ԵՍԱՅԻ 63

63
Տիրոջ հաղթանակը ազգերի հանդեպ
1Ո՞վ է սա, որ գալիս է Եդովմից, կարմրագույն հագուստներով գալիս է Բոսրայից. նա, որ պանծալի է իր հանդերձանքով և վեհորեն քայլում է իր մեծ զորության մեջ։ «Ես եմ, որ արդարախոս եմ և փրկելու կարող»։
2Ինչո՞ւ է կարմիր քո հագուստը. քո հանդերձները հնձան կոխոտողի հանդերձի նման են։ 3Ես մենակ եմ կոխոտել հնձանը, ժողովուրդներից ոչ մի մարդ չկար ինձ հետ. ես կոխոտեցի նրանց իմ զայրույթի մեջ և տրորեցի իմ բարկությամբ. նրանց արյունը ժայթքեց իմ հանդերձների վրա, և ես ներկեցի իմ բոլոր զգեստները, 4որովհետև վրեժխնդրության օրը իմ սրտում էր, և իմ փրկության տարին հասել էր։ 5Ես նայեցի, բայց օգնող չկար, ապշեցի, բայց օժանդակող չկար. ուստի ինձ փրկեց իմ բազուկը, իմ զայրույթն էր ինձ օժանդակողը։ 6Եվ ես ժողովուրդներին կոխոտեցի իմ բարկությամբ, նրանց հարբեցրի իմ զայրույթով և նրանց արյունը գետին թափեցի։
Տիրոջ բարությունը Իսրայելի հանդեպ
7Պիտի հիշատակեմ Տիրոջ ողորմությունները, Տիրոջ գովաբանությունները՝ ըստ այն ամենի, որ Տերն արեց մեզ համար, պիտի հիշեմ այն մեծ բարիքը, որ նա արեց Իսրայելի տան համար ըստ իր գթության և առատ ողորմածության։ 8Նա ասաց. «Նրանք իրապես իմ ժողովուրդն են, որդիներ, որոնք ստություն չունեն»։ Եվ նա նրանց Փրկիչը եղավ։ 9Նրանց բոլոր նեղությունների մեջ նա նեղություն քաշեց, նրա առաջ կանգնող հրեշտակն ազատեց նրանց։ Նա նրանց փրկեց իր սիրով և գթությամբ, նրանց բարձրացրեց և կրեց նրանց վաղնջական բոլոր օրերում։ 10Բայց նրանք ապստամբեցին և վշտացրին նրա Սուրբ Հոգուն, նա էլ թշնամի դարձավ նրանց և պատերազմեց նրանց դեմ։ 11Եվ նրանք հիշեցին հին օրերը, Մովսեսին ու նրա ժողովրդին. «Ո՞ւր է նա, որ նրանց ծովից դուրս հանեց իր հոտի հովվի հետ. ո՞ւր է նա, որ նրանց մեջ դրեց իր Սուրբ Հոգին, 12իր փառավոր բազուկը Մովսեսի աջ ձեռքով առաջ շարժեց, պատռեց ջրերը նրանց առաջ, որպեսզի հավիտենական անուն ձեռք բերի իր համար, նա, 13որ նրանց անցկացրեց անդունդներով, ինչպես ձին է անցնում անապատով, առանց որի նրանք կսայթաքեին։ 14Ինչպես որ անասունը հովիտ է իջնում, Տիրոջ հոգին հանգստացրեց նրանց»։ Այդպես էլ դու առաջնորդեցիր քո ժողովրդին, որպեսզի փառավոր անուն ձեռք բերես քեզ համար։
Օգնության և գթության աղոթք
15Նայի՛ր երկնքից և տե՛ս քո սուրբ ու փառավոր բնակարանից. ո՞ւր են քո նախանձախնդրությունն ու զորությունը. ընդերքիդ գալարումն ու քո գթությունը իմ հանդեպ դադարում են։ 16Դու ես մեր Հայրը. թեպետ Աբրահամը մեզ չգիտի, և Իսրայելը մեզ չի ճանաչում։ Դու ես մեր Հայրը, ո՛վ Տեր, վաղուց ի վեր դու կոչվում ես մեր Փրկարարը։ 17Ո՛վ Տեր, ինչո՞ւ ես թողնում, որ մոլորվենք քո ճանապարհներից, ինչո՞ւ ես կարծրացնում մեր սրտերը, որ չվախենանք քեզանից. վերադարձի՛ր հանուն քո ծառաների՝ քո ժառանգության ցեղերի։ 18Քո սուրբ ժողովուրդը քիչ ժամանակ միայն ժառանգեց քո սրբարանը. մեր հակառակորդները ոտնակոխ արեցին այն։ 19Մենք եղանք նրանց պես, որոնց դեռ երբեք չես տիրել, որոնք չեն կոչվել քո անունով։

Արդեն Ընտրված.

ԵՍԱՅԻ 63: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք