձեզանից ոչ մեկի գլխից մի մազ չի կորչելու»։ Այս ասելով՝ հաց վերցրեց, բոլորի առաջ Աստծուն գոհություն հայտնեց, կտրեց ու սկսեց ուտել։ Եվ բոլորը քաջալերվեցին, ու իրենք էլ սնվեցին։