«Ցնծալով աղաղակի՛ր, ո՛վ ամուլ, որ չես ծնել, ցնծալով պոռթկա՛ և աղաղակի՛ր, դու, որ երկունքի ցավ չես քաշել, որովհետև լքված կնոջ որդիներն ավելի շատ են լինելու, քան ամուսնացած կնոջ որդիները»,- ասում է Տերը։ Ընդարձակի՛ր քո վրանի տեղը, և թող տարածվեն քո բնակարանի վարագույրները։ Մի՛ խնայիր, երկարացրո՛ւ քո պարանները և ամրացրո՛ւ քո ցցերը, որովհետև դու պիտի տարածվես աջ ու ձախ, քո սերունդը պիտի ժառանգի ազգերին և բնակեցնի ավերված քաղաքները։ Մի՛ վախեցիր, որովհետև չպիտի ամաչես, անպատվված մի՛ զգա, որովհետև չպիտի նախատվես. դու պիտի մոռանաս քո պատանության ամոթը և այլևս չպիտի հիշես քո որբևայրության նախատինքը, որովհետև քո ամուսինը քո Արարիչն է, Զորությունների Տեր է նրա անունը, և քո Փրկիչն Իսրայելի Սուրբն է. նա կոչվում է ամբողջ երկրի Աստված, որովհետև Տերը քեզ կանչեց որպես լքված և հոգով վշտացած մի կնոջ, մի երիտասարդի կնոջ պես, որ մերժված է։ Քո Աստվածն ասում է. «Մի փոքր ժամանակ քեզ լքեցի, բայց մեծ գթասրտությամբ պիտի հավաքեմ քեզ։ Սրտմտությանս բորբոքվելով՝ մի վայրկյան երեսս ծածկեցի քեզնից, բայց հավիտենական ողորմությամբ պիտի գթամ քեզ,- ասում է քո Փրկիչը՝ Տերը,- որովհետև սա Նոյի օրերի նման է ինձ համար։ Ինչպես որ այն ժամանակ երդվեցի, որ Նոյի ջրերն այլևս չպիտի ողողեն երկիրը, այնպես էլ հիմա երդվեցի, որ չեմ սրտմտելու քեզ վրա և չեմ հանդիմանելու քեզ։ Թեև լեռները գնան, բլուրները վերցվեն, իմ գթությունը քեզանից չի հեռանա, իմ խաղաղության ուխտը չի խախտվի»,- ասում է քեզ գթացող Տերը։
«Ո՛վ դու թշվառ, մրրկահար և անմխիթար, ահա ես քո քարերը ծարիրով պիտի շինեմ և քո հիմքերը շափյուղաներով պիտի դնեմ։ Ես քո աշտարակները պիտի կառուցեմ կարմիր հակինթներով, քո դռները՝ կարկեհաններով և քո բոլոր պատերը՝ թանկարժեք քարերով։ Քո բոլոր որդիների ուսուցումը Տիրոջից պիտի լինի, և մեծ պիտի լինի նրանց խաղաղությունը։ Դու պիտի հաստատվես արդարության մեջ։ Հեռու կլինես բռնությունից, որովհետև չես վախենալու, և արհավիրքից, որովհետև քեզ չի մոտենալու։ Ահա նրանք անպատճառ կհարձակվեն քեզ վրա, բայց դա ինձնից չի լինի. ով հարձակվի քեզ վրա, նա պիտի ընկնի քո պատճառով։ Ահավասիկ ես եմ ստեղծել դարբնին, որը փուքսով փչում է կրակի կայծերի վրա և գործիք է պատրաստում իր արհեստի համար. նույնպես ե՛ս եմ ստեղծել կործանողին, որպեսզի խորտակի այն։ Ամեն մի գործիք, որ շինված է քո դեմ, հաջողություն չպիտի ունենա, և ամեն լեզու, որ դատաստանի է ելնելու քո դեմ, պիտի դատապարտվի։ Ա՛յս է Տիրոջ ծառաների ժառանգությունը, և ինձնից է գալու նրանց արդարացումը»,- ասում է Տերը։