ԵՍԱՅԻ 61:1-7

ԵՍԱՅԻ 61:1-7 ՆՎԱԱ

Տեր Աստծու Հոգին ինձ վրա է, որովհետև Տերն օծել է ինձ՝ ավետիս տալու հեզերին, ինձ ուղարկել է դարմանելու բեկված սիրտ ունեցողներին, ազատություն հռչակելու գերիներին, արձակում՝ կալանավորներին. հռչակելու Տիրոջ ընդունելի տարին և մեր Աստծու վրեժխնդրության օրը, բոլոր սգավորներին մխիթարելու, Սիոնում սգացողներին հոգ տանելու, նրանց դափնեպսակ տալու մոխրի փոխարեն, բերկրանքի յուղ՝ սգի փոխարեն և գովաբանության պատմուճան՝ հուսահատ հոգու փոխարեն։ Նրանց պիտի կոչեն արդարության բևեկնիներ, որ Տերը տնկել է իր փառավորության համար։ Նրանք պիտի վերաշինեն հին ավերակները, որ պիտի վերականգնեն նախկինում ամայացած վայրերը, պիտի նորոգեն փլատակ քաղաքները և սերնդեսերունդ կործանված ամայի տեղերը։ Օտարականները պիտի կանգնեն ու հովվեն ձեր հոտերը, և օտարների զավակները ձեր հողագործներն ու այգեգործները պիտի լինեն։ Դուք պիտի կոչվեք Տիրոջ քահանաներ, ձեզ պիտի ասեն. «Մեր Աստծու սպասավորներ»։ Դուք պիտի ուտեք ազգերի հարստությունը և պիտի պարծենաք նրանց փառքով։ «Ձեր ամոթի փոխարեն կրկնակի բաժին պիտի ունենաք. նախատինքի փոխարեն պիտի ցնծաք ձեր բաժնի համար, ուստի կրկնապատիկը պիտի ստանաք ձեր երկրում ու հավիտենական ուրախություն պիտի ունենաք։