Կողոսացիներին 1
1
Ուղերձ և ողջույն
1Պողոսը՝ Հիսուս Քրիստոսի առաքյալ Աստծու կամքով, և Տիմոթեոս եղբայրը՝ 2Կողոսայում Քրիստոսով եղող սրբերին ու հավատացյալ եղբայրներին. Աստծուց՝ մեր Հորից, ու Տեր Հիսուս Քրիստոսից շնորհ ձեզ և խաղաղություն։
Շնորհակալության աղոթք
3Գոհություն ենք հայտնում Աստծուն և մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հորը՝ ամեն ժամ ձեզ համար աղոթելով, 4երբ լսեցինք Հիսուս Քրիստոսի և բոլոր սրբերի հանդեպ ձեր ունեցած հավատի և սիրո մասին, 5այն հույսի համար, որ ձեզ համար պահվում է երկնքում, որի մասին նախապես լսեցիք Ավետարանի ճշմարիտ խոսքով, 6որ հասավ ձեզ և աճում ու պտղաբերում է ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ ձեր մեջ այն օրից ի վեր, երբ լսեցիք ու Աստծու շնորհը ճշմարտորեն ճանաչեցիք, 7ինչպես որ սովորեցիք Եպափրասից՝ մեր սիրելի ծառայակցից, որը ձեզ համար Քրիստոսի հավատարիմ սպասավորն է։ 8Նա մեզ պատմեց հոգով ունեցած ձեր սիրո մասին։
9Դրա համար մենք էլ այն օրից, երբ լսեցինք, չենք դադարում ձեզ համար աղոթելուց և աղաչելուց, որպեսզի լցվեք նրա կամքի գիտությամբ, ամեն իմաստությամբ ու հոգևոր իմաստությամբ, 10որպեսզի դուք ընթանաք, ինչպես արժանի է Տիրոջը՝ ամեն բանում նրան հաճելի լինելով, ամեն բարի գործով պտղաբեր լինեք և Աստծու գիտությամբ աճեք. 11նրա փառքի զորությամբ ամբողջովին զորացած՝ ամեն համբերություն և համառություն կցուցաբերեք հալածանքների հանդեպ ուրախությամբ, 12գոհություն մատուցելով Հորը, որ մեզ արժանացրեց մասնակից լինելու սրբերին բաժին հասած ժառանգությանը լույսի մեջ, 13որը մեզ խավարի իշխանությունից ազատեց ու մեզ իր սիրելի Որդու արքայության մեջ փոխադրեց, 14որի միջոցով ունենք փրկություն՝ մեղքերի թողություն։
Օրհներգություն Քրիստոսին
15Նա աներևույթ Աստծու պատկերն է՝ բոլոր արարածներից առաջ ծնված, 16որովհետև նրանով ստեղծվեց ամեն բան՝ ինչ երկնքում է ու երկրի վրա. այն, ինչ երևում է և չի երևում՝ թե՛ գահերը, թե՛ տերությունները, թե՛ պետությունները, թե՛ իշխանությունները։ Ամեն ինչ նրա միջոցով ու նրա համար ստեղծվեց։ 17Նա է ամեն ինչից առաջ, ու ամեն ինչ նրանով է իր տեղում։ 18Եվ նա է մարմնի, այսինքն՝ եկեղեցու գլուխը. նա է սկիզբը, մեռելներից անդրանիկը, որպեսզի ամեն բանում նա լինի առաջինը։ 19Որովհետև հաճելի եղավ Աստծուն, որ նրա ամբողջ լիությունը նրա մեջ բնակվի, 20և նրանով ամեն բան հաշտեցնի իր հետ՝ խաղաղություն հաստատելով խաչի վրա նրա արյամբ թե՛ երկրի վրա, թե՛ երկնքում։
21Եվ ձեզ էլ, որ մի ժամանակ օտարացած էիք ու թշնամի ձեր մտադրությունը ցույց տվող չար գործերով, 22հիմա որպես մարդ իր մարմնով մեռնելով՝ հաշտեցրեց, որպեսզի ձեզ սուրբ, անբիծ ու անմեղադրելի ներկայացնի նրա առաջ, 23որպեսզի հավատի մեջ հիմնավոր ու հաստատուն մնաք՝ առանց կտրվելու Ավետարանի հույսից, որ լսեցիք, որ երկնքի տակ եղող բոլոր արարածներին քարոզվեց, և որին ես՝ Պողոսս, սպասավոր դարձա։
Պողոսի ստանձնած առաքելությունը
24Հիմա ուրախ եմ իմ չարչարանքների մեջ, որ կրում եմ ձեզ համար, և իմ մարմնի մեջ լրացնում եմ Քրիստոսի նեղությունների պակասը՝ հօգուտ նրա մարմնի, որ եկեղեցին է, 25որի սպասավորը եղա ես ըստ Աստծու այն տնտեսության, որ ինձ տրված է՝ ձեզ Աստծու խոսքը քարոզելու, 26այն խորհուրդը, որ ծածկված էր դարեր և սերունդներ շարունակ, իսկ հիմա հայտնվեց իր սրբերին։ 27Աստված կամեցավ ցույց տալ նրանց, թե ի՛նչ է այս խորհրդի փառավոր ճոխությունը հեթանոսների մեջ, որ է Քրիստոսը ձեր մեջ, այն փառքի հույսը, 28որ մենք քարոզում ենք՝ ամեն մարդու խրատելով և ամեն մարդու ուսուցանելով ամենայն իմաստությամբ, որպեսզի ամեն մարդու կատարյալ դարձնենք Քրիստոս Հիսուսով։ 29Դրա համար էլ աշխատում եմ՝ պայքարելով նրա ուժի չափով, որ զորությամբ գործում է իմ մեջ։
Արդեն Ընտրված.
Կողոսացիներին 1: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018