Բենիամինի երկրում՝ Անաթովթի մեջ եղող քահանաներից Քեղկիայի որդի Երեմիայի խոսքերը, որին Տիրոջ խոսքը հասավ Հուդայի թագավոր Ամոնի որդի Հովսիայի օրերին՝ նրա թագավորության տասներեքերորդ տարում, Հուդայի թագավոր՝ Հովսիայի որդի Հովակիմի օրերին, մինչև Հուդայի թագավոր՝ Հովսիայի որդի Սեդեկիայի տասնմեկերորդ տարվա վերջը, մինչև Երուսաղեմի տարագրությունը, հինգերորդ ամսում։
Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով. «Քեզ որովայնում չկազմած՝ ես ընտրեցի քեզ, և քեզ, արգանդից դեռ դուրս չեկած, ես սրբեցի. ես քեզ ազգերին մարգարե եմ դրել»։ Եվ ես ասացի. «Օ՜, ո՛վ Տեր Աստված, ահա ես խոսել չգիտեմ, որովհետև ես մանուկ եմ»։ Բայց Տերն ասաց ինձ. «Մի՛ ասա. “Ես մանուկ եմ”, այլ ում մոտ որ քեզ ուղարկեմ, կգնաս և ամենը, ինչ որ քեզ հրամայեմ, կխոսես։ Նրանց երեսից մի՛ վախեցիր, որովհետև ես քեզ հետ եմ, որ քեզ ազատեմ»,- ասում է Տերը։
Տերը մեկնեց իր ձեռքը և դիպավ իմ բերանին, և Տերն ասաց ինձ. «Ահա ես իմ խոսքերը քո բերանի մեջ դրեցի։ Տե՛ս, ես քեզ այսօր ազգերի վրա և թագավորությունների վրա նշանակեցի, որ արմատախիլ անես և քանդես, ոչնչացնես ու տապալես, որ կառուցես և տնկես»։
Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով. «Ո՛վ Երեմիա, ի՞նչ ես տեսնում»։ Ես ասացի. «Նշենու մի ճյուղ եմ տեսնում ես»։ Եվ Տերն ասաց ինձ. «Լավ տեսար, որովհետև ես պիտի հսկեմ իմ խոսքը, որպեսզի կատարեմ այն»։
Եվ Տիրոջ խոսքը երկրորդ անգամ հասավ ինձ՝ ասելով. «Ի՞նչ ես տեսնում դու»։ Եվ ես ասացի. «Մի եռացող կաթսա եմ տեսնում ես, և նրա երեսը հյուսիսից դարձել է»։ Եվ Տերն ինձ ասաց. «Երկրի բոլոր բնակիչների վրա չարիքը հյուսիսից պիտի ծավալվի։ Որովհետև ես ահա կկանչեմ հյուսիսի բոլոր թագավորությունների ազգատոհմերին,- ասում է Տերը,- որ գան, և ամեն մեկն իր աթոռը դնի Երուսաղեմի դարպասների մուտքին և նրա շրջակա բոլոր պարիսպների դիմաց և Հուդայի բոլոր քաղաքների դեմ։ Եվ ես նրանց կհայտարարեմ իմ դատաստանը նրանց բոլոր չարությունների համար, որ ինձ թողած՝ ուրիշ աստվածների են խնկարկել և իրենց ձեռքերի գործերին են երկրպագել։
Բայց դու մեջքդ գոտեպնդի՛ր, վե՛ր կաց և ասա՛ նրանց ամենը, ինչ ես քեզ հրամայում եմ. նրանցից մի՛ զարհուրիր, որ ես էլ քեզ նրանց առաջ չզարհուրեցնեմ։ Եվ ահա այսօր ես քեզ դարձնում եմ մի ամուր քաղաք, երկաթե սյուն և պղնձե պարիսպ ամբողջ երկրի դեմ, Հուդայի թագավորների և նրա իշխանավորների դեմ, նրա քահանաների և երկրի ժողովրդի դեմ։ Եվ նրանք կպատերազմեն քո դեմ, բայց չեն հաղթի քեզ, որովհետև ես քեզ հետ եմ՝ քեզ ազատելու համար»,- ասում է Տերը։