ԵՍԱՅԻ 39
39
Բաբելոնի պատգամավորները
(Դ Թագ. 20.12-19)
1Այն ժամանակ Բաղադանի որդի Մարոդաք-Բաղադանը՝ Բաբելոնի թագավորը, նամակներ և ընծա ուղարկեց Եզեկիային, որովհետև լսել էր, որ նա հիվանդացել և ապաքինվել է։ 2Եզեկիան ուրախացավ դրանց համար և նրանց ցույց տվեց իր գանձերի տունը՝ արծաթը, ոսկին, խնկեղենը, թանկարժեք յուղը, իր ամբողջ զինանոցն ու այն ամենը, ինչ գտնվում էր նրա գանձարաններում։ Իր տանը և իր ամբողջ թագավորության մեջ չկար մի բան, որ Եզեկիան ցույց տված չլիներ նրանց։
3Եսայի մարգարեն եկավ Եզեկիա թագավորի մոտ և ասաց նրան. «Ի՞նչ են ասում այս մարդիկ, և որտեղի՞ց են եկել քեզ մոտ»։ Եզեկիան պատասխանեց. «Հեռավոր երկրից՝ Բաբելոնից են եկել ինձ մոտ»։ 4Եսային ասաց. «Ի՞նչ տեսան քո տանը»։ Եզեկիան պատասխանեց. «Ամեն ինչ, որ կա իմ տանը, տեսան. բան չկա, որ ցույց տված չլինեմ իմ գանձարաններում»։ 5Եվ Եսային ասաց Եզեկիային. «Լսի՛ր Զորությունների Տիրոջ խոսքը. 6“Ահա գալու են օրեր, երբ ամեն ինչ, որ կա քո տանը, ինչ որ կուտակեցին կամ հավաքեցին քո հայրերը մինչև այսօր, պիտի տարվի Բաբելոն. ոչ մի բան չպիտի մնա,- ասում է Տերը։- 7Եվ քո որդիներից որոնք առաջ են գալու քեզնից, որոնց դու ծնելու ես, պիտի առնեն տանեն, և նրանք ներքինիներ պիտի դառնան Բաբելոնի թագավորի պալատում”»։ 8Եվ Եզեկիան ասաց Եսայուն. «Տիրոջ խոսքը, որ դու ասացիր, բարի է, որովհետև,- ասաց նա,- խաղաղություն և ապահովություն կլինի իմ օրերում»։
Արդեն Ընտրված.
ԵՍԱՅԻ 39: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018