Բ ՕՐԵՆՔ 30
30
Վերահաստատության և օրհնության պայմաններ
1«Երբ քեզ վրա հասնեն այս բոլոր բաները՝ թե՛ օրհնությունը և թե՛ անեծքը, որ դնում եմ քո առաջ, և դրանք մտաբերես այն բոլոր ազգերի մեջ, ուր քո Տեր Աստվածը քշել է քեզ, 2և եթե դառնաս դեպի քո Տեր Աստվածը, դու և քո որդիները, ու հնազանդվես նրա խոսքին քո ամբողջ սրտով և քո ամբողջ հոգով, ինչպես որ ես պատվիրեցի քեզ այսօր, 3ապա քո Տեր Աստվածն էլ քեզ կվերադարձնի գերությունից, քեզ կողորմի և դարձյալ կհավաքի քեզ այն բոլոր ազգերի միջից, ուր քո Տեր Աստվածը ցրել էր քեզ։ 4Եթե դու մինչև երկնքի ծայրն էլ քշված լինես, քո Տեր Աստվածը քեզ այնտեղից էլ կհավաքի և այնտեղից էլ կվերցնի քեզ։ 5Քո Տեր Աստվածը քեզ կբերի քո հայրերի ժառանգած երկիրը, և դու կժառանգես այն. նա քեզ բարություն կանի և քո հայրերից ավելի կբազմացնի քեզ։ 6Քո Տեր Աստվածը կթլփատի քո սիրտը և քո որդիների սիրտը, որպեսզի քո ամբողջ սրտով ու քո ամբողջ հոգով սիրես քո Տեր Աստծուն, որպեսզի ապրես։ 7Քո Տեր Աստվածը այս բոլոր անեծքները կթափի քո թշնամիների, քեզ ատողների և հալածողների վրա։ 8Իսկ դու դարձյալ կվերադառնաս դեպի Տերն ու կհնազանդվես նրա խոսքին, կկատարես նրա բոլոր պատվիրանները, որոնք ես այսօր պատվիրում եմ քեզ։ 9Քո Տեր Աստվածը կառատացնի քո ձեռքի բոլոր գործերը, քո որովայնի պտուղը, քո անասունների պտուղը և քո երկրի պտուղը, որովհետև Տերը դարձյալ կուրախանա՝ քեզ բարգավաճ անելով, ինչպես որ ուրախացավ քո հայրերի վրա, 10եթե դու հնազանդվես քո Տեր Աստծու ձայնին և պահես այս օրենքի գրքում գրված նրա պատվիրաններն ու կանոնները և քո ամբողջ սրտով ու քո ամբողջ հոգով դառնաս դեպի քո Տեր Աստվածը։
11Որովհետև այս պատվիրանը, որ ես այսօր պատվիրում եմ քեզ, դժվար չէ քեզ համար և հեռու չէ։ 12Նա երկնքում չէ, որ ասես, թե՝ “Ո՞վ երկինք կելնի մեզ համար և այն կբերի մեզ, որպեսզի լսենք ու կատարենք այն”։ 13Եվ ծովի այն կողմում էլ չէ, որ ասես, թե՝ “Մեզ համար ո՞վ կանցնի ծովի այն կողմը և կբերի մեզ համար, որ լսենք նրան և անենք”։ 14Այդ խոսքը քեզ շատ մոտիկ է, քո բերանում է, քո սրտում, որպեսզի դու այն կատարես։
15Տե՛ս, ես այսօր քո առջև եմ դնում կյանքն ու բարին, մահն ու չարը. 16ես այսօր քեզ պատվիրում եմ, որ սիրես քո Տեր Աստծուն, ընթանաս նրա ճանապարհներով, պահես նրա պատվիրանները, նրա կանոններն ու հրամանները, որպեսզի ապրես ու բազմանաս, և քո Տեր Աստվածը քեզ օրհնի այն երկրում, ուր դու գնում ես այն ժառանգելու համար։ 17Բայց եթե քո սիրտը հետ դառնա, և չլսես, այլ մոլորվելով ուրիշ աստվածների երկրպագություն անես ու պաշտես դրանց, 18ապա ես այսօր ասում եմ ձեզ, որ անպատճառ կկորչեք, երկար կյանք չեք ունենա այն երկրում, ուր դուք, Հորդանան գետն անցնելով, գնում եք այն ժառանգելու համար։ 19Այսօր երկինքն ու երկիրը վկա եմ կանչում ձեր դեմ. ձեր առջև դրեցի կյանքն ու մահը, օրհնությունն ու անեծքը։ Ուրեմն ընտրի՛ր կյանքը, որպեսզի ապրես դու և քո սերունդը, 20որպեսզի սիրես քո Տեր Աստծուն, հնազանդվես նրա ձայնին, նրան հարես, որովհետև նա է քո կյանքը և քո օրերի երկարությունը, որպեսզի բնակվես այն երկրում, որ Տերը երդվեց քո հայրերին՝ Աբրահամին, Իսահակին և Հակոբին, որ կտա նրանց»։
Արդեն Ընտրված.
Բ ՕՐԵՆՔ 30: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018