ԵՍԱՅԻ 66

66
Տերը դատելու է ազգերին
1Այսպես է ասում Տերը. «Երկինքն իմ գահն է, և երկիրը՝ իմ ոտքերի պատվանդանը։ Որտե՞ղ է այն տունը, որ կառուցում եք ինձ համար, և ո՞րն է իմ հանգստյան վայրը։ 2Այդ բոլորը իմ ձեռքն է արել, և այդ բոլորը եղել են,- ասում է Տերը։- Ահա թե ես ո՛ւմ եմ հայում՝ խոնարհին, կոտրած հոգի ունեցողին և իմ խոսքից դողացողին։
3Արջառ մորթողը մարդասպանի նման է, գառ զոհողը շուն զոհաբերող#66.3 Բռց. շան վիզ կտրող։ է, ընծա նվիրաբերողը խոզի արյուն մատուցողի նման է, հիշատակի կնդրուկ վառողը կուռք պաշտողի նման է։ Նրանք ընտրել են իրենց ճանապարհները, և իրենց գարշելի քանդակները հաճելի են իրենց հոգուն։ 4Նույնպես ես ընտրում եմ իրենց թշվառությունները և իրենց վրա պիտի բերեմ այն բաները, ինչից նրանք վախենում են, որովհետև ես կանչեցի, և պատասխանող չկար, երբ խոսեցի, նրանք չլսեցին, արեցին այն, ինչ իմ աչքին չար էր, և ընտրեցին այն, ինչ հաճելի չէր ինձ։
5Լսե՛ք Տիրոջ խոսքը դուք, որ դողում եք նրա խոսքից։ Ձեր եղբայրները, որոնք ատում և անարգում են ձեզ իմ անվան համար, ասում են. “Թող Տերը փառավորվի, և մենք ձեզ տեսնենք ուրախության մեջ”։ Բայց նրանք պիտի ամաչեն»։
6Աղաղակի ձայն է գալիս քաղաքից. մի ձայն՝ տաճարից։ Տիրոջ ձայնն է, որ հատուցում է իր թշնամիներին։ 7Դեռ չերկնած՝ նա ծնեց, դեռ երկունքի ցավերը չեկած՝ նա մի արու զավակ ծնեց։ 8Ո՞վ է այսպիսի բան լսել, ո՞վ է այսպիսի բաներ տեսել. մի՞թե երկիրը մեկ օրում է ծնում, կամ մի ազգ միանգամի՞ց է ծնվում, որ Սիոնը երկնում և իսկույն ծնում է իր որդիներին։ 9«Ես, որ հասցնում եմ երկունքի, ծնել չե՞մ տա,- ասում է Տերը,- կամ ես, որ ծնել եմ տալիս, արգանդը կփակե՞մ»,- ասում է քո Աստվածը։ 10Ուրախացե՛ք Երուսաղեմի հետ, ցնծացե՛ք նրա համար, դուք՝ բոլորդ, որ սիրում եք նրան. ուրախացե՛ք նրա հետ ցնծությամբ, ո՛վ դուք՝ բոլորդ, որ սգում էիք նրա համար։ 11Դուք պիտի ծծեք ու հագենաք նրա մխիթարող ստինքից, որպեսզի կուշտ խմեք և վայելեք նրա փառքի առատությունը։
12Այսպես է ասում Տերը. «Ահա ես նրա վրա եմ բերում բարօրությունն ինչպես գետ, և ազգերի փառքը՝ ինչպես հորդահոս հեղեղատ. և դուք պիտի ծծեք ու սնվեք։ Ձեզ իրենց գիրկը պիտի առնեն և գգվեն իրենց ծնկների վրա։ 13Ինչպես մարդ, որին հանգստացնում է իր մայրը, այնպես էլ ես պիտի հանգստացնեմ ձեզ. ձեզ կհանգստացնեմ Երուսաղեմում։ 14Դուք պիտի տեսնեք, ձեր սրտերը պիտի ուրախանան, և ձեր ոսկորները պիտի ծաղկեն կանաչ խոտի պես»։ Տիրոջ ձեռքը պիտի ճանաչվի իր ծառաներից, և նրա ցասումը՝ նրա թշնամիների դեմ։ 15Ահա գալիս է Տերը կրակով, գալիս են նրա կառքերը մրրիկի նման, որպեսզի նա իր զայրույթն ի գործ դնի բարկությամբ և իր հանդիմանությունը՝ կրակի բոցով. 16որովհետև կրակով է Տերը դատելու և ամեն մարմին՝ իր սրով. և շատ են լինելու Տիրոջից սպանվածները։
17«Նրանք, որ իրենց սրբացնում և մաքրում են պարտեզներ մտնելու համար և հետևելով նրան, որ մեջտեղում է, նրանք, ուտելով խոզի միս, պիղծ բաներ և մուկ, միասին պիտի բնաջնջվեն,- ասում է Տերը։- 18Ես գիտեմ նրանց գործերն ու նրանց խորհուրդները. և ժամանակը կգա, երբ պիտի հավաքեմ բոլոր ազգերին և բոլոր լեզուները. նրանք պիտի գան ու տեսնեն իմ փառքը։ 19Ես նրանց մեջ նշան պիտի դնեմ և նրանց միջից ազատվածներին պիտի ուղարկեմ ազգերի մոտ, այսինքն՝ դեպի Թարսիս, Փուղ, Ղուդ՝ աղեղնավորներին, դեպի Թոբել և Հավան, դեպի այն հեռավոր կղզիները, որոնք չեն լսել իմ համբավն ու չեն տեսել իմ փառքը. նրանք պիտի հայտարարեն իմ փառքն ազգերի մեջ։ 20Նրանք բոլոր ազգերից ձիերով և կառքերով, գահավորակներով, ջորիներով և ուղտի ձագերով պիտի բերեն ձեր բոլոր եղբայրներին՝ իբրև ընծա Տիրոջ համար, պիտի բերեն իմ սուրբ լեռը՝ Երուսաղեմ,- ասում է Տերը,- ինչպես որ Իսրայելի որդիները մաքուր ամանով ընծա են բերում Տիրոջ տունը։ 21Ես նրանցից վերցնելու եմ քահանաներ և ղևտացիներ,- ասում է Տերը,- 22որովհետև ինչպես որ այն նոր երկինքն ու նոր երկիրը, որ ես ստեղծելու եմ, պիտի գոյատևեն իմ առաջ,- ասում է Տերը,- այդպես էլ պիտի գոյատևեն ձեր սերունդն ու ձեր անունը։ 23Եվ նորալուսնից նորալուսին և շաբաթից շաբաթ ամեն մարմին պիտի գա իմ առաջ երկրպագելու,- ասում է Տերը։- 24Նրանք պիտի դուրս գան և տեսնեն իմ դեմ ըմբոստացող մարդկանց դիակները, որովհետև նրանց որդը չի մեռնելու, և նրանց կրակը չի հանգչելու. նրանք զզվելի պիտի լինեն ամեն մարմնի համար»։

Արդեն Ընտրված.

ԵՍԱՅԻ 66: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք