Բ ՕՐԵՆՔ 33

33
Մովսեսն օրհնում է Իսրայելի ցեղերին
1Այս է այն օրհնությունը, որով Մովսեսը՝ Աստծու մարդը, օրհնեց Իսրայելի որդիներին իր մեռնելուց առաջ։
2Նա ասաց.
«Տերը եկավ Սինայից,
Սեիրից երևաց նրանց,
Փայլեց Փառանի լեռից
Ու եկավ բյուրավոր սրբերով։
Իր աջ ձեռքում՝ օրենքի կրակը նրանց համար։
3Այո՛, նա սիրում է ժողովուրդներին.
Նրա բոլոր սրբերը քո ձեռքին են.
Նրանք նստում են քո ոտքերի մոտ՝
Քո խոսքերն ընդունելու համար։
4Մովսեսը տվեց մեզ օրենքը,
Որը Հակոբի ժողովրդի ամենաարժեքավոր ձեռքբերումն է։
5Եսուրունի մեջ Տերը թագավոր եղավ.
Երբ ժողովրդի գլխավորները հավաքվեցին
Իսրայելի ցեղերի հետ միասին։
6Ռուբենն ապրի ու չմեռնի,
Նրա ժողովուրդը բազմաքանակ լինի»։
7Հուդայի մասին այս ասաց.
«Լսի՛ր, ո՛վ Տեր, Հուդայի ձայնը
Եվ տա՛ր նրան իր ժողովրդի մոտ.
Նրա ձեռքերը բավական են իրեն,
Դու օգնակա՛ն եղիր նրա թշնամիների դեմ»։
8Ղևիի մասին ասաց.
«Թումիմդ ու Ուրիմդ քո բարեպաշտ մարդու հետ լինի,
Որին դու փորձեցիր Մասսայում
Եվ Մերիբայի ջրերի մոտ դու վիճեցիր նրա հետ։
9Նա, որ իր հոր ու մոր մասին ասաց.
“Ես չտեսա նրանց”։
Նա իր եղբայրներին չճանաչեց
Ու իր որդիներին անտեսեց.
Որովհետև նրանք հետևեցին քո խոսքին
Եվ քո ուխտը պահեցին։
10Քո հրամանները սովորեցնում են Հակոբին
Եվ քո օրենքը՝ Իսրայելին։
Քո առաջ խունկ կմատուցեն
Եվ քո զոհասեղանի վրա՝ ողջակեզ։
11Տե՛ր, օրհնի՛ր նրա զորությունը,
Ընդունի՛ր նրա ձեռքի գործերը,
Փշրի՛ր նրա հակառակորդների մեջքը,
Որպեսզի նրան ատողներն այլևս ոտքի չկանգնեն»։
12Բենիամինի մասին ասաց.
«Տիրոջ սիրելին ապահով բնակվի նրա մոտ.
Միշտ պաշտպանում է նրան
Եվ բնակվում նրա ուսերի միջև»։
13Հովսեփի մասին ասաց.
«Նրա երկիրը Տիրոջից օրհնված լինի
Երկնքի ընտիր պարգևներով, ցողով,
Ներքևում գտնվող անդունդների պարգևներով,
14Արեգակից առաջ եկած ընտիր բերքով,
Ամեն ամսի ընտիր արդյունքներով,
15Հինավուրց սարերի ընտիր պտուղներով,
Մշտնջենական բլուրների ընտիր արտադրանքով
16Եվ երկրի լիառատ, ընտիր արտադրանքով։
Մորենու մեջ բնակվողի բարեհաճությամբ
Թող իջնի Հովսեփի գլխին՝
Իր եղբայրների մեջ երևելի եղողի գագաթին։
17Նա գեղեցիկ է ցուլի առաջնեկի նման,
Նրա եղջյուրները նման են միեղջերուի եղջյուրների.
Դրանցով նա կհարվածի բոլոր ժողովուրդներին
Մինչև երկրի ծայրերը։
Սրանք են Եփրեմի բյուրավորները
Եվ Մանասեի հազարավորները»։
18Զաբուղոնի մասին ասաց.
«Ուրախացի՛ր, Զաբուղո՛ն, քո դուրս գալու ժամանակ,
Եվ դու, Իսաքա՛ր, քո վրաններում։
19Ժողովուրդներին լեռն են հրավիրում,
Արդարության զոհեր են մատուցում այնտեղ,
Որովհետև նրանք պիտի ծծեն ծովերի հարստությունը
Եվ ավազի մեջ թաքնված գանձերը»։
20Գադի մասին ասաց.
«Օրհնված է Գադի երկիրն ընդարձակողը.
Մատակ առյուծի նման նստել է նա
Եվ գիշատում է թևերն ու գլուխը։
21Նա տեսավ երկրի առաջին մասն իրեն հարմար,
Որովհետև այնտեղ որոշվեց իշխանի տված բաժինը.
Նա եկավ ժողովրդի գլխավորների հետ,
Գործադրեց Տիրոջ արդարությունն
Ու նրա հրամաններն Իսրայելի հանդեպ»։
22Դանի մասին ասաց.
«Դանը առյուծի ձագ է.
Բասանից է դուրս թռչում»։
23Նեփթաղիմի մասին ասաց.
«Նեփթաղիմը, շնորհով հագեցած
Եվ լցված Տիրոջ օրհնությամբ,
Պիտի ժառանգի արևմուտքն ու հարավը»։
24Ասերի մասին ասաց.
«Ասերն օրհնված է որդիների մեջ.
Նա իր եղբայրներին հաճո լինի,
Իր ոտքը թաթախի յուղի մեջ։
25Քո նիգերը#33.25 Կամ կոշիկները։ երկաթե և պղնձե լինեն,
Եվ քո ուժը քո օրերի չափ լինի։
26Եսուրունի Աստծու նմանը չկա.
Նա նստած է երկնքում և ամպերի վրա՝ իր մեծ վայելչությամբ,
Որպեսզի օգնության հասնի քեզ։
27Հավիտենական Աստվածն ապավեն է,
Դու հավիտենական բազուկների տակ ես.
Նա քո առջևից կքշի քո թշնամիներին
Եվ կասի՝ ոչնչացրո՛ւ։
28Իսրայելը կբնակվի ապահով ու առանձին,
Հակոբի աղբյուրը՝ առանձին
Ցորենի ու գինու երկրում,
Որի երկնքից ցող կկաթի։
29Երանի՜ քեզ, Իսրայե՛լ, ո՞վ է քեզ նման,
Տիրոջ ձեռքով փրկվա՛ծ ժողովուրդ.
Նա՛ է վահանը քո օգնության
Եվ սուրը քո հաղթանակի։
Քո թշնամիները պիտի շողոքորթեն քեզ,
Եվ դու պիտի կոխոտես նրանց բարձր վայրերը»։

Արդեն Ընտրված.

Բ ՕՐԵՆՔ 33: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք