Գործք Առաքելոց 5

5
Անանիայի և Սափիրայի կեղծիքը
1Անանիա անունով մի մարդ իր կնոջ՝ Սափիրայի հետ մի ագարակ վաճառեց 2և դրա գումարի մի մասը կնոջ իմացությամբ թաքցրեց, իսկ մյուս մասը բերեց, առաքյալների տրամադրության տակ դրեց։ 3Պետրոսն ասաց. «Անա՛նիա, ինչո՞ւ սատանան քո սիրտը լցրեց, որ դու Սուրբ Հոգուն ստես և ագարակի գումարից թաքցնես։ 4Չէ՞ որ քանի դեռ այն կար, քոնն էր, և վաճառելիս էլ կարող էիր գումարը քեզ պահել։ Ինչո՞ւ սրտիդ մեջ այդ բանը դրեցիր. դու ոչ թե մարդկանց ստեցիր, այլ Աստծուն»։ 5Եվ Անանիան, այս խոսքերը լսելով, ընկավ ու շունչը փչեց։ Եվ մեծ ահ պատեց բոլոր նրանց, ովքեր դա լսեցին։ 6Երիտասարդները վեր կացան, պատանեցին նրան և տարան թաղեցին։
7Շուրջ երեք ժամ անց նրա կինը, որ չգիտեր տեղի ունեցածի մասին, ներս մտավ։ 8Պետրոսը նրան ասաց. «Ասա՛ ինձ, ագարակն այսքանո՞վ վաճառեցիք»։ Նա ասաց. «Այո՛, այդքանով»։ 9Պետրոսը նրան ասաց. «Ինչո՞ւ միաբանվեցիք՝ Տիրոջ Հոգին փորձելու։ Ահա ամուսնուդ թաղողների ոտքերը դռան մոտ են և քեզ էլ դուրս կհանեն»։ 10Եվ նա իսկույն ընկավ նրա ոտքերի առաջ ու շունչը փչեց։ Ներս մտնելով՝ երիտասարդները նրան մեռած գտան և դուրս հանելով՝ իր ամուսնու մոտ թաղեցին։ 11Եվ մեծ ահ պատեց ամբողջ եկեղեցուն և բոլոր նրանց, ովքեր այս լսեցին։
Բազում նշաններ և զարմանալի գործեր
12Առաքյալների ձեռքով ժողովրդի մեջ շատ նշաններ ու հրաշքներ էին կատարվում, և բոլորը համախմբված՝ Սողոմոնի սրահում էին։ 13Ուրիշներից ոչ ոք չէր համարձակվում նրանց հարել, բայց ժողովուրդը նրանց մեծարում էր։ 14Եվ ավելի ու ավելի էր շատանում Տիրոջը հավատացող տղամարդկանց ու կանանց բազմությունը, 15այն աստիճան, որ հիվանդներին հրապարակներն էին հանում և իրենց պատգարակներով ու մահիճներով այնտեղ էին դնում, որպեսզի Պետրոսի անցնելու ժամանակ գոնե նրա ստվերը դրանցից մեկին հասներ։ 16Եվ շրջակա քաղաքներից բազմությունը հավաքվում էր Երուսաղեմում. բերում էին հիվանդների ու պիղծ ոգիներից տառապողների, որոնք բոլորն էլ բժշկվում էին։
Հալածանք և ձերբակալություն
17Բայց քահանայապետը և բոլոր նրանք, ովքեր նրա հետ էին ու սադուկեցիների աղանդից, նախանձով լցվեցին։ 18Եվ ձերբակալեցին առաքյալներին ու նրանց հրապարակայնորեն բանտ նետեցին։ 19Բայց Տիրոջ հրեշտակը, գիշերով բանտի դռները բացելով, նրանց դուրս հանեց և ասաց. 20«Գնացե՛ք, տաճարի մե՛ջ կանգնեք և կյանքի այս բոլոր խոսքերը ժողովրդի՛ն հաղորդեք»։ 21Եվ երբ լսեցին, առավոտյան տաճար մտան և ուսուցանում էին։ Եկավ քահանայապետը, և նրանք, որ իր հետ էին, և իսրայելացի ամբողջ ծերակույտի հետ ժողով գումարեցին ու մարդ ուղարկեցին բանտ՝ նրանց բերելու։ 22Երբ սպասավորները եկան, բանտում նրանց չգտան. վերադարձան, պատմեցին 23ու ասացին. «Բանտն ամենայն ապահովությամբ փակված գտանք, իսկ պահապաններին՝ դռան մոտ կանգնած, բայց երբ բաց արեցինք, ներսում ոչ ոքի չգտանք»։ 24Երբ քահանայապետն ու տաճարի պահակապետն այս խոսքերը լսեցին, նրանց վրա զարմացան, թե այդ ի՛նչ պետք է եղած լիներ։ 25Եվ մեկը եկավ, նրանց պատմեց. «Ահա այն մարդիկ, որոնց բանտ էիք դրել, տաճարում կանգնած, ժողովրդին են ուսուցանում»։ 26Այդ ժամանակ պահակապետը սպասավորների հետ գնաց և նրանց առանց բռնության բերեց, որովհետև վախենում էին ժողովրդից, որ չքարկոծվեն։
Ատյանի առաջ
27Երբ նրանց բերեցին, ատյանում կանգնեցրին։ Քահանայապետը նրանց հարցրեց 28ու ասաց. «Ձեզ խստիվ չպատվիրեցի՞նք, որ այդ անունով չուսուցանեք։ Ահա Երուսաղեմը ձեր ուսմունքով լցրիք և ուզում եք այդ մարդու արյունը մեզ վրա գցել»։ 29Պետրոսն ու առաքյալները պատասխանեցին և ասացին. «Պետք է առավել Աստծուն հնազանդվել, քան մարդկանց։ 30Մեր հայրերի Աստվածը հարություն տվեց Հիսուսին, որին դուք փայտից կախելով սպանեցիք։ 31Աստված իր աջով նրա՛ն որպես Առաջնորդ ու Փրկիչ բարձրացրեց, որպեսզի Իսրայելին ապաշխարություն և մեղքերի թողություն տա։ 32Եվ մենք նրա այս խոսքերի վկան ենք, ինչպես նաև Սուրբ Հոգին, որ Աստված տվեց իրեն հնազանդվողներին»։
33Երբ նրանք այս լսեցին, խիստ զայրացան և խորհում էին նրանց սպանելու մասին։
Գամաղիելի միջամտությունը
34Բայց ատյանում վեր կացավ Գամաղիել անունով մի փարիսեցի, որն օրենքի ուսուցիչ էր՝ ամբողջ ժողովրդի կողմից պատվված, և հրամայեց, որ առաքյալներին կարճ ժամանակով դուրս հանեն։ 35Եվ նրանց ասաց. «Ո՛վ իսրայելացիներ, զգո՛ւյշ եղեք, թե ի՛նչ եք անելու այս մարդկանց հետ։ 36Որովհետև օրեր առաջ ելավ Թևդասը՝ իրեն երևելի մեկը ցույց տալով, և նրան շուրջ չորս հարյուր մարդ հարեց. ինքն սպանվեց, իսկ նրա համախոհները բաժան-բաժան եղան, և ոչ ոք չմնաց։ 37Նրանից հետո մարդահամարի օրերին գալիլեացի Հուդան ելավ և իր հետևից շատ մարդկանց տարավ. նա ևս կորստյան մատնվեց, իսկ նրա համախոհները ցիրուցան եղան։ 38Եվ հիմա ասում եմ ձեզ. այդ մարդկանցից հեռո՛ւ մնացեք և թողե՛ք նրանց, որովհետև եթե այդ խորհուրդը կամ այդ գործը մարդկանցից է, կքանդվի, 39բայց եթե Աստծուց է, չեք կարող քանդել. միգուցե աստվածամարտ էլ դառնաք»։ Նրանք հավանություն տվեցին նրան 40և կանչեցին առաքյալներին, ծեծեցին ու պատվիրեցին, որ Հիսուսի անունով չխոսեն, և նրանց արձակեցին։ 41Իսկ նրանք ուրախանալով գնացին ատյանից, որովհետև նրա անվան համար էին անարգանքի արժանացել։ 42Եվ ամեն օր չէին դադարում տաճարում ու տներում ուսուցանել և Հիսուս Քրիստոսի մասին ավետարանել։

Արդեն Ընտրված.

Գործք Առաքելոց 5: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք