Որովհետև Տերն այսպես է ասում. «Անդարմանելի է քո վերքը, անբժշկելի՝ քո վնասվածքը։ Քո դատը դատող չկա դարմանելու համար, բուժում չկա, սպեղանի չկա քեզ համար։ Քո բոլոր սիրելիները մոռացել են քեզ, քեզ չեն որոնում, քեզ վիրավորեցի թշնամու հարվածով և անգութի պատժով քո անօրինության շատության պատճառով. շատացել էին քո մեղքերը։ Ինչո՞ւ ես աղաղակում քո վերքի համար, քո ցավն անբուժելի է։ Այս բաները ես քեզ արեցի քո անօրինության շատության պատճառով, քո մեղքերի շատության պատճառով։ Ուստի բոլոր քեզ լափողները պիտի լափվեն, և քո բոլոր թշնամիները՝ ամենքն էլ, գերության պիտի գնան, քեզ թալանողները պիտի թալանվեն, և բոլոր քեզ կողոպտողներին կողոպուտի պիտի տամ։ Որովհետև ես քեզ պիտի ապաքինեմ և քո վերքերը պիտի բժշկեմ,- ասում է Տերը,- որովհետև քեզ Վտարանդի կոչեցին. Սիոնը, որին փնտրող չկա»։
Տերն այսպես է ասում. «Ահա Հակոբի վրանները պիտի վերադարձնեմ գերությունից և նրա բնակարաններին պիտի գթամ. քաղաքը պիտի շինվի իր ավերակների բլուրի վրա, իսկ պալատը նախկինի պես պիտի վերականգնվի։ Եվ նրանցից գովաբանություն և ուրախացողների ձայն պիտի դուրս գա. նրանց պիտի բազմացնեմ, ու նրանք չպիտի քչանան. նրանց պիտի փառավորեմ, և չպիտի նվաստանան։ Եվ նրանց զավակները պիտի լինեն ինչպես նախկինում, ու նրանց հավաքը պիտի հաստատվի իմ առաջ, և պիտի պատժեմ նրա բոլոր հարստահարիչներին։ Եվ նրա մեծավորն իրենցից պիտի լինի, և նրա իշխանավորն իր միջից պիտի դուրս գա։ Ես պիտի մոտեցնեմ նրան, և նա ինձ պիտի մոտենա, որովհետև ո՞վ է նա, որ կհամարձակվի իր սրտով ինձ մոտենալ»,- ասում է Տերը։ «Եվ դուք ինձ համար ժողովուրդ կլինեք, իսկ ես ձեզ համար Աստված կլինեմ»։