Բ ՕՐԵՆՔ 14

14
Զգուշացում ցուցադրական սգից
1«Դուք ձեր Տեր Աստծու որդիներն եք։ Մեռելի համար ձեր մարմնի վրա կտրվածքներ չանեք և ձեր աչքերի մեջտեղի մազերը չպոկեք#14.1 Կամ ձեր ճակատի մազերը չածիլեք։. 2որովհետև դու քո Տեր Աստծու համար սուրբ ժողովուրդ ես։ Տերը քե՛զ ընտրեց երկրի վրա եղած բոլոր ժողովուրդների միջից, որպեսզի իր համար սեփական ժողովուրդ լինես։
Մաքուր և անմաքուր կենդանիներ
(Ղևտ. 11.1-47)
3Ոչ մի պիղծ բան չուտեք։
4Սրանք են այն անասունները, որ կարող եք ուտել. արջառը, ոչխարը և այծը, 5եղջերուն, այծյամը, վիթը, իշայծյամը, այծքաղը, վայրի այծը և ընձուղտը։ 6Կուտեք այն բոլոր անասունները, որոնք կճղակաբաշխ են, այսինքն՝ կճղակը երկու մասի ճեղքված, և որոճացող։ 7Իսկ որոճացող կամ կճղակը ճեղքված անասուններից մի՛ կերեք հետևյալները՝ ուղտը, նապաստակը և ճագարը, որովհետև դրանք թեև որոճում են, բայց դրանց կճղակը ճեղքված չէ. դրանք ձեզ համար անմաքուր են։ 8Խոզը, որ թեև ճեղքված կճղակ ունի, բայց չի որոճում, նա ձեզ համար անմաքուր է. դրանց մսից չուտեք և դրանց դիակներին չդիպչեք։
9Ջրերում գտնվող բոլոր կենդանիներից կարող եք ուտել հետևյալները. կուտեք բոլոր լողակ ու թեփուկ ունեցողները։ 10Բայց մի՛ կերեք բոլոր լողակ ու թեփուկ չունեցողները. դրանք ձեզ համար անմաքուր են։
11Ամեն մաքուր թռչուն կերե՛ք։ 12Սրանք են այն թռչունները, որ չպետք է ուտեք. արծիվը, պասկուճը և գետարծիվը, 13անգղը, ցինը, ուրուրը և ինչ որ դրան ցեղակից է, 14ագռավը և ինչ որ դրան ցեղակից է, 15ջայլամը, բուն, որորը, բազեն և ինչ որ դրան ցեղակից է, 16հավպատիրը, քաջահավը, կարապը, 17հավալուսնը, սև անգղը, հողամաղը, 18արագիլը, քարադրը և ինչ որ դրան ցեղակից է, հոպոպը և չղջիկը։ 19Թռչող բոլոր զեռունները ձեզ համար պիղծ լինեն. դրանք չպետք է ուտել։ 20Կուտեք բոլոր մաքուր թռչունները։
21Սատկած ոչինչ չուտեք։ Այն կտաս քո քաղաքում գտնվող պանդուխտին, որ ուտի, կամ էլ կվաճառես օտարազգուն, որովհետև դու քո Տեր Աստծու համար սուրբ ժողովուրդ ես։
Ուլը իր մոր կաթի մեջ չեփես։
Տասանորդի օրենքը
22Ամեն տարի քո ցանած արտից դուրս ելած արմտիքներից անպատճառ տասանորդ կտաս։ 23Քո Տեր Աստծու առջև կուտես քո ցորենի, գինու և յուղի տասանորդը, քո արջառների և ոչխարների առաջնածիններն այն վայրում, որ նա կընտրի իր անվան բնակության համար, որպեսզի սովորես վախենալ քո Տեր Աստծուց ամեն ժամանակ։ 24Իսկ եթե ճանապարհը հեռու լինի քեզ համար, և չկարողանաս այնտեղ տանել տասանորդները այն պատճառով, որ քեզանից հեռու է այն վայրը, որ կընտրի քո Տեր Աստվածը՝ իր անունն այնտեղ դնելու համար, երբ քո Տեր Աստվածը կօրհնի քեզ, 25այն ժամանակ դրանք կփոխանակես փողով և այդ փողը վերցնելով ձեռքդ՝ կգնաս այն վայրը, որ կընտրի քո Տեր Աստվածը։ 26Եվ այդ փողով կգնես այն ամենը, ինչ սիրտդ կկամենա՝ արջառներ կամ ոչխարներ, գինի կամ ոգելից խմիչք, ամեն ինչ, որ սիրտդ կուզի. այնտեղ՝ քո Տեր Աստծու առջև, կուտես և կուրախանաս դու և քո ընտանիքը։ 27Աչքաթող չանես քո քաղաքում գտնվող ղևտացուն, որովհետև նա քեզ հետ բաժին ու ժառանգություն չունի։
28 Ամեն երեք տարվա վերջում դուրս կհանես նույն տարվա քո բերքի ամբողջ տասանորդը և կդնես քո քաղաքում։ 29Կգան քեզ հետ բաժին ու ժառանգություն չունեցող ղևտացին, քո քաղաքում գտնվող օտարականը, որբն ու որբևայրին, կուտեն ու կկշտանան, որպեսզի քո Տեր Աստվածը օրհնի քեզ քո ձեռքի բոլոր գործերում»։

Արդեն Ընտրված.

Բ ՕՐԵՆՔ 14: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք