Եբրայեցիներին 9

9
Երկրային և երկնային պաշտամունք
1Առաջին ուխտն էլ ուներ պաշտամունքի կանոններ և երկրային սրբարան, 2որովհետև առաջին խորանը պատրաստվեց այսպես. նրա մեջ էին աշտանակը, սեղանն ու առաջավորության հացերը։ Դա «սրբություն» է կոչվում։ 3Իսկ երկրորդ վարագույրի հետևում կար խորան, որ «Սրբություն սրբոց» էր կոչվում. 4այնտեղ դրվում էին ոսկե բուրվառը և ուխտի տապանակը՝ ամեն կողմից ոսկով պատած. նրա մեջ կար ոսկե սափորը՝ մանանայով, Ահարոնի գավազանը, որ ծաղկեց, և ուխտի տախտակները։ 5Տապանակի վերևում փառքի քերովբեներն էին, որ քավարանի վրա հովանի էին անում, որոնց մասին հիմա պետք չէ մանրամասն խոսել։
6Եվ այս բաներն այսպես էին դասավորված. քահանաները միշտ մտնում էին առաջին խորանը՝ պաշտամունքներ կատարելու։ 7Իսկ երկրորդի մեջ տարին մեկ անգամ մտնում էր միայն քահանայապետը և ոչ առանց զոհի արյան, որ մատուցում էր իր ու ժողովրդի կողմից անգիտությամբ արված մեղքերի համար։ 8Դրանով Սուրբ Հոգին ցույց էր տալիս, որ «սրբության» ճանապարհը հայտնված չէ, քանի որ առաջին խորանը դեռ հաստատուն էր մնում։ 9Սա խորհրդանշան է ներկա ժամանակի համար, երբ ընծաներ ու զոհեր էին մատուցվում, որոնք չէին կարող կատարյալ դարձնել պաշտամունք մատուցողի խիղճը. 10միայն ուտելիքի, ըմպելիքի ու պես-պես լվացումների վրա հիմնված պաշտամունքը մարմնական արարողություններով է, որոնք ժամանակավոր են և գործում են մինչև մարդու ուղղվելը։
11Իսկ Քրիստոսը՝ գալիք բարիքների Քահանայապետը, եկավ՝ անցնելով ավելի մեծ, կատարյալ և անձեռակերտ խորանով, այսինքն՝ ո՛չ այս աշխարհի արարածների կողմից պատրաստված 12և ո՛չ էլ նոխազների ու զվարակների արյունով, այլ իր իսկ արյամբ մեկ անգամ այն սրբարանը մտավ ու հավիտենական փրկություն ստացավ։ 13Որովհետև եթե ցուլերի, նոխազների արյունը և երինջների մոխիրը շաղ տալով՝ մաքրում են պղծվածների մարմինը, 14որչա՜փ ևս առավել Քրիստոսի արյունը, որ հավիտենական Հոգով ինքն իրեն անարատ զոհ մատուցեց Աստծուն, կմաքրի ձեր խիղճը այն մահացու գործերից, որպեսզի կենդանի Աստծուն պաշտեք։
15Եվ դրա համար նա նոր ուխտի միջնորդ է, քանի որ իր մահը առաջին ուխտի ժամանակ գործված հանցանքների քավության համար եղավ, որպեսզի կանչվածները հավիտենական ժառանգության խոստումն ստանան։ 16Որովհետև ուր որ կտակ կա, հարկ է, որ կտակարարի մահը հաստատվի, 17քանի որ կտակը մեռնելուց հետո է գործում. այն երբեք ուժ չի ունենա, քանի դեռ կտակարարը կենդանի է։ 18Ուստի և առաջին ուխտն առանց արյան չէր հաստատվի։ 19Որովհետև երբ Մովսեսն օրենքի բոլոր պատվիրանները հայտնեց ժողովրդին, վերցնելով ցուլերի և նոխազների արյունը ջրի, կարմիր բրդի ու զոպայի հետ՝ սրսկեց օրենքի գրքի ու ամբողջ ժողովրդի վրա 20և ասաց. «Սա է ուխտի արյունը, որ Աստված պատվիրեց ձեզ»։ 21Եվ խորանի ու պաշտամունքի բոլոր անոթների վրա նույնպես արյուն սրսկեց։ 22Գրեթե ամեն բան ըստ օրենքի արյունով է մաքրվում, և առանց արյուն թափելու թողություն չի լինում։
Քրիստոսի մուտքը երկնային սրբարան
23Արդ հարկավոր էր, որ երկնավոր բաների օրինակներն այսպիսի բաներով մաքրվեին, իսկ բուն երկնավորները՝ դրանցից ավելի լավ զոհերով։ 24Որովհետև Քրիստոսը ոչ թե ձեռակերտ սրբարաններ մտավ, որոնք ճշմարտության օրինակներ էին, այլ բուն իսկ երկինքը, որպեսզի այժմ Աստծու առաջ ներկայանա մեզ համար։ 25Ոչ թե որպեսզի շատ անգամ ինքն իրեն պատարագ մատուցի, ինչպես քահանայապետը, որ ամեն տարի ուրիշի արյունով էր մտնում Սրբություն սրբոց։ 26Այլապես նա պետք է որ աշխարհի սկզբից ի վեր շատ անգամներ չարչարվեր, բայց այժմ՝ ժամանակների վերջում, մեկ անգամ հայտնվեց, որպեսզի իր զոհաբերությամբ ջնջի մեղքը։ 27Եվ ինչպես որ մարդկանց համար սահմանված է մեկ անգամ մեռնել, և դրանից հետո՝ դատաստանը, 28նույնպես էլ Քրիստոսը շատերի մեղքերը վերցնելու համար մեկ անգամ զոհաբերվեց, իսկ երկրորդ անգամ կհայտնվի առանց մեղքի՝ իրեն սպասողների փրկության համար։

Արդեն Ընտրված.

Եբրայեցիներին 9: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք