ՈՎՍԵԵ 14:2-9

ՈՎՍԵԵ 14:2-9 ՆՎԱԱ

Ձեզ հետ խոսքե՛ր վերցրեք և վերադարձե՛ք Տիրոջը. ասացե՛ք նրան. «Ների՛ր ամեն անօրենություն և ընդունի՛ր, ինչ որ բարի է, և մենք կմատուցենք մեր շրթունքների պտուղները։ Ասորեստանցին մեզ չի փրկելու, ձիեր չենք հեծնելու և մյուս անգամ մեր ձեռքի գործերին չենք ասելու. “Ո՛վ մեր Աստված”, որովհետև որբը քեզանից է ողորմություն գտնում»։ Նրանց խոտորումը պիտի բժշկեմ, նրանց անհատույց պիտի սիրեմ, որովհետև իմ բարկությունը շրջվել է նրանցից։ Ես ցողի պես պիտի լինեմ Իսրայելի համար. նա շուշանի նման պիտի ծաղկի և արմատներ պիտի գցի Լիբանանի ծառի պես։ Նրա ճյուղերը պիտի տարածվեն, և նրա վայելչությունը ձիթենու պես, իսկ բուրմունքը Լիբանանի պես պիտի լինի։ Նրա հովանու տակ ապրողները պիտի վերադառնան, պիտի կենդանանան ցորենի պես և ծաղկեն որթատունկի պես։ Նրա բուրմունքը Լիբանանի գինու պես պիտի լինի։ Եփրեմը պիտի ասի. «Ես այլևս ի՞նչ ունեմ կուռքերի հետ»։ Ես լսեցի նրա խնդրանքը և խնամեցի նրան։ Ես կանաչ մայրի ծառի պես եմ, քո պտուղն ինձնից է գտնվելու։ Ո՞վ է իմաստուն, թող հասկանա այս բաները, կամ հասկացող, թող գիտենա սրանք. որովհետև ուղիղ են Տիրոջ ճանապարհները, և արդարները գնում են նրանցով, իսկ հանցավորները սայթաքելու են նրանց մեջ։