ԵՍԱՅԻ 29

29
Երուսաղեմի ճակատագիրը
1Վա՜յ քեզ, Արիե՛լ, Արիե՛լ, Դավթի բանակատեղի քաղաք։ Ավելացրե՛ք տարին տարվա վրա. քո ուխտագնացության տոները թող հաջորդեն միմյանց։ 2Ես նեղը պիտի գցեմ Արիելին, հառաչանք ու ողբ պիտի լինի, նա ինձ համար զոհարանի#29.2 Եբր. Արիել։ պես պիտի լինի։ 3Քեզ կպաշարեմ ամեն կողմից, ամրություններով կշրջապատեմ քեզ, պատնեշներ կկանգնեցնեմ քո դեմ։ 4Դու ցած կընկնես, քո խոսքը կգա հողից, փոշու միջից կմրմնջաս քո խոսքերը, ուրվականի պես տափից է դուրս գալու քո ձայնը, և փոշու միջից ես շշնջալու քո խոսքերը։
5Մանր փոշու նման կլինի քո օտարականների#29.5 Այսինքն՝ թշնամիների։ բազմությունը, և անցնող մղեղի նման՝ բռնավորների բազմությունը, և դա կլինի հանկարծակի, մեկ վայրկյանում։ 6Զորությունների Տիրոջ կողմից այցելություն կլինի որոտումով, երկրաշարժով, մեծաձայն մրրիկով, փոթորկով և լափող կրակի բոցով։ 7Գիշերային տեսիլքի, երազի պես է լինելու Արիելի վրա պատերազմի եկող բոլոր ազգերի բազմությունը, նաև նրա ու նրա ամրոցի վրա բոլոր հարձակվողների ու նրան ճնշողների բազմությունը։ 8Ինչպես որ քաղցածը երազ է տեսնում, թե ուտում է, ապա արթնանում է՝ փորը դատարկ, և ինչպես ծարավածը երազ է տեսնում, թե խմում է, ապա զարթնում է, թուլացած է, և սիրտը պապակած է, այդպես պիտի լինի բոլոր ազգերի բազմությունը, որոնք պատերազմի են դուրս գալիս Սիոն լեռան դեմ։
Աննկատ թողնված հանդիմանություններ
9Ապշե՛ք ու զարմացե՛ք, շլացրե՛ք ձեզ և դարձե՛ք կույր, հարբե՛ք, բայց ոչ գինիով, տատանվե՛ք, բայց ոչ օղուց, 10որովհետև Տերը թմբիրի ոգի է թափել ձեզ վրա, փակել է ձեր՝ մարգարեներիդ աչքերը և քողարկել է ձեր՝ տեսանողներիդ գլուխները։ 11Այս ամբողջ տեսիլքը ձեզ համար պիտի լինի կնքված մի գրքի խոսքերի պես, որը տալիս են գրագետ մարդուն և ասում. «Խնդրում ենք, կարդա՛ սա», և նա ասում է. «Չեմ կարող, որովհետև կնքված է»։ 12Եվ եթե գիրքը տալիս են անգրագետ մի մարդու՝ ասելով. «Խնդրում ենք, կարդա՛ սա», և նա ասում է. «Ես կարդալ չգիտեմ»։ 13Տերն ասում է. «Որովհետև այս ժողովուրդը իր բերանով է մոտենում և իր շրթունքներով է ինձ պատվում, իսկ նրա սիրտը հեռու է ինձնից, և նրանց վախն ինձնից մարդկանց սովորեցրած հրաման է։ 14Դրա համար էլ ահա ես այսուհետև զարմանալի բաներ եմ անելու այս ժողովրդին, զարմանահրաշ ու զարմանալի բաներ. նրանց իմաստունների իմաստությունը պիտի կորչի, և պիտի խափանվի#29.14 Բռց. պիտի ծածկվի։ նրանց հանճարեղների հանճարը»։
Հույս ապագայի համար
15Վա՜յ նրանց, որոնք իրենց խորհուրդը Տիրոջից ծածկում են խոր տեղերում. նրանց արարքները խավարում են, և ասում են. «Ո՞վ է մեզ տեսնում, և ո՞վ է մեզ ճանաչում»։ 16Օ՜, ձեր այս խոտորնակությունը. մի՞թե բրուտը կավ կհամարվի, որ շինվածքն ասի իր շինողին. «Նա ինձ չի շինել», և արարածն ասի իր արարչին. «Նա բան չի հասկանում»։ 17Ահա մի փոքր ժամանակ ևս, և Լիբանանը կդառնա պտղաբեր արտ, և պտղաբեր արտը անտառ կհամարվի։ 18Եվ այդ օրը խուլերը կլսեն գրքի խոսքերը, և մթից ու խավարից ազատված՝ կտեսնեն կույրերի աչքերը։ 19Հեզերի ուրախությունը կավելանա Տիրոջով, և մարդկանց մեջ կարիքավորները կցնծան Իսրայելի Սրբով, 20որովհետև բռնավորը կչքանա, ծաղրողը կվերանա, և կոչնչանան բոլոր չարամիտները, 21որոնք մարդուն մի բառով հանցավոր են հռչակում, դարպասի մոտ հանդիմանողին որոգայթ են լարում և անհիմն կերպով խափանում արդարի իրավունքը։ 22Դրա համար Տերը, որ փրկեց Աբրահամին, այսպես է ասում Հակոբի տան մասին. «Այլևս չպիտի ամաչի Հակոբը, նրա երեսը չպիտի դժգունի. 23որովհետև երբ նրանք իրենց մեջ տեսնեն իրենց որդիներին, իմ ձեռքի գործը, պիտի սրբացնեն իմ անունը, պիտի սրբացնեն Հակոբի Սրբին և երկյուղեն Իսրայելի Աստծուց։ 24Հոգով մոլորվածները խոհեմություն պիտի ճանաչեն, և տրտնջացողները խրատ պիտի սովորեն»։

Արդեն Ընտրված.

ԵՍԱՅԻ 29: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք