ԵՍԱՅԻ 26
26
Աստված հաղթանակ պիտի տա ժողովրդին
1Այդ օրն այս երգն է երգվելու Հուդայի երկրում. «Մենք մի զորավոր քաղաք ունենք։ Նա հաստատում է փրկությունը որպես պարիսպ ու պատնեշ։ 2Բացե՛ք դարպասները, որ ներս մտնի արդար ազգը, որը պահում է հավատքը։ 3Հաստատուն միտք ունեցողին դու պահում ես կատարյալ խաղաղության մեջ, քանզի քեզ է հուսացել։ 4Հավիտյան Տիրո՛ջը վստահեք, որովհետև Տեր Աստված հավիտենական վեմ է, 5որովհետև նա խոնարհեցրեց բարձունքների բնակիչներին, բարձր քաղաքը. նա այն ցած քաշեց ու իջեցրեց մինչև գետին, մինչև փոշի։ 6Ոտքը պիտի կոխոտի այն, թշվառի ոտքերն ու կարիքավորի քայլերը»։ 7Արդարի ճանապարհն ուղիղ է։ Դու, որ ուղիղ ես, հարթում ես արդարի շավիղը։ 8Այո՛, Տե՛ր, սպասել ենք քեզ հենց քո դատաստանների ճանապարհին, քո անվանն ու քո հիշատակին էր ցանկանում մեր հոգին։ 9Հոգիս քեզ է փափագում գիշերը, հենց իմ ներսում հոգով քեզ եմ ձգտում, քանզի երբ քո դատաստաններն են երկրի վրա, աշխարհի բնակիչներն արդարություն են սովորում։ 10Ամբարիշտին ողորմություն է լինում, բայց նա արդարություն չի սովորում. ուղղամտության երկրում նա չարագործություն է անում և չի տեսնում Տիրոջ մեծափառությունը։ 11Ո՛վ Տեր, քո ձեռքը բարձրացել է, բայց նրանք չեն տեսնում, ամաչելով պիտի տեսնեն քո ժողովրդի վրա ունեցած նախանձախնդրությունդ. այո՛, կրակն է սպառելու քո հակառակորդներին։ 12Ո՛վ Տեր, դու մեզ համար խաղաղություն պիտի հաստատես, մեր բոլոր գործերն էլ դո՛ւ կատարեցիր մեզ համար։ 13Ո՛վ մեր Տեր Աստված, քեզնից բացի ուրիշ տերեր տիրեցին մեզ վրա. միայն քո անունը պիտի հիշատակենք։ 14Նրանք մեռած են. չեն կենդանանալու, ուրվականները չեն կանգնելու. դու նրանց այնպե՜ս ես պատժել ու բնաջնջել, ոչինչ ես արել նրանց ամբողջ հիշատակը։ 15Դո՛ւ փառավորվեցիր, ո՛վ Տեր, երբ բազմացրիր այս ազգը, բազմացրիր այս ազգը, ընդարձակեցիր երկրի բոլոր սահմանները։ 16Ո՛վ Տեր, տագնապի մեջ նրանք քե՛զ որոնեցին, աղոթք մրմնջացին, երբ դու պատժում էիր նրանց։ 17Հղի կնոջ պես, երբ մոտ է ծննդաբերելուն, երկունքի մեջ տանջվում ու աղաղակում է, մենք էլ այդպես ենք եղել քո առաջ, ո՛վ Տեր։ 18Հղիացանք, երկունքով բռնվեցինք, բայց կարծես թե քամի ծնեցինք. մենք փրկություն չգործեցինք երկրի համար, և աշխարհի բնակիչներ չծնվեցին։ 19Քո մեռելները պիտի կենդանանան, նրանց դիակները ոտքի պիտի կանգնեն. արթնացե՛ք և ցնծացե՛ք, ո՛վ փոշու բնակիչներ, որովհետև քո ցողը դալարի վրայի ցող է. այն ստվերների երկրի վրա պիտի տեղացնես։#26.19 Երկիրը իր մեռյալներին ծնունդ պիտի տա։
Դատաստան և վերահաստատում
20Գնա՛, ո՛վ իմ ժողովուրդ, մտի՛ր քո սենյակները, փակի՛ր քո դռները քո հետևից, թաքնվի՛ր մի քանի վայրկյան, մինչև որ ցասումը անցնի, 21որովհետև ահա Տերը դուրս է գալիս իր տեղից, որպեսզի պատժի երկրի բնակիչներին իրենց անօրենության համար, իսկ երկիրը պիտի բացահայտի իր վրա թափված արյունը և այլևս չպիտի ծածկի իր սպանվածներին։
Արդեն Ընտրված.
ԵՍԱՅԻ 26: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018