ԵՐԵՄԻԱ 26
26
Երեմիայի դատը
1Հուդայի թագավոր Հովսիայի որդի Հովակիմի թագավորության սկզբում Տիրոջ կողմից այս խոսքը հասավ՝ ասելով. 2«Այսպես է ասում Տերը. “Կանգնի՛ր Տիրոջ տան գավթում և երկրպագելու համար Տիրոջ տունը եկող Հուդայի բոլոր քաղաքներին ասա՛ այն բոլոր խոսքերը, որ քեզ հրամայել եմ նրանց ասելու. ոչ մի խոսք չպակասեցնես։ 3Գուցե լսեն, և ամեն մեկը դարձի գա իր չար ճանապարհից, և ես կհրաժարվեմ այն չարիքից, որ մտածել եմ անելու նրանց իրենց չար արարքների պատճառով։ 4Եվ ասա՛ նրանց. "Տերն այսպես է ասում. "Եթե ինձ չհնազանդվեք, չընթանաք իմ օրենքով, որը ձեր առաջ եմ դրել, 5և չլսեք խոսքերն իմ ծառաների՝ մարգարեների, որոնց ես ձեզ մոտ եմ ուղարկում, որոնց կրկին ու կրկին էի ուղարկում, բայց դուք չանսացիք, 6այն ժամանակ այս տունը Սելովի պես պիտի անեմ և այս քաղաքը նզովքի առարկա պիտի դարձնեմ երկրի բոլոր ազգերի համար"”»։
7Եվ քահանաներն ու մարգարեները և ամբողջ ժողովուրդը լսում էին, երբ Երեմիան Տիրոջ տանն ասում էր այս խոսքերը։ 8Եվ երբ Երեմիան ասաց վերջացրեց բոլորը, ինչ որ Տերը հրամայել էր ասելու ամբողջ ժողովրդին, այն ժամանակ քահանաները, մարգարեներն ու ամբողջ ժողովուրդը բռնեցին նրան՝ ասելով. 9«Դու անպատճառ պիտի մեռնես։ Ինչի՞ համար մարգարեացար Տիրոջ անունով՝ ասելով. “Այս տունը Սելովի պես պիտի դառնա, և այս քաղաքն ավերակ ու անբնակ պիտի դառնա”»։ Եվ ամբողջ ժողովուրդը հավաքվեց Տիրոջ տանը՝ Երեմիայի շուրջը։
10Երբ Հուդայի իշխանավորները լսեցին այս բաները և թագավորի տնից գնացին Տիրոջ տունն ու նստեցին Տիրոջ տան նոր դարպասի մուտքին, 11քահանաներն ու մարգարեները իշխանավորներին և ամբողջ ժողովրդին ասացին. «Այս մարդն արժանի է մահվան, որովհետև այս քաղաքի դեմ է մարգարեացել, ինչպես որ լսեցիք ձեր ականջներով»։
12Ապա Երեմիան ասաց բոլոր իշխանավորներին և ամբողջ ժողովրդին. «Տերն ինձ ուղարկեց, որ այս տան դեմ և այս քաղաքի դեմ մարգարեանամ այն բոլոր խոսքերը, որ լսել եք։ 13Ուստի հիմա բարեփոխե՛ք ձեր ճանապարհներն ու ձեր արարքները և լսե՛ք ձեր Տեր Աստծու ձայնը։ Եվ Տերը կհրաժարվի այն չարիքի համար, որ վճռել#26.13 Բռց. խոսել։ է ձեր դեմ։ 14Իսկ ես ահա ձեր ձեռքին եմ. ինչ որ լավ և ճիշտ է թվում ձեր աչքին, արե՛ք ինձ։ 15Միայն թե լա՛վ իմացեք, որ եթե ինձ սպանեք, անմեղ արյուն եք դնում ձեզ վրա, այս քաղաքի վրա ու նրա բնակիչների վրա, որովհետև ճշմարտապես Տե՛րն է ինձ ուղարկել ձեզ մոտ, որ ձեր ականջներին խոսեմ այս խոսքերը»։
16Եվ իշխանավորներն ու ամբողջ ժողովուրդն ասացին քահանաներին ու մարգարեներին. «Այս մարդը մահվան արժանի չէ, որովհետև Տիրոջ՝ մեր Աստծու անունով է խոսել մեզ հետ»։ 17Եվ երկրի երեցներից մարդիկ վեր կացան և հավաքված ամբողջ ժողովրդին ասացին. 18«Հուդայի Եզեկիա թագավորի օրերին մորաստացի Միքիան մարգարեանում էր և Հուդայի ամբողջ ժողովրդին ասաց. “Այսպես է ասում Զորությունների Տերը. "Սիոնը պիտի հերկվի իբրև արտ, և Երուսաղեմն ավերակների կույտեր պիտի լինի, և տաճարի բարձունքը՝ բարձրադիր մացառուտ"”։ 19Մի՞թե Հուդայի թագավոր Եզեկիան և ամբողջ Հուդան նրան իսկույն մեռցրին. չէ՞ որ նա Տիրոջից վախեցավ և չպաղատե՞ց Տիրոջը, և Տերը զղջաց այն չարիքի համար, որ վճռել էր նրանց դեմ. այսպիսով մենք մեծ չարիք կբերենք մեր անձերին»։
20Եվ մի մարդ էլ կար, որ մարգարեանում էր Տիրոջ անունով՝ կարիաթարիմցի Սեմայիայի որդի Ուրիան։ Նա էլ Երեմիայի բոլոր խոսքերի պես մարգարեացավ այս քաղաքի և այս երկրի դեմ։ 21Երբ որ Հովակիմ թագավորը և նրա բոլոր զորավորներն ու բոլոր իշխանավորները լսեցին այն խոսքերը, թագավորն ուզեց սպանել նրան, բայց երբ Ուրիան իմացավ, վախեցավ և փախավ գնաց Եգիպտոս։ 22Եվ Հովակիմ թագավորը մարդիկ ուղարկեց Եգիպտոս. Աքոբորի որդի Եղնաթանին և նրա հետ մի քանի մարդու ուղարկեց Եգիպտոս։ 23Եվ նրանք Ուրիային հանեցին Եգիպտոսից և նրան բերեցին Հովակիմ թագավորի մոտ, և նա սրով սպանեց նրան ու նրա մարմինը գցեց ժողովրդի որդիների գերեզմանոցը։ 24Բայց Սափանի որդու՝ Աքիկամի ձեռքը Երեմիայի հետ էր, որպեսզի նրան ժողովրդի ձեռքը չմատնեն սպանելու համար։
Արդեն Ընտրված.
ԵՐԵՄԻԱ 26: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018