Հերո-Բաաղը, այսինքն՝ Գեդեոնը, և նրա հետ եղած ամբողջ ժողովուրդը կանուխ վեր կացան և բանակեցին Հարոդի աղբյուրի մոտ, իսկ Մադիամի բանակը նրա հյուսիսային կողմում էր՝ դեպի Մորեի բլուրը, հովտում։ Եվ Տերն ասաց Գեդեոնին. «Քեզ հետ եղած ժողովուրդը շատ է, և եթե Մադիամը նրանց ձեռքը տամ, միգուցե Իսրայելն իմ դեմ պարծենա՝ ասելով, թե՝ “Իմ ձեռքն ինձ ազատեց”։ Եվ հիմա հաստատի՛ր, որ ժողովուրդը լսի, և ասա՛՝ ով որ վախկոտ է և վատասիրտ, թող ետ դառնա և Գաղաադ սարից գնա»։ Եվ ժողովրդից քսաներկու հազար հոգի ետ դառան, և մնացին տասը հազար։ Եվ Տերն ասաց Գեդեոնին. «Ժողովուրդը տակավին շատ է. ջրի մո՛տ իջեցրու նրանց, և այնտեղ քեզ համար կփորձեմ նրանց. և որի համար քեզ ասեմ, թե սա քեզ հետ գնա, նա թող գնա քեզ հետ, և որի համար քեզ ասեմ, թե դա քեզ հետ չգնա, թող նա չգնա»։ Նա ժողովրդին իջեցրեց ջրի մոտ. և Տերը Գեդեոնին ասաց. «Ով որ շան լակելու պես ջուրը լակի լեզվով, նրան կկանգնեցնես առանձին. և ով որ էլ խմելու համար կորանա իր ծնկների վրա»։ Եվ ձեռքը բերանը տանելով լակողների թիվը երեք հարյուր հոգի էր, և մնացած ամբողջ ժողովուրդը կորացան իրենց ծնկների վրա խմելու համար։ Եվ Տերն ասաց Գեդեոնին. «Այն երեք հարյուր մարդկանցով, որոնք լակեցին ջուրը, ձեզ պիտի ազատեմ և Մադիամը քո ձեռքը պիտի մատնեմ, իսկ ամբողջ ժողովուրդը՝ ամեն մարդ, թող իր տեղը գնա»։ Նա ժողովրդի ձեռքից առավ ուտելիքն ու նրանց փողերը, և Գեդեոնն Իսրայելի բոլոր մարդկանց՝ ամեն մեկին, ուղարկեց իր վրանը, բայց այն երեք հարյուր մարդկանցով ամուր կանգնեց, իսկ Մադիամի բանակը հովտում էր՝ նրանից ներքև։