ԵՍԱՅԻ 57
57
Իսրայելի կռապաշտությունը դատապարտվում է
1«Արդարը կորչում է, և ոչ ոք իր սրտում չի մտորում. բարի մարդիկ վերացվում են առանց մեկի իմանալու, թե արդարը վերացվեց գալիք չարիքի պատճառով։ 2Նա մտնում է խաղաղության մեջ։ Նրանք, ովքեր ուղիղ ճանապարհով են ընթանում, հանգստություն պիտի գտնեն իրենց մահճում։ 3Բայց դուք մոտեցե՛ք այստեղ, ո՛վ վհուկի որդիներ, ո՛վ շնացողի և պոռնկի սերունդ։ 4Ո՞ւմ եք ծաղրում, ո՞ւմ վրա եք բացում ձեր լայն բերանը և երկարացնում ձեր լեզուն. մի՞թե դուք հանցանքի զավակներ չեք, ստության սերունդ, 5դուք, որ ցանկությամբ գրգռվում եք բևեկնիների մեջ՝ ամեն կանաչազարդ ծառի տակ, որ մորթում եք մանուկներին ձորերում, ժայռերի խոռոչների մեջ։ 6Հովտի ողորկ կուռքերն են քո բաժինը. դրանք են, դրանք՝ քո վիճակը. դրանց համար գինի թափեցիր իբրև նվիրաբերում, դրանց ընծա մատուցեցիր. մի՞թե ես կամոքվեմ։ 7Բարձր ու վեհ լեռան վրա դրեցիր քո անկողինը և այնտեղ բարձրացար զոհ մատուցելու։ 8Դռների և դրանդիների հետևում դրեցիր քո հեթանոսական հուշակոթողը. ինձ լքեցիր՝ բացելով քո անկողինը, ինձնից հեռու բարձրացար այնտեղ, լայնացրիր քո անկողինը և դաշինք կապեցիր նրանց հետ, որոնց անկողինը սիրեցիր, որոնց ձեռքը տեսար։#57.8 Կամ որոնց մերկությունը տեսար։ 9Դու թագավորի մոտ գնացիր թանկարժեք յուղով, շատացրիր քո անուշահոտությունները, պատգամավորներիդ ուղարկեցիր մինչև հեռավոր վայրեր և իջար մինչև մեռելների աշխարհը։ 10Քո ճանապարհի երկարությունից հոգնեցիր, երբևէ չասացիր. “Անհույս է”։ Ուժդ վերանորոգեցիր, դրա համար էլ չթուլացար։ 11Ումի՞ց էիր զարհուրում ու վախենում, որ ստեցիր, չհիշեցիր ինձ և սրտումդ չդրեցիր. չէ՞ որ ես վաղուց լռել եմ, ուստի դու ինձնից չես վախենում։ 12Ես կհայտարարեմ քո արդարությունն ու արարքները. դրանք#57.12 Այսինքն՝ քո կուռքերը։ քեզ օգուտ չեն ունենալու։
13Երբ դու աղաղակ բարձրացնես, թող քո հավաքած կուռքերը քեզ ազատեն. դրանց բոլորին քամին պիտի տանի, մեկ շնչով պիտի քշվեն։ Բայց նա, ով հույս է դրել ինձ վրա, երկիրը պիտի ստանա և իմ սուրբ լեռը պիտի ժառանգի»։
Աստված խոստանում է օգնել և փրկել
14Եվ Տերը կասի. «Հարթե՛ք, հարթե՛ք, ճանապա՛րհ բացեք, վերացրե՛ք խոչընդոտն իմ ժողովրդի ճանապարհից»։ 15Եվ արդ, այսպես է ասում Բարձրը, Բարձրյալը, հավիտենության մեջ բնակվողը, որի անունը Սուրբ է. «Ես բնակվում եմ բարձունքում և սուրբ տեղում, բայց բեկված և խոնարհ հոգի ունեցող մարդու հետ եմ լինում, որպեսզի վերակենդանացնեմ խոնարհների հոգին, վերակենդանացնեմ բեկվածների սիրտը։ 16Ես չեմ վիճելու հավիտյան և մշտապես չեմ սրտմտելու, այլապես հոգիները և մարդկանց շունչը, որոնց ես եմ ստեղծել, կնվաղեին իմ առաջ։ 17Ես նրա անօրեն ագահության համար սրտմտեցի և հարվածեցի նրան. իմ դեմքը ծածկեցի ու սրտմտեցի, բայց ապստամբը գնաց իր սրտի ճանապարհով։ 18Ես տեսել եմ նրա ճանապարհները, բայց բժշկելու եմ նրան. ես առաջնորդելու եմ նրան և մխիթարելու եմ նրան ու նրա սգավորներին»։ 19Նրանց շրթունքների վրա պտուղն ստեղծող Տերը այսպես է ասում. «Խաղաղություն, խաղաղություն թող լինի հեռավորներին ու մերձավորներին,- ասում է Տերը,- ու ես բժշկելու եմ նրան»։ 20Բայց ամբարիշտները նման են ալեծուփ ծովի, որը չի կարող հանդարտվել, և որի ջրերը տիղմ ու ցեխ են դուրս տալիս։ 21«Խաղաղություն չկա ամբարիշտների համար»,- ասում է իմ Աստվածը։
Արդեն Ընտրված.
ԵՍԱՅԻ 57: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018