ԵՍԱՅԻ 45:1-7

ԵՍԱՅԻ 45:1-7 ՆՎԱԱ

Այսպես է ասում Տերն իր օծյալին՝ Կյուրոսին. «Ես բռնել եմ քո աջ ձեռքից, որպեսզի ազգերին հնազանդեցնեմ քո առաջ, թագավորների մեջքը թուլացնեմ, բաց անեմ քո առաջ դռների փեղկերը, և փակ դարպասներ չլինեն քո առաջ։ Ես կքայլեմ քո առջևից, կհարթեցնեմ խորդուբորդ տեղերը, կփշրեմ պղնձե դռները և կկոտրտեմ երկաթյա նիգերը։ Խավարի մեջ գտնվող գանձերը և ծածուկ տեղերում պահված հարստությունները քեզ կտամ, որպեսզի իմանաս, թե ես եմ Տերը՝ Իսրայելի Աստվածը, որ կանչեցի քեզ քո անունով։ Իմ ծառա Հակոբի համար և իմ ընտրյալ Իսրայելի համար ես կանչեցի քեզ քո անունով, քեզ մականուն դրեցի, թեև դու ինձ չէիր ճանաչում։ Ես եմ Տերը, և չկա մեկ ուրիշը. ինձնից բացի Աստված չկա։ Թեև դու ինձ չէիր ճանաչում, բայց ես կզորացնեմ քեզ, որպեսզի իմանան արևելքից և արևմուտքից, որ ինձնից բացի մեկ ուրիշը չկա. ես եմ Տերը, և չկա մեկ ուրիշը։ Ես եմ կազմում լույսը և ստեղծում խավարը, բերում եմ բարօրությունը և ստեղծում դժբախտությունը. ես եմ Տերը, որ անում է այս բոլորը։