Եզեկիա թագավորի տասնչորսերորդ տարում Ասորեստանի Սենեքերիմ թագավորն արշավեց Հուդայի երկրի բոլոր պարսպապատ քաղաքների վրա և գրավեց դրանք։ Ասորեստանի թագավորը մեծ զորքով Ռաբսակին ուղարկեց Լաքիսից Երուսաղեմ՝ Եզեկիա թագավորի մոտ։ Ռաբսակը կանգ առավ թափիչի ագարակի ճանապարհին՝ վերևի ավազանի ջրմուղի մոտ։ Նրա մոտ դուրս եկան Քեղկիայի որդի Եղիակիմը, պալատի վերակացուն, Սեբնա ատենադպիրը և դիվանապահ Հովաքը՝ Ասափի որդին։
Ռաբսակն ասաց նրանց. «Ասացե՛ք Եզեկիային, որ այսպես է ասում մեծ թագավորը՝ Ասորեստանի թագավորը. “Ի՞նչ է այդ ապավենը, որին դու ապավինել ես։ Ես ասում եմ. դրանք շուրթերի խոսքեր են միայն. ծրագիր և զորություն է պետք պատերազմի համար. հիմա ո՞ւմ ես ապավինել, որ իմ դեմ ապստամբել ես։ Ահա դու ապավինել ես այդ ջարդված եղեգե ցուպին՝ Եգիպտոսին, որին եթե մարդ կռթնի, այն կմտնի նրա ձեռքը և կծակի։ Ահա այսպիսին է Եգիպտոսի փարավոն թագավորը բոլոր իրեն ապավինողների համար”։ Բայց եթե ինձ ասես. “Մենք մեր Տեր Աստծուն ենք ապավինել”, ապա մի՞թե նա այն չէ, որի Բարձր տեղերն ու զոհասեղանները Եզեկիան վերացրեց՝ Հուդայի երկրին ու Երուսաղեմին ասելով՝ “Այս զոհասեղանի առջև՛ երկրպագեք”։ Արդ, դաշի՛նք կապիր իմ Տիրոջ՝ Ասորեստանի թագավորի հետ, և ես քեզ կտամ երկու հազար ձի, եթե դու կարողանաս դրանց վրա հեծյալներ դնել։ Դու, որ մարտակառքերի և ձիերի համար Եգիպտոսին ես ապավինում, ինչպե՞ս պիտի կարողանաս դեմ դնել իմ տիրոջ փոքր ծառաներից որևէ մեկի զորապետին։ Եվ հիմա արդյոք առանց Տիրոջ կամքի՞ եմ եկել այս երկրի վրա՝ այն ավերելու համար։ Տերն է ինձ ասել. “Գնա՛ այս երկրի վրա և ավերի՛ր այն”»։
Եվ Եղիակիմը, Սեբնան ու Հովաքն ասացին Ռաբսակին. «Խնդրում ենք, քո ծառաների հետ արամերե՛ն խոսիր, որովհետև մենք այն հասկանում ենք. մեզ հետ Հուդայի լեզվով մի՛ խոսիր պարսպի վրա գտնվող ժողովրդի ականջի տակ»։ Ռաբսակն ասաց. «Մի՞թե քո տիրոջ և քեզ մոտ է ուղարկել ինձ իմ տերը, որ ասեմ այս խոսքերը, և ոչ նաև պարսպի վրա նստած այս մարդկանց, որոնք ձեզ հետ միասին իրենց կեղտն են ուտելու և իրենց մեզն են խմելու»։
Ապա Ռաբսակը կանգնեց և բարձր ձայնով Հուդայի լեզվով գոչեց և ասաց. «Լսե՛ք մեծ թագավորի՝ Ասորեստանի թագավորի խոսքերը։ Այսպես է ասում թագավորը. “Եզեկիան թող ձեզ չխաբի, որովհետև նա չի կարող ձեզ ազատել։ Եզեկիան ձեր վստահությունը թող Տիրոջ վրա դնել չտա՝ ձեզ ասելով. "Տերը մեզ անպատճառ կազատի, և այս քաղաքը չի տրվի Ասորեստանի թագավորի ձեռքը"”։ Եզեկիային մի՛ լսեք, որովհետև Ասորեստանի թագավորն այսպես է ասում. “Հաշտվե՛ք ինձ հետ, դո՛ւրս եկեք, հանձնվե՛ք ինձ, և ամեն մարդ իր որթատունկից, ամեն մարդ իր թզենուց կուտի, և ամեն մարդ իր ջրհորի ջրից կխմի, մինչև որ ես գամ և ձեզ տանեմ ձեր երկրի նման մի երկիր՝ ցորենի ու գինու երկիր, հացի ու խաղողի այգիների երկիր։ Միգուցե Եզեկիան ձեզ հրապուրի՝ ասելով. "Տերը կազատի մեզ"։ Մի՞թե ազգերի աստվածներից մեկն ազատեց իր երկիրը Ասորեստանի թագավորի ձեռքից։ Ո՞ւր են Եմաթի և Արփաթի աստվածները, ո՞ւր են Սեփարուիմի աստվածները. մի՞թե Սամարիան ազատեցին իմ ձեռքից։ Այս երկրների բոլոր աստվածներից ո՞րը կարողացավ իրենց երկիրն ազատել իմ ձեռքից, որ Տերն էլ կարողանա Երուսաղեմն ազատել իմ ձեռքից”»։ Նրանք լռեցին և պատասխան չտվեցին, որովհետև թագավորը հրաման էր տվել՝ ասելով. «Չպատասխանեք նրան»։
Քեղկիայի որդի Եղիակիմը, պալատի վերակացուն, Սեբնա ատենադպիրը և Ասափի որդի Հովաքը՝ դիվանապահը, պատռելով իրենց հագուստները, գնացին Եզեկիայի մոտ և հաղորդեցին նրան Ռաբսակի խոսքերը։