Կողոսացիներին 3:5-17

Կողոսացիներին 3:5-17 ՆՎԱԱ

Ուրեմն սպանե՛ք այն, ինչ ձեզ է պատկանում երկրի վրա. պոռնկությունը, պղծությունը, կիրքը, չար ցանկությունն ու ագահությունը, որ կռապաշտություն է, որոնց պատճառով Աստծու բարկությունը գալիս է անհնազանդության որդիների վրա. դուք էլ մի ժամանակ ընթանում էիք դրանց մեջ, երբ ապրում էիք դրանցով։ Բայց հիմա դո՛ւք էլ դեն նետեք այդ ամենը՝ բարկությունը, զայրույթը, չարությունը, հայհոյությունը, ամոթալի խոսքերը ձեր բերանից։ Մի՛ ստեք միմյանց. հանե՛ք ձեր վրայից հին մարդուն իր գործերով հանդերձ և նո՛րը հագեք, որ գիտությամբ նորոգված է ըստ իր արարչի պատկերի։ Այստեղ չկա ո՛չ հույն և ո՛չ հրեա, ո՛չ թլփատություն և ո՛չ անթլփատություն, բարբարոս, սկյութացի, ծառա, ազատ, այլ Քրիստոսն է ամենը և ամենի մեջ։ Ուրեմն, ինչպես Աստծու ընտրյալներ՝ սրբեր ու սիրելիներ, հագե՛ք գութ, ողորմություն, քաղցրություն, խոնարհություն, հեզություն, համբերատարություն՝ միմյանց հանդուրժելով ու ներելով, եթե մեկը մյուսի դեմ տրտունջ ունենա։ Ինչպես Տերը ձեզ ներեց, այնպես էլ՝ դուք։ Եվ այս ամենի վրա սե՛րը հագեք, որ կատարելության կապն է։ Եվ Քրիստոսի խաղաղությունը թող իշխի ձեր սրտերում, որի մեջ և կանչվեցիք մեկ մարմնով, ու գոհացո՛ղ եղեք։ Քրիստոսի խոսքը թող առատապես բնակվի ձեր մեջ, ամենայն իմաստությամբ միմյանց ուսուցանե՛ք ու խրատե՛ք, ձեր սրտերում երախտագիտությամբ օրհնե՛ք Տիրոջը սաղմոսներով, օրհնություններով ու հոգևոր երգերով։ Եվ ամենը, ինչ էլ որ անեք՝ խոսքով կամ գործով, ամեն բան Տեր Հիսուսի անունո՛վ արեք՝ նրա միջոցով գոհություն հայտնելով Աստծուն և Հորը։