ԵԼՔ 17:1-16

ԵԼՔ 17:1-16 ՆՎԱԱ

Իսրայելի որդիների ամբողջ բազմությունը, Տիրոջ խոսքի համաձայն, իր ճանապարհով մեկնեց Սին անապատից ու բնակություն հաստատեց Ռափիդիմում, որտեղ ժողովրդի համար խմելու ջուր չկար։ Ժողովուրդը վիճեց Մովսեսի հետ՝ ասելով. «Մեզ ջո՛ւր տվեք, որ խմենք»։ Մովսեսն ասաց նրանց. «Ի՞նչ եք ինձ հետ վիճում. ինչո՞ւ եք փորձում Տիրոջը»։ Ժողովուրդն այնտեղ ջրի ծարավից տրտնջաց Մովսեսի դեմ և ասաց. «Ինչո՞ւ մեզ հանեցիր Եգիպտոսից, որ ծարավից մեռցնես մեզ, մեր որդիներին ու հոտերին»։ Մովսեսն աղաղակեց Տիրոջը՝ ասելով. «Ի՞նչ անեմ այս ժողովրդին. քիչ է մնում, որ ինձ քարկոծեն»։ Տերն ասաց Մովսեսին. «Անցի՛ր ժողովրդի առաջ, վերցրո՛ւ քեզ հետ Իսրայելի ծերերից, ձեռքդ ա՛ռ քո գավազանը, որով հարվածեցիր գետին, և գնա՛։ Ահա այնտեղ՝ Քորեբի ժայռի վրա, կկանգնեմ քո առջև. դու կհարվածես ժայռին, դրանից ջուր դուրս կգա, և ժողովուրդը կխմի»։ Մովսեսն այդպես էլ արեց Իսրայելի ծերերի առաջ։ Նա այդ տեղի անունը Մասսա և Մերիբա դրեց Իսրայելի որդիների այնտեղ վիճելու և Տիրոջը փորձելու համար, որ ասացին. «Արդյոք Տերը մեր մե՞ջ է, թե՞ ոչ»։ Ամաղեկը եկավ և Ռափիդիմում պատերազմեց Իսրայելի դեմ։ Մովսեսն ասաց Հեսուին. «Մեզ համար մարդի՛կ ընտրիր և դո՛ւրս գնա պատերազմելու Ամաղեկի դեմ. վաղը ես կկանգնեմ բլրի գագաթին՝ Աստծու գավազանը ձեռքիս»։ Հեսուն արեց Մովսեսի ասածի պես և պատերազմեց Ամաղեկի դեմ։ Մովսեսը, Ահարոնը և Ովրը ելան բլրի գագաթը։ Երբ Մովսեսը վեր էր բարձրացնում իր ձեռքերը, հաղթում էին իսրայելացիները, իսկ հենց որ իջեցնում էր իր ձեռքերը, ամաղեկացիներն էին հաղթում։ Մովսեսի ձեռքերը հոգնությունից ծանրացան. նրանք մի քար առան և դրեցին նրա տակը։ Մովսեսը նստեց դրա վրա։ Ահարոնն ու Ովրը՝ մեկն այս կողմից, մյուսն այն կողմից, վեր պահեցին նրա ձեռքերը, և մինչև արեգակի մայր մտնելը նրա ձեռքերը հաստատուն մնացին։ Եվ Հեսուն սրի բերանով զարկեց Ամաղեկին ու նրա ժողովրդին։ Տերն ասաց Մովսեսին. «Սա գրի՛ առ գրքում որպես հիշատակ և հայտնի՛ր Հեսուին, որ ես ջնջելու եմ Ամաղեկի հիշատակը երկնքի տակ»։ Մովսեսը զոհասեղան շինեց և դրա անունը դրեց Եհովանիսի։ Եվ ասաց. «Որովհետև Տերը պատերազմ ունի Ամաղեկի դեմ սերնդից սերունդ»։