Աստված հիշեց Նոյին և բոլոր կենդանիներին ու բոլոր անասուններին, որ նրա հետ տապանում էին։ Աստված քամի բերեց երկրի վրա, և ջրերը նվազեցին։ Անդունդի աղբյուրները և երկնքի պատուհանները փակվեցին, և երկնքից անձրևը դադարեց։ Ջրերը գնալով քաշվում էին երկրի վրայից։ Հարյուր հիսուն օր հետո ջրերը նվազեցին։ Յոթերորդ ամսին՝ ամսի տասնյոթերորդ օրը, տապանը նստեց Արարատ լեռան վրա։ Ջրերը գնալով նվազում էին մինչև տասներորդ ամիսը։ Տասներորդ ամսի առաջին օրը երևացին լեռների գագաթները։
Քառասուն օր հետո Նոյը բաց արեց իր կառուցած տապանի պատուհանը և ագռավին արձակեց։ Սա դուրս եկավ և գնում ու գալիս էր մինչև ջրերի ցամաքելը երկրի վրայից։ Հետո աղավնուն ուղարկեց իր մոտից, որպեսզի տեսնի, թե ջրերն արդյոք պակասե՞լ են երկրի վրայից։ Աղավնին իր ոտքի հանգստության տեղ չգտավ և ետ դարձավ նրա մոտ՝ տապան, որովհետև ամբողջ երկրի մակերեսը ջրով էր ծածկված։ Նոյը մեկնեց իր ձեռքը և վերցրեց աղավնուն ու բերեց իր մոտ՝ տապան։ Սպասեց ևս յոթ օր և տապանից դարձյալ արձակեց աղավնուն։ Երեկոյան դեմ աղավնին եկավ նրա մոտ, և ահա ձիթենու նոր կտրված մի տերև կար նրա բերանում։ Նոյը իմացավ, որ ջրերը նվազել են երկրի վրայից։ Եվ յոթ օր էլ սպասեց ու արձակեց աղավնուն, և նա այլևս չվերադարձավ նրա մոտ։ Նոյի վեցհարյուրմեկերորդ տարում՝ առաջին ամսի առաջին օրը, ջրերը ցամաքեցին երկրի վրայից. Նոյը տապանի ծածկը բացեց և նայեց. ահա երկրի մակերեսը ցամաքել էր։ Երկրորդ ամսին՝ ամսի քսանյոթերորդ օրը, երկիրը չորացավ։
Աստված խոսեց Նոյի հետ և ասաց. «Դո՛ւրս եկ տապանից, դու և քեզ հետ քո կինը, քո որդիները և քո որդիների կանայք։ Քեզ հետ եղող բոլոր կենդանիներին ամեն մարմնից՝ թե՛ թռչուն, թե՛ անասուն և թե՛ երկրի վրա սողացող բոլոր սողունները, հանի՛ր քեզ հետ, որպեսզի բազմանան երկրի վրա, աճեն և շատանան երկրի վրա»։ Դուրս եկան Նոյը և իր որդիները, իր կինը և իր որդիների կանայք իր հետ։ Բոլոր կենդանիները, բոլոր սողունները, բոլոր թռչունները և երկրի վրա բոլոր շարժվողները՝ իրենց տեսակներով, դուրս եկան տապանից։
Նոյը մի սեղան շինեց Տիրոջ համար և առավ բոլոր մաքուր անասուններից ու բոլոր մաքուր թռչուններից և սեղանի վրա ողջակեզներ մատուցեց։ Տերը հոտոտեց անուշ հոտը։ Եվ Տերն ասաց իր սրտում. «Այլևս չեմ անիծի երկիրը մարդու պատճառով, որովհետև մարդու սրտի խորհուրդը չար է իր մանկությունից սկսած. այլևս բնավ չեմ հարվածի ոչ մի կենդանի էակի, ինչպես արեցի։ Այսուհետև, ինչքան ժամանակ որ կլինի երկիրը, չեն դադարի սերմն ու հունձը, ցուրտն ու տոթը, ամառն ու ձմեռը և ցերեկն ու գիշերը»։