ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 5
5
Դեբորայի և Բարակի երգը
1Այն օրը Դեբորան և Աբինոամի որդի Բարակը երգեցին և ասացին.
2«Իսրայելի զորավարներին առաջնորդելու համար#5.2 Եբր. Իսրայելի մեջ մազերը չկտրեցին։
Եվ ժողովրդին հոժարակամ լինելու համար
Օրհնեցե՛ք Տիրոջը։
3Լսե՜ք, թագավորնե՛ր,
Ակա՛նջ դրեք, իշխաննե՛ր,
Ես երգում եմ Տիրոջը.
Գովերգում եմ Իսրայելի Տեր Աստծուն։
4Ո՜վ Տեր, երբ դու դուրս էիր գալիս Սեիրից
Եվ չվում էիր Եդովմի դաշտից,
Երկիրը շարժվեց, երկինքը տեղաց,
Եվ ամպերը ջուր տեղացին։
5Սարերը հալվեցին Տիրոջ երեսից,
Նույնիսկ Սինան՝ Իսրայելի Տեր Աստծու երեսից։
6Անաթի որդի Սամեգարի օրերին,
Հայելի օրերին
Դադարել էին ուղիները,
Եվ ճանապարհները գնում էին խոտոր ուղիներով։
7Իսրայելի գյուղերում բնակիչներ չմնացին,
Չմնացին, մինչև որ վեր կացար դու, ո՛վ Դեբորա,
Մինչև որ վեր կացար դու՝ որպես մայր Իսրայելում։
8Նոր աստվածներ ընտրեցին,
Իսկույն պատերազմ եղավ իրենց դռներին.
Արդյոք վահան կամ նիզակ երևա՞ց՝
Իսրայելի քառասուն հազարի մեջ։
9Իմ սիրտը դեպի Իսրայելի իշխաններն է.
Ո՛վ ժողովրդի անձնվեր որդիներ,
Օրհնեցե՛ք Տիրոջը։
10Սպիտակ էշերին հեծնողնե՛ր, Գորգի վրա#5.10 Կամ դատաստանի ատյանում։ նստողնե՛ր
Եվ ճանապարհներին գնացողնե՛ր,
Երգեցե՛ք։
11Աղեղնավորների ձայնից ավելի բարձր
Այնտեղ՝ ջրի գուռերի մոտ,
Գովաբանում են Տիրոջ հաղթանակները,
Նրա գյուղացիների#5.11 Կամ իշխանների։ ավելի բարձր հաղթանակները՝ Իսրայելի մեջ,
Երբ Տիրոջ ժողովուրդը դեպի դռներն իջավ։
12Արթնացի՛ր, արթնացի՛ր, Դեբորա՛,
Արթնացի՛ր, արթնացի՛ր, ե՛րգ ասա,
Վե՛ր կաց, Բարա՛կ,
Քո գերությունը գերի՛ դարձրու, ո՛վ Աբինոամի որդի։
13Այն ժամանակ վերապրողները
Հաղթող դուրս եկան
Իշխանավորների դեմ։
Տիրոջ ժողովուրդը գնաց հզորների դեմ։
14Եփրեմից եկան նրանք, որոնց արմատն Ամաղեկում է,
Քո ետևից, Բենիամի՛ն, քո ժողովրդի մեջ
Մաքիրից իջան իշխաններ,
Եվ Զաբուղոնից՝ զորավարի մական#5.14 Կամ Գրիչի մական։ բռնողներ։
15Եվ Իսաքարի իշխանները Դեբորայի հետ էին։
Եվ Իսաքարն էլ Բարակի պես
Նրա ետևից հովիտ խուժեց.
Ռուբենի տոհմերում
Մեծ հուզմունք կար։
16Ինչո՞ւ նստեցիր փարախների մեջ,
Որ հոտերի մայելը լսես։
Ռուբենի տոհմերում
Մեծ տարակուսանք կար։
17Գաղաադը բնակվում էր Հորդանանի այն կողմում,
Եվ Դանն ինչո՞ւ պանդուխտ մնաց նավերի մոտ։
Ասերը նստում է ծովի եզերքում
Եվ բնակվում է իր նավահանգիստների մոտ։
18Զաբուղոնը մի այնպիսի ժողովուրդ է,
Որ իր կյանքն արհամարհում է մինչև մահ,
Նաև Նեփթաղիմը՝ իրեն, դաշտի բարձր տեղերում։
19Թագավորները եկան, պատերազմեցին.
Այն ժամանակ պատերազմեցին քանանացիների թագավորները
Թանաքի մեջ՝ Մակեդդովի ջրի մոտ.
Փողի ավար իսկ չառան։
20Երկնքից պատերազմեցին.
Աստղերն իրենց շրջաններից
Սիսարայի դեմ պատերազմեցին։
21Կիսոնի հեղեղատը քշեց նրանց,
Այն հին հեղեղատը՝ Կիսոնի հեղեղատը։
Ո՛վ անձն իմ, առա՛ջ գնա զորությամբ։
22Ձիերի սմբակներն այն ժամանակ կոտրտվեցին վազելուց,
Նրա զորավորների վազելուց։
23- Անիծե՛ք Մարովզը,- ասաց Տիրոջ հրեշտակը,-
Նրա բնակիչներին անիծե՛ք սաստիկ,
Քանզի Տիրոջ օգնությանը չեկան,
Տիրոջ օգնությանը՝ զորավորների դեմ։
24Օրհնյա՜լ լինի Հայելը կանանց մեջ,
Կենեցի Քաբերի կինը,
Օրհնյա՜լ լինի կանանցից վրանների մեջ։
25Ջուր ուզեց, կաթ տվեց,
Կարագ մատուցեց իշխանների ամանով։
26Իր ձախ ձեռքը ցցին մեկնեց
Եվ իր աջ ձեռքը՝ հյուսնի մուրճին,
Եվ Սիսարային զարկեց, գլուխը ճեղքեց,
Եվ ջարդեց, խրեց նրա ծնոտի մեջ։
27Նա կորացավ, ընկավ, փռվեց Հայելի ոտքերի մեջ,
Նրա ոտքերի մեջ կորացավ և ընկավ.
Ուր որ կորացավ, այնտեղ էլ ընկավ խոցված։
28Պատուհանից նայում է և աղաղակում
Սիսարայի մայրը՝ վանդակի ետևից.
Ինչո՞ւ է ուշանում նրա կառքը գալու,
Ինչո՞ւ են դանդաղում նրա կառքի անիվները։
29Իր իմաստուն տիկինները պատասխանում են նրան.
Հենց ինքն էլ իր խոսքերի պատասխանն է տալիս իրեն.
30Անշուշտ, նրանք ավար են գտել, բաժանում են այն.
Մեկ կամ երկու աղջիկ՝ յուրաքանչյուր կտրիճի համար,
Իսկ Սիսարայի համար՝ գույնզգույն ավար,
Գույնզգույն և նկարագործ ավար,
Երկու կողմից հյուսկեն և պարանոցի համար գույնզգույն ավար։
31Այսպես թող կորչեն քո բոլոր թշնամիները, ո՜վ Տեր,
Իսկ նրան սիրողները լինեն իր զորությամբ ծագող արևի նման»։
Եվ երկիրը հանգստացավ քառասուն տարի։
Արդեն Ընտրված.
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 5: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018