ԵԼՔ 19:1-25

ԵԼՔ 19:1-25 ՆՎԱԱ

Եգիպտոսի երկրից Իսրայելի որդիների դուրս գալուց հետո երրորդ ամսվա նույն օրը, նրանք եկան Սինայի անապատը, այսինքն՝ Ռափիդիմից ելան և եկան Սինայի անապատը և բանակատեղի հաստատեցին անապատում։ Իսրայելը բանակատեղի հաստատեց այնտեղ՝ լեռան դիմաց։ Մովսեսը գնաց դեպի վեր՝ Աստծու մոտ, և Տերը լեռան վրայից կանչեց նրան՝ ասելով. «Այսպե՛ս ասա Հակոբի տանը և հայտնի՛ր Իսրայելի որդիներին. “Դուք տեսաք, թե ինչ արեցի եգիպտացիներին և ձեզ արծվի թևերի վրա տանելով՝ բերեցի ինձ մոտ։ Հիմա եթե իսկապես լսեք իմ ձայնը և պահեք իմ ուխտը, այն ժամանակ դուք ինձ համար կլինեք սեփական ժողովուրդ բոլոր ազգերից, որովհետև իմն է ամբողջ երկիրը։ Դուք ինձ համար կլինեք քահանաների թագավորություն և սուրբ ազգ”։ Սրանք են այն խոսքերը, որ պետք է ասես Իսրայելի որդիներին»։ Մովսեսը եկավ, կանչեց ժողովրդի ծերերին և նրանց առաջ դրեց այն բոլոր խոսքերը, որ Տերը պատվիրել էր իրեն։ Ամբողջ ժողովուրդը միասին պատասխան տվեց և ասաց. «Տիրոջ բոլոր ասածները կանենք»։ Մովսեսը ժողովրդի խոսքերը հայտնեց Տիրոջը։ Տերն ասաց Մովսեսին. «Ահա ես քեզ մոտ կգամ թանձր ամպի մեջ, որպեսզի երբ խոսեմ քեզ հետ, ժողովուրդը լսի և հավատա քեզ հավիտյան»։ Մովսեսը ժողովրդի խոսքերը հայտնեց Տիրոջը։ Տերն ասաց Մովսեսին. «Գնա՛ ժողովրդի մոտ և սրբի՛ր նրանց այսօր և վաղը. թող լվանան իրենց հանդերձները։ Թող պատրաստ լինեն երրորդ օրվա համար, որովհետև երրորդ օրը Տերն ամբողջ ժողովրդի աչքի առաջ իջնելու է Սինա լեռան վրա։ Դու սահման կդնես ժողովրդի շուրջը՝ ասելով. “Զգուշացե՛ք լեռան վրա բարձրանալուց կամ դրա ծայրին դիպչելուց. ով որ դիպչի լեռանը, պիտի մեռնի։ Ձեռք չդիպչի դրան. դիպչողը անպատճառ կքարկոծվի կամ նետով կսպանվի. անասուն լինի, թե մարդ՝ չպիտի ապրի”։ Միայն երբ փողի ձայնը երկար հնչի, նրանք կարող են բարձրանալ լեռը»։ Մովսեսը լեռից իջավ դեպի ժողովուրդը և սրբեց ժողովրդին։ Նրանք լվացին իրենց հանդերձները։ Նա ասաց ժողովրդին. «Պատրա՛ստ եղեք երրորդ օրվա համար. կնոջ մի՛ մոտեցեք»։ Երրորդ օրը՝ առավոտը բացվելիս, որոտներ ու կայծակներ եղան, և մի թանձր ամպ կար լեռան վրա. ուժգին հնչեց փողի ձայնը, և բանակատեղիում գտնվող ամբողջ ժողովուրդը զարհուրեց։ Մովսեսը ժողովրդին բանակատեղիից դուրս հանեց Աստծու առաջ, և նրանք կանգնեցին լեռան ստորոտին։ Սինա լեռն ամբողջովին ծխում էր, որովհետև Տերը նրա վրա իջել էր կրակով։ Նրա ծուխը դուրս էր գալիս ինչպես հնոցի ծուխ, և ամբողջ լեռը սաստիկ ցնցվում էր։ Փողի ձայնը գնալով շատ էր սաստկանում։ Մովսեսը խոսում էր, և Աստված բարձրաձայն պատասխան էր տալիս նրան։ Տերն իջավ Սինա լեռան վրա՝ լեռան կատարին, և Տերը կանչեց Մովսեսին լեռան գագաթը, և Մովսեսը բարձրացավ։ Տերն ասաց Մովսեսին. «Իջի՛ր, պատվիրի՛ր ժողովրդին, որ Տիրոջը տեսնելու համար սահմանից չանցնեն, և նրանցից շատերը չկորչեն։ Տիրոջը մոտեցող քահանաներն էլ թող սրբվեն. միգուցե Տերը նրանց վրա էլ հարձակվի»։ Մովսեսն ասաց Տիրոջը. «Ժողովուրդը չի կարող բարձրանալ Սինա լեռը, որովհետև դու պատվիրել ես մեզ՝ ասելով. “Սահմա՛ն դիր լեռան շուրջը և սրբի՛ր այն”»։ Տերն ասաց նրան. «Գնա՛, ցա՛ծ իջիր և ելի՛ր Ահարոնի հետ միասին. բայց քահանաներն ու ժողովուրդը սահմանից չանցնեն Տիրոջ մոտ բարձրանալու համար. չլինի թե Տերը նրանց խոցի»։ Մովսեսն իջավ ժողովրդի մոտ և խոսեց նրանց հետ։