ԵԼՔ 10:21-27

ԵԼՔ 10:21-27 ՆՎԱԱ

Տերն ասաց Մովսեսին. «Մեկնի՛ր ձեռքդ դեպի երկինք, որպեսզի խավար լինի Եգիպտոսի վրա, շոշափելի խավար»։ Մովսեսն իր ձեռքը մեկնեց դեպի երկինք, և Եգիպտոսի ամբողջ երկրի վրա երեք օր թանձր խավար եղավ։ Մարդ մարդու չէր տեսնում. երեք օր ոչ ոք իր տեղից վեր չկացավ։ Բայց Իսրայելի բոլոր որդիների համար իրենց բնակավայրերում լույս էր։ Փարավոնը կանչեց Մովսեսին և ասաց. «Գնացե՛ք և պաշտե՛ք Տիրոջը. թող մնան միայն ձեր հոտերն ու արջառները. ձեր ընտանիքներն էլ թող գնան ձեզ հետ»։ Մովսեսն ասաց. «Դու պետք է մեր ձեռքը զոհեր և ողջակեզներ էլ տաս, որպեսզի մատուցենք մեր Տեր Աստծուն։ Մեր հոտերն էլ մեզ հետ պիտի գնան. դրանցից մի կճղակ անգամ չպիտի մնա, որովհետև դրանցից ենք վերցնելու մեր Տեր Աստծուն զոհելու համար։ Մինչև այնտեղ գնալը մենք չգիտենք, թե ի՛նչ պիտի զոհենք Տիրոջը»։ Տերը կարծրացրեց փարավոնի սիրտը, և նա չկամեցավ արձակել նրանց։