Ասուերոսի որդի Դարեհի առաջին տարում, որ մարերի սերնդից էր և թագավոր կարգվեց քաղդեացիների թագավորության վրա, ես՝ Դանիելս, նրա թագավորության առաջին տարում Գրքերից հասկացա այն տարիների թիվը, որոնց համար Տիրոջ խոսքն էր հասել Երեմիա մարգարեին, թե յոթանասուն տարուց պիտի ավարտեր Երուսաղեմի ավերումները։
Եվ ես իմ երեսը դեպի Տեր Աստված դարձրի, որպեսզի ծոմապահությամբ, քուրձով ու մոխիրով աղոթք ու աղաչանք մատուցեմ։ Ես աղոթեցի Տիրոջը՝ իմ Աստծուն, խոստովանեցի և ասացի. «Օ՜հ, Տե՜ր, մեծ և ահարկո՛ւ Աստված, որ ուխտ և ողորմություն ես պահում քեզ սիրողների և հրամաններդ պահողների համար։ Մենք մեղանչեցինք և անօրենություն գործեցինք, ամբարիշտ եղանք ու ըմբոստացանք և խոտորեցինք քո հրամաններից և պատվիրաններից. չլսեցինք քո ծառաներին՝ մարգարեներին, որոնք քո անունից խոսեցին մեր թագավորների, մեր իշխանավորների և մեր հայրերի հետ և երկրի ամբողջ ժողովրդի հետ։ Ո՜վ Տեր, քոնն է արդարությունը, իսկ մերը՝ երեսի ամոթը, ինչպես որ այսօր է, Հուդայի մարդկանց և Երուսաղեմի բնակիչներին, բոլոր իսրայելացիներին մերձավոր ու հեռավոր այն բոլոր երկրներում, ուր նրանց աքսորել ես այն անհավատարմության համար, որ գործեցին քո դեմ։ Տե՛ր, մերն է երեսի ամոթը, մեր թագավորներինը, մեր իշանավորներինը և մեր հայրերինը, որովհետև մեղանչեցինք քո դեմ։ Մեր Տեր Աստծունն են ողորմությունը և ներողամտությունը, որովհետև մենք ապստամբեցինք նրա դեմ և չլսեցինք մեր Տեր Աստծու ձայնը, որպեսզի գնայինք նրա օրենքներով, որոնք նա մեր առաջ դրեց իր ծառաների՝ մարգարեների միջոցով։