Գաղատացիներին 5

5
Պահպանե՛ք ձեր ազատությունը
1Արդ այն ազատությամբ, որ Քրիստոսը մեզ ազատեց, հաստատո՛ւն կացեք ու դարձյալ ծառայության լծի տակ մի՛ մտեք։ 2Ահա ես՝ Պողոսս, ասում եմ ձեզ, որ եթե թլփատվեք, Քրիստոսը ձեզ օգուտ չի տա։ 3Եվ դարձյալ վկայում եմ ամեն մարդու համար, որ ով թլփատվում է, պարտավոր է ամբողջ օրենքը կատարել։ 4Դուք, որ կամենում եք օրենքով արդարանալ, բաժանված եք Քրիստոսից և զրկված շնորհից։ 5Որովհետև մենք Հոգով սպասում ենք հավատից եղած արդարության հույսին։ 6Քանի որ Քրիստոս Հիսուսով ո՛չ թլփատությունը զորություն ունի, ո՛չ էլ անթլփատությունը, այլ հավատը, որ սիրով է գործում։ 7Լավ էիք ընթանում. ձեզ ո՞վ հետ կանգնեցրեց, որ ճշմարտությանը չհնազանդվեք։ 8Այդ համոզումը նրանից չէ, ով կանչեց ձեզ։ 9Մի քիչ թթխմորն ամբողջ զանգվածը խմորում է (Ա Կրնթ. 5.6)։ 10Ես ձեզ վրա Տիրոջով հույս ունեմ, որ ուրիշ բան չեք մտածի, ու ձեզ խռովեցնողը, ով էլ որ լինի, դատապարտության է ենթարկվելու։ 11Բայց ես, եղբայրնե՛ր, եթե դեռևս թլփատություն եմ քարոզում, էլ ինչի՞ համար եմ հալածվում։ Այդ դեպքում խաչի գայթակղությունը խափանված է։ 12Երանի արմատից կտրվեին նրանք, ովքեր խռովեցնում են ձեզ։
13Որովհետև դուք ազատության համար եք կանչված, եղբայրնե՛ր։ Միայն թե ձեր ազատությունը մարմինը հաճեցնելու պատճառ չլինի, այլ սիրո՛վ ծառայեք իրար։ 14Որովհետև ամբողջ օրենքն այս մեկ խոսքի մեջ է կատարվում. «Քո ընկերոջը պիտի սիրես, ինչպես ինքդ քեզ» (Ղևտ. 19.18)։ 15Բայց եթե միմյանց խայթեք և ուտեք, զգուշացե՛ք, որ միմյանց չոչնչացնեք։ 16Սակայն ասում եմ. «Հոգո՛վ ընթացեք ու մարմնի ցանկությունը մի՛ կատարեք»։ 17Որովհետև մարմինը հոգու հակառակն է ցանկանում, իսկ հոգին՝ մարմնի հակառակը։ Եվ քանի որ սրանք իրար հակառակ են, չանե՛ք այն, ինչ կամենում եք։ 18Բայց եթե Հոգով եք առաջնորդվում, օրենքի տակ չեք։ 19Հայտնի են մարմնի գործերը, որ են՝ շնություն, պոռնկություն, պղծություն, գիջություն, 20կռապաշտություն, կախարդություն, թշնամություններ, կռիվ, նախանձ, բարկություն, հակառակություններ, երկպառակություններ, բաժանություններ, 21չարակամություն, սպանություններ, հարբեցողություն, անառակություններ և այն, ինչ սրանց նման է։ Ասում եմ ձեզ, ինչպես որ նախապես էլ ասում էի, թե այսպիսի բաներ անողներն Աստծու արքայությունը չեն ժառանգելու։ 22Հոգու պտուղն այս է՝ սեր, ուրախություն, խաղաղություն, համբերատարություն, քաղցրություն, բարություն, հավատ, 23հեզություն, ժուժկալություն։ Այսպիսի բաների դեմ օրենք չկա։ 24Նրանք, ովքեր Քրիստոսինն են, իրենց մարմինը խաչը հանեցին կրքերով ու ցանկություններով հանդերձ։ 25Եթե Հոգով ենք ապրում, Հոգով էլ վարվենք։ 26Սնապարծ չլինենք՝ միմյանց գրգռելով ու միմյանց նախանձելով։

Արդեն Ընտրված.

Գաղատացիներին 5: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք