Գործք Առաքելոց 28:1-14

Գործք Առաքելոց 28:1-14 ՆՎԱԱ

Երբ փրկվեցինք, այն ժամանակ իմացանք, որ այդ կղզու անունը Մելիտե էր։ Տեղացիները մեր հանդեպ բացառիկ մարդասիրություն ցույց տվեցին. խարույկ վառեցին, մեզ բոլորիս ընդունեցին, քանի որ անձրև էր ու ցուրտ։ Երբ Պողոսը շատ չոր փայտեր էր հավաքել և կրակի վրա էր դնում, տաքությունից մի իժ դուրս եկավ ու նրա ձեռքից կախվեց։ Երբ տեղացիները տեսան նրա ձեռքից կախված սողունին, միմյանց ասացին. «Այս մարդը հաստատ մարդասպան է, որ ծովից փրկվեց, բայց արդարությունը նրան չթողեց, որ ապրի»։ Պողոսը սողունին կրակի մեջ թափ տվեց, և իրեն ոչ մի վատ բան չպատահեց։ Իսկ նրանք սպասում էին, որ նա կուռչի կամ հանկարծակի մեռած կընկնի։ Երբ շատ սպասեցին ու տեսան, որ նրան ոչ մի վնաս չեղավ, իրենց կարծիքը փոխեցին և ասացին. «Սա մի աստված է»։ Այդ տեղի շրջակայքում գտնվում էին կղզու Պոպլիոս անունով գլխավորի գյուղերը։ Նա մեզ երեք օրով սիրով իր մոտ ընդունեց։ Այնպես եղավ, որ Պոպլիոսի հայրը ջերմով ու արյունալուծից հիվանդացել, պառկել էր։ Պողոսը նրա մոտ մտավ, աղոթեց, ձեռքերը դրեց նրա վրա ու բժշկեց նրան։ Երբ այս պատահեց, կղզում ապրող ուրիշ հիվանդներ էլ գալիս էին և բժշկվում։ Նրանք մեծ հանդիսավորությամբ մեզ պատվեցին, և երբ մեկնում էինք, ինչ որ պետք էր, տվեցին։ Երեք ամիս հետո բարձրացանք մի նավ, որ ձմեռել էր այդ կղզում։ Այն ալեքսանդրիական էր և դիոսկուրյանների նշանն ուներ։ Սիրակուսա իջնելով՝ երեք օր այնտեղ մնացինք։ Այնտեղից պտույտ գործելով՝ հասանք Ռեգիոն։ Երբ մեկ օր հետո հարավի քամին փչեց, երկու օրում հասանք Պոտիոլոս, որտեղ և գտանք եղբայրների, որոնք խնդրեցին, որ յոթ օր իրենց մոտ մնանք։ Այնուհետև եկանք Հռոմ։