ԾՆՆԴՈՑ 45:1-15

ԾՆՆԴՈՑ 45:1-15 ՆՎԱԱ

Հովսեփը չկարողացավ իրեն զսպել իր մոտ կանգնած բոլոր մարդկանց առաջ և աղաղակեց. «Դո՛ւրս հանեք իմ մոտից այս բոլոր մարդկանց»։ Երբ Հովսեփի մոտ ոչ ոք չկար, իրեն ճանաչեցրեց իր եղբայրներին։ Նա բարձրաձայն լաց եղավ, և լսեցին եգիպտացիներն ու փարավոնի ամբողջ տունը։ Հովսեփն ասաց իր եղբայրներին. «Ես Հովսեփն եմ. իմ հայրը դեռ ո՞ղջ է»։ Եղբայրները նրան պատասխան տալ չէին կարողանում, որովհետև ապշած էին մնացել նրա առջև։ Հովսեփն ասաց իր եղբայրներին. «Խնդրեմ մոտեցե՛ք ինձ»։ Նրանք էլ մոտեցան։ Եվ ասաց. «Ես ձեր եղբայր Հովսեփն եմ. դուք ինձ վաճառեցիք Եգիպտոս տարվելու։ Հիմա մի՛ տխրեք ու մի՛ նեղվեք, որ ինձ վաճառեցիք այստեղ բերվելու համար, որովհետև Աստված ինձ ուղարկեց ձեր առջևից՝ ձեր կյանքը պահպանելու համար։ Որովհետև այժմ երկրի վրա սովի երկրորդ տարին է, և տակավին հինգ տարի վարուցանք ու հունձ չի լինելու։ Աստված ուղարկեց ինձ ձեր առջևից, որպեսզի երկրի վրա պահպանի ձեր սերունդը և ձեզ ապրեցնի մեծ ազատությամբ։ Արդ, ոչ թե դուք ուղարկեցիք ինձ այստեղ, այլ՝ Աստված։ Նա ինձ դարձրեց փարավոնի հայր, նրա ողջ տան տեր և Եգիպտոսի ամբողջ երկրի իշխան։ Շտապ գնացե՛ք իմ հոր մոտ և ասացե՛ք նրան, թե քո որդի Հովսեփն այսպես է ասում. “Աստված ամբողջ Եգիպտոսի տեր դարձրեց ինձ. արի իջի՛ր ինձ մոտ, մի՛ ուշացիր։ Դու կբնակվես Գեսեմի երկրում և մոտիկ կլինես ինձ, դու, քո որդիները, քո որդիների որդիները, քո հոտերը, քո արջառները և քո ամբողջ ունեցվածքը։ Ես այնտեղ կկերակրեմ քեզ, որովհետև դեռ հինգ տարի սով է լինելու. միգուցե չքավորություն քաշես դու, քո տունը և քո ամբողջ ունեցածը”։ Ահա ձեր աչքերը և իմ եղբայր Բենիամինի աչքերը տեսնում են, որ իմ բերանով եմ խոսում ձեզ հետ։ Պատմե՛ք իմ հորը Եգիպտոսում իմ ունեցած ամբողջ փառքի, ձեր բոլոր տեսածների մասին և շտապ իմ հորն իջեցրե՛ք այստեղ»։ Եվ իր եղբայր Բենիամինի վզովն ընկավ ու լաց եղավ։ Բենիամինն էլ լաց եղավ՝ նրա վզովն ընկած։ Եվ համբուրեց իր բոլոր եղբայրներին ու նրանց փարվելով՝ լաց եղավ։ Դրանից հետո եղբայրները խոսեցին նրա հետ։