ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 8
8
Մադիանացիների վերջնական պարտությունը
1Եվ Եփրեմի որդիները նրան ասացին. «Այս ի՞նչ բան էր, որ մեզ արիր. առանց մեզ կանչելու գնացիր Մադիամի դեմ պատերազմելու». և նրա հետ սաստիկ վիճեցին։ 2Եվ նա նրանց ասաց. «Ես հիմա ի՞նչ եմ արել ձեզ պես. մի՞թե Եփրեմի ճռաքաղն ավելի լավը չէ Աբիեզերի այգեկութից։ 3Աստված Մադիամի իշխաններին՝ Օրեբին և Զեբին, ձեր ձեռքը տվեց. ես ի՞նչ կարողացա անել ձեր համեմատ»։ Հենց որ նա այս խոսքն ասաց, նրանց սիրտն իսկույն հանգստացավ նրա նկատմամբ։
4Եվ Գեդեոնը եկավ Հորդանան, և ինքն ու իր հետ եղած երեք հարյուր մարդիկ անցան գետը. թեև նվաղած էին, բայց հալածում էին թշնամուն։ 5Եվ նա ասաց Սոկքովթի մարդկանց. «Աղաչում եմ, իմ ետևից եկող ժողովրդին հացի նկանակնե՛ր տվեք, որովհետև նվաղած են, և ես հալածում եմ Մադիամի թագավորներին՝ Զեբեեին և Սաղմանային»։ 6Սոկքովթի իշխաններն ասացին. «Մի՞թե Զեբեեի և Սաղմանայի ձեռքն արդեն քո ձեռքի մեջ է, որ մենք քո զորքին հաց տանք»։ 7Եվ Գեդեոնն ասաց. «Ուրեմն երբ որ Տերը Զեբեեին և Սաղմանային իմ ձեռքը տա, ձեր մարմինները պիտի ծեծեմ անապատի փշերով ու տատասկներով»։ 8Այնտեղից ելավ գնաց Փանուել, նրանց էլ այնպես ասաց. և Փանուելի մարդիկ պատասխանեցին Սոկքովթի մարդկանց տված պատասխանի պես։ 9Փանուելի մարդկանց էլ ասաց. «Երբ խաղաղությամբ ետ դառնամ, այդ աշտարակը պիտի քանդեմ»։
10Զեբեեն ու Սաղմանան Կարկարում էին, և նրանց բանակը նրանց հետ էր՝ արևելքի բնակիչների ամբողջ բանակից մնացածները՝ բոլորը միասին տասնհինգ հազարի չափ մարդ, և որոնք ընկել մեռել էին, հարյուր քսան հազար սուսերամերկ մարդիկ էին։ 11Գեդեոնը ելավ վեր՝ Նոբահի և Հոգբեհայի արևելյան կողմից, վրանաբնակների ճանապարհով, և հարվածեց բանակին, որովհետև բանակն անհոգ էր։ 12Զեբեեն ու Սաղմանան փախան. Գեդեոնը նրանց հալածեց և Մադիամի երկու թագավորներին՝ Զեբեեին և Սաղմանային, բռնեց և ամբողջ բանակը տակնուվրա արեց։
13Եվ Հովասի որդի Գեդեոնը պատերազմից ետ դարձավ Արեսի զառիվայրից։ 14Եվ Սոկքովթի մարդկանցից մի երիտասարդ բռնեց ու նրան հարցրեց. սա գրեց նրա համար Սոկքովթի իշխաններին ու ծերերին՝ թվով յոթանասունյոթ մարդու։ 15Եվ Գեդեոնը Սոկքովթի բնակիչների մոտ եկավ և ասաց. «Ահա Զեբեեն և Սաղմանան, որոնց համար ինձ նախատեցիք՝ ասելով. “Մի՞թե Զեբեեի և Սաղմանայի ձեռքն արդեն քո ձեռքի մեջ է, որ մենք քո նվաղած մարդկանց հաց տանք”»։ 16Եվ նա քաղաքի ծերերին վերցրեց, անապատից՝ փշեր ու տատասկներ և դրանցով պատժեց Սոկքովթի մարդկանց։ 17Եվ Փանուելի աշտարակը քանդեց և կոտորեց քաղաքի մարդկանց։
18Եվ Զեբեեին ու Սաղմանային ասաց. «Ինչպիսի՞ մարդիկ էին նրանք, որոնց սպանեցիք Թաբորում»։ Նրանք ասացին. «Ինչպես դու ես, նրանք էլ այնպես էին. ամեն մեկը թագավորի որդու էր նմանվում»։ 19Եվ նա ասաց. «Նրանք իմ եղբայրները, իմ մոր տղաներն էին։ Կենդանի է Տերը. եթե դուք նրանց կենդանի թողնեիք, ես ձեզ չէի սպանելու»։ 20Եվ իր անդրանիկ որդի Հեթերին ասաց. «Վե՛ր կաց, դրանց սպանի՛ր»։ Բայց պատանին չքաշեց իր սուրը, վախեցավ, քանի որ մանկահասակ էր։ 21Եվ Զեբեեն ու Սաղմանան ասացին. «Դո՛ւ վեր կաց և մեզ սպանի՛ր, որովհետև մարդուս ուժն իրեն համեմատ կլինի»։ Եվ Գեդեոնը վեր կացավ ու սպանեց Զեբեեին ու Սաղմանային և նրանց ուղտերի պարանոցի վրա եղած մահիկները վերցրեց։
22Եվ Իսրայելի մարդիկ Գեդեոնին ասացին. «Թագավորի՛ր մեզ վրա, դու էլ, քո որդին էլ, քո որդու որդին էլ, որովհետև մեզ ազատեցիր Մադիամի ձեռքից»։ 23Գեդեոնը նրանց ասաց. «Ես չեմ թագավորի ձեզ վրա, ոչ էլ իմ որդին ձեզ վրա կթագավորի. թող Տերը թագավորի ձեզ վրա»։ 24Հետո Գեդեոնը նրանց ասաց. «Ձեզնից մի բան եմ խնդրում. թող ամեն մարդ իր ավարի օղերն ինձ տա» (որովհետև նրանք, իսմայելացի լինելով, ոսկե օղեր ունեին)։ 25Նրանք ասացին. «Հոժարակամ տալիս ենք»։ Եվ մի հանդերձանք փռեցին, և ամեն մարդ իր ավարի օղերն այնտեղ գցեց։ 26Նրա ուզած այդ ոսկե օղերի կշիռը հազար յոթ հարյուր սիկղ ոսկի եղավ, բացի մահիկներից, գինդերից և Մադիամի թագավորների ծիրանի պատմուճաններից և բացի նրանց ուղտերի պարանոցի վրա եղած մանյակներից։ 27Գեդեոնը դրանցով մի եփուդ շինեց ու դրեց իր Եփրա քաղաքում, և ամբողջ Իսրայելը, այնտեղ նրան հետևելով, պոռնկացավ. և սա որոգայթ եղավ Գեդեոնի և նրա տան համար։
28Այսպես նվաճվեց Մադիամը Իսրայելի որդիների կողմից և այլևս գլուխ չբարձրացրեց։ Եվ Գեդեոնի օրերին երկիրը հանգստացավ քառասուն տարի։
Գեդեոնի մահը
29Եվ Հովասի որդի Հերո-Բաաղը գնաց ու նստեց իր տանը։ 30Գեդեոնը յոթանասուն որդի ուներ՝ իր երանքից ելած, որովհետև շատ կանայք ուներ։ 31Սյուքեմում ունեցած հարճն էլ նրա համար մի որդի ծնեց, և նրա անունն Աբիմելեք դրեց։ 32Եվ Հովասի որդի Գեդեոնը մեռավ բարի ծերությամբ ու թաղվեց Աբիեզերների Եփրայում՝ իր հոր՝ Հովասի գերեզմանում։
33Երբ Գեդեոնը մեռավ, Իսրայելի որդիները ետ դարձան և հետևելով Բահաղիմին՝ պոռնկացան ու Բահաղ-Բերիթին աստված դարձրին իրենց համար։ 34Եվ Իսրայելի որդիները չհիշեցին իրենց Տեր Աստծուն, որը նրանց ազատել էր իրենց շրջակա բոլոր թշնամիների ձեռքից։ 35Եվ Հերո-Բաաղի (այսինքն՝ Գեդեոնի) տան հետ կարեկցությամբ չվարվեցին այն ողջ բարության փոխարեն, որ նա արել էր Իսրայելին։
Արդեն Ընտրված.
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 8: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018