ԵՍԱՅԻ 42
42
Տիրոջ ծառան
1Ահա իմ ծառան, որին ես նեցուկ կլինեմ, իմ ընտրյալը, որին հավանություն է տվել իմ անձը։ Ես իմ հոգին դրել եմ նրա վրա, նա իրավունք պիտի բերի ազգերին։ 2Նա չի աղաղակի, ձայն չի բարձրացնի, իր ձայնը լսել չի տա փողոցում։ 3Նա կոտրած եղեգը չի փշրի, առկայծող պատրույգը չի հանգցնի, նա ճշմարտությամբ իրավունքը կբերի։ 4Նա չի տկարանա և չի թուլանա, մինչև որ չհաստատի իրավունքը երկրի վրա. ծովեզրերը սպասում են նրա օրենքին։
5Այսպես է ասում Աստված՝ Տերը, որ արարեց երկինքն ու տարածեց այն, որ ընդարձակեց երկիրն ու ինչ որ նրանից դուրս է գալիս, որ շունչ է տալիս նրա վրա գտնվող ժողովրդին և հոգի՝ նրա վրա քայլողներին. 6«Ես՝ Տերը, կանչել եմ քեզ արդարությամբ։ Ես բռնում եմ քո ձեռքը և քեզ պաշտպանում. քեզ իբրև ուխտ կտամ ժողովրդին և ազգերին՝ իբրև լույս՝ 7կույր աչքերը բանալու, բանտարկյալներին բանտից ազատելու և խավարի մեջ նստածներին զնդանից ազատելու։ 8Ես եմ Տերը. սա է իմ անունը. ես իմ փառքը ուրիշին չեմ տա, ոչ էլ իմ գովաբանությունը՝ կուռքերին։ 9Նախկին բաներն ահա կատարվել են, և նորերի մասին եմ հայտարարում ձեզ. դրանք դեռ չպատահած՝ իմացնում եմ ձեզ»։
Փառաբանության երգ
10Նոր ե՛րգ երգեք Տիրոջը, նրա գովաբանությո՛ւնն արեք երկրի ծայրերից, ո՛վ ծովագնացներ և այն լցնողներ, ո՛վ ծովեզրեր և ծովեզրի բնակիչներ։ 11Անապատն ու նրա քաղաքները թող իրենց ձայնը բարձրացնեն, գյուղերը, որտեղ բնակվում է Կեդարը, թող ցնծան Սելայի բնակիչները, թող գոչեն լեռների գագաթից։ 12Փառք թող մատուցեն Տիրոջը և նրա գովաբանությունը հայտարարեն ծովեզերքում։ 13Տերը դուրս է գալու զորավոր մարդու նման, պատերազմիկի պես նա գրգռելու է իր նախանձախնդրությունը, բարձրագոչ աղաղակելու է, ինքն իրեն իր թշնամիների նկատմամբ հզոր է ցույց տալու։
Աստված խոստանում է օգնել իր ժողովրդին
14Վաղուց է, ինչ ես լռել եմ. հանդարտ էի, զսպել էի ինձ, բայց հիմա պիտի ճչամ ծննդկանի պես, հևամ ու փչեմ միատեղ։ 15Ավերակ պիտի դարձնեմ լեռներն ու բլուրները, դրանց ամբողջ բուսականությունը չորացնեմ, գետերը կղզիների պիտի վերածեմ և լճակները ցամաքեցնեմ։ 16Կույրերին պիտի առաջնորդեմ իրենց չիմացած ճանապարհով, նրանց պիտի առաջնորդեմ իրենց անծանոթ շավիղներով։ Նրանց առջև խավարը լույս պիտի դարձնեմ, իսկ դարուփոսերը՝ հարթավայր։ Այս բաներն եմ անելու և նրանց բնավ չեմ լքելու։
17Պիտի ընկրկեն և խորապես ամաչեն նրանք, ովքեր իրենց հույսը դնում են կուռքերի վրա, ովքեր ձուլածոներին ասում են. «Դուք մեր աստվածներն եք»։
Իսրայելի թերացումը սովորելու մեջ
18Ո՛վ խուլեր, լսե՛ք. ո՛վ կույրեր, նայե՛ք, որ տեսնեք։ 19Ո՞վ է կույր, եթե ոչ իմ ծառան, և ո՞վ է խուլ իմ ուղարկած պատգամաբերի նման. ո՞վ է կույր, ինչպես իմ նվիրյալը, կույր, ինչպես Տիրոջ ծառան։ 20Շատ բաներ ես տեսել, բայց ուշադիր չես, ականջները բաց են, բայց ոչինչ չես լսում։ 21Տիրոջը հաճելի եղավ հանուն իր արդարության, որ իր օրենքը դարձնի մեծափառ և փառավոր։ 22Բայց նա թալանված և կողոպտված ժողովուրդ է։ Նրանք բոլորը որոգայթի մեջ են ընկած փոսերում և թաքցված են զնդաններում. նրանք կողոպուտի մատնվեցին, և ազատող չկա, թալանվեցին, և ասող չկա, թե՝ վերադարձրո՛ւ։ 23Ձեզանից ո՞վ է, որ ականջ կդնի այս բանին, որ ուշադիր կլինի և կլսի հետագայի համար։ 24Ո՞վ Հակոբին մատնեց հափշտակության և Իսրայելին՝ կողոպտիչների ձեռքը. չէ՞ որ Տերը, նա, որի դեմ մեղանչեցինք։ Նրանք չկամեցան ընթանալ նրա ճանապարհով ու չհնազանդվեցին նրա օրենքին։ 25Ուստի նա իր բորբոքված զայրույթն ու պատերազմի սաստկությունը նրանց վրա թափեց։ Այն ամեն կողմից վառեց նրանց, բայց նրանք չհասկացան, այրեց նրանց, բայց նրանք ուշադրություն չդարձրին։
Արդեն Ընտրված.
ԵՍԱՅԻ 42: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018