ԵՐԵՄԻԱ 31
31
Իսրայելը տուն է վերադառնում
1«Այն ժամանակ,- ասում է Տերը,- ես Աստված կլինեմ Իսրայելի բոլոր ազգատոհմերի համար, և նրանք ինձ համար ժողովուրդ կլինեն»։ 2Տերն այսպես է ասում. «Սրից վերապրած ժողովուրդն անապատում շնորհ գտավ, երբ Իսրայելը գնում էր հանգստանալու»։ 3Տերը վաղուց երևաց ինձ և ասաց. «Հավիտենական սիրով եմ սիրել քեզ, դրա համար ողորմությամբ քեզ դեպի ինձ քաշեցի։ 4Եվ քեզ կրկին պիտի կառուցեմ, և դու պիտի կառուցվես, ո՛վ Իսրայելի կույս, կրկին քո թմբուկներով պիտի զարդարվես և ուրախացողների պարին պիտի միանաս։ 5Սամարիայի լեռների վրա կրկին խաղողի այգիներ պիտի տնկես. տնկողները պիտի տնկեն, նաև պիտի վայելեն նրա պտուղը։ 6Որովհետև կգա այն օրը, երբ պահապանները Եփրեմի լեռան վրա պիտի կանչեն. “Վե՛ր կացեք, բարձրանանք Սիոն, դեպի Տերը՝ մեր Աստվածը”»։
7Որովհետև Տերն այսպես է ասում. «Ուրախությամբ երգե՛ք Հակոբի համար և ցնծացե՛ք ազգերի առաջնորդի համար, բարձրաձայն գովաբանե՛ք և ասացե՛ք. “Փրկի՛ր, ո՛վ Տեր, քո ժողովրդին՝ Իսրայելի մնացորդին”։ 8Ահա ես նրանց պիտի բերեմ հյուսիսի երկրից և նրանց պիտի հավաքեմ երկրի ծայրերից, նրանց հետ միասին կույրին ու կաղին, հղիին ու երկունքի մեջ եղողին միասին, մի մեծ բազմություն. բոլորը պիտի վերադառնան այստեղ։ 9Լացով են գալու, և աղաչանքներով եմ բերելու նրանց. նրանց քայլել եմ տալու դեպի ջրերի վտակները, հարթ ճանապարհով, որի վրա չեն սայթաքելու, որովհետև ես Իսրայելին հայր եղա, և Եփրեմն իմ անդրանիկն է։ 10Լսե՛ք Տիրոջ խոսքը, ո՛վ ազգեր, պատմե՛ք հեռավոր ծովեզրերում և ասացե՛ք. “Իսրայելին ցրիվ տվողը պիտի ժողովի նրան և նրան պիտի պահպանի, ինչպես հովիվը՝ իր հոտը”։ 11Որովհետև Տերը փրկագնել է Հակոբին ու նրան ազատել իրենից ավելի զորավորի ձեռքից։ 12Եվ պիտի գան ու ցնծան Սիոնի բարձունքի վրա և լուսաշող պիտի լինեն Տիրոջ բարիքներից, ցորենից, գինուց, յուղից, մատաղ հոտերից ու արջառներից։ Եվ նրանց հոգիները ջրարբի պարտեզի նման պիտի լինեն, և նրանք չպիտի նվաղեն։ 13Այն ժամանակ կույսը պիտի ուրախանա պարելով, նաև երիտասարդներն ու ծերերը միասին։ Եվ ես նրանց սուգն ուրախություն կդարձնեմ ու կմխիթարեմ նրանց, նրանց տրտմության փոխարեն նրանց կուրախացնեմ։ 14Եվ քահանաների հոգիները պիտի հագեցնեմ պարարտությամբ, և իմ ժողովուրդը պիտի կշտանա իմ բարիքով»,- ասում է Տերը։
Աստծու գութը Իսրայելի հանդեպ
15Տերն այսպես է ասում. «Ռամայում մի ձայն լսվեց, դառնագին ողբ, լաց. Ռաքելն իր տղաների համար է լալիս, մերժում է մխիթարվել իր որդիների համար, որոնք չկան»։ 16Տերն այսպես է ասում. «Ձայնդ դադարեցրո՛ւ լալուց և աչքերդ՝ արտասուքից, որովհետև քո աշխատանքի համար վարձ կա,- ասում է Տերը։- Նրանք կվերադառնան թշնամու երկրից»։ 17«Եվ հույս կա քո ապագայի համար,- ասում է Տերը,- և որդիներդ իրենց երկիրը պիտի վերադառնան»։
18Հիրավի, Եփրեմին ես լսել եմ ողբալիս. «Դու ինձ պատժեցիր, և ես պատժվեցի. անվարժ հորթի նման ինձ դարձրո՛ւ, և ես կդառնամ, որովհետև դու ես Տերը՝ իմ Աստվածը։ 19Հիրավի, իմ դարձից հետո զղջացի և գիտակցելուց հետո իմ ազդրին խփեցի#31.19 Զղջալու նշան։, ամաչեցի և նվաստացա, որովհետև իմ երիտասարդության նախատինքը կրեցի»։ 20«Մի՞թե Եփրեմը պատվական որդի է ինձ համար կամ սիրական զավա՞կ է, որովհետև ինչքան հաճախ էլ նրա դեմ խոսեմ, կրկին անպատճառ հիշում եմ նրան. ուստի իմ սիրտը կարոտում է նրան#31.20 Բռց. Ընդերքս ալեկոծվում է կամ աղիքներս գալարվում են։, և անշուշտ պիտի ողորմեմ նրան»,- ասում է Տերը։ 21«Նշանասյունե՛ր կանգնեցրու քեզ համար, ցուցաձողե՛ր բարձրացրու քեզ համար, ուշադի՛ր եղիր#31.21 Բռց. սիրտդ հաստատի՛ր։ պողոտային՝ քո անցած ճանապարհին. վերադարձի՛ր, ո՛վ Իսրայելի կույս, վերադարձի՛ր դեպի քո այս քաղաքները։ 22Մինչև ե՞րբ պիտի տատանվես, ո՛վ ապստամբ դուստր, որովհետև Տերը նոր բան է ստեղծել այս երկրի վրա. կինը պիտի շրջապատի տղամարդուն»։
Աստծու ժողովրդի գալիք բարգավաճումը
23Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Երբ նրանց կվերադարձնեմ գերությունից, այս խոսքը կրկին պիտի ասեն Հուդայի երկրում և նրա քաղաքներում. “Տերը թող օրհնի քեզ, ո՛վ արդարության բնակարան, սուրբ լեռ”։ 24Եվ այնտեղ միասին պիտի բնակվեն Հուդան և նրա բոլոր քաղաքները, երկրագործները և հոտերի հետ չվողները։ 25Որովհետև ես պիտի հագեցնեմ հոգնաբեկ հոգին և պիտի գոհացնեմ յուրաքանչյուր նվաղած հոգին»։ 26Ապա զարթնեցի ու նայեցի, և իմ քունը քաղցր էր ինձ համար։ 27«Ահա օրեր են գալու,- ասում է Տերը,- երբ Իսրայելի տանը և Հուդայի տանը մարդու սերունդ և անասունի սերունդ եմ սերմանելու։ 28Եվ ինչպես որ արմատախիլ անելու, քանդելու, կործանելու, ոչնչացնելու և աղետ պատճառելու համար նրանց հսկեցի, այդպես էլ պետք է հսկեմ նրանց՝ կառուցելու և տնկելու համար,- ասում է Տերը։- 29Այն օրերին այլևս չեն ասի. “Հայրերն ազոխ կերան, որդիների ատամները թմրեցին”։ 30Այլ ամեն մարդ իր անօրենության համար պիտի մեռնի, ամեն մարդ, որ ազոխ ուտի, նրա ատամները պիտի թմրեն»։
31«Ահա օրեր են գալու,- ասում է Տերը,- երբ Իսրայելի տան հետ և Հուդայի տան հետ նոր ուխտ եմ կապելու։ 32Ոչ թե այն ուխտի պես, որ ես նրանց հայրերի հետ կապեցի այն օրը, երբ բռնեցի նրանց ձեռքից՝ Եգիպտոսի երկրից նրանց հանելու համար։ Իմ այն ուխտը նրանք խզեցին, թեպետ ես նրանց Տերն էի»,- ասում է Տերը։ 33«Այլ սա է այն ուխտը, որ այն օրերից հետո պիտի կապեմ Իսրայելի տան հետ»,- ասում է Տերը։ «Իմ օրենքը պիտի դնեմ նրանց ներսում և նրանց սրտի վրա պիտի գրեմ այն. ես նրանց Աստվածը պիտի լինեմ, և նրանք իմ ժողովուրդը պիտի լինեն։ 34Եվ այլևս յուրաքանչյուր մարդ իր ընկերոջը և յուրաքանչյուր մարդ իր եղբորը չի սովորեցնի՝ ասելով. “Ճանաչե՛ք Տիրոջը”, որովհետև նրանք ամենքը՝ նրանց փոքրից մինչև մեծը, պիտի ճանաչեն ինձ,- ասում է Տերը,- որովհետև ես պիտի ներեմ նրանց անօրինությունը և նրանց մեղքերն այլևս չեմ հիշի»։ 35Այսպես է ասում Տերը, որն արեգակը հաստատել է ցերեկվա լույսի համար, իսկ լուսնի և աստղերի կանոնները՝ գիշերվա լույսի համար, որը գրգռում է ծովին, ու գոչում են նրա ալիքները։ Նրա անունը Զորությունների Տեր է։ 36«Եթե այս կանոնները վերանան իմ առաջից,- ասում է Տերը,- Իսրայելի սերունդն էլ իմ առաջ ընդմիշտ կդադարի ազգ լինելուց»։ 37Տերն այսպես է ասում. «Եթե վերևում երկինքը հնարավոր լինի չափել, իսկ ցածում երկրի հիմքերը՝ հետազոտել, ես էլ Իսրայելի ամբողջ սերնդին իրենց բոլոր արածների համար կմերժեմ»,- ասում է Տերը։
38«Ահա գալիս են օրերը,- ասում է Տերը,- երբ քաղաքը Անանայելի աշտարակից մինչև Անկյան դարպասը պիտի կառուցվի Տիրոջ համար։ 39Եվ չափալարը դուրս պիտի ձգվի դեպի առաջ՝ մինչև Գարեբի բլուրը, և պիտի դառնա դեպի Գոաթ։ 40Դիակների ու մոխրի ամբողջ ձորը և բոլոր արտերը՝ մինչև Կեդրոնի հովիտը, մինչև Ձիերի դարպասի անկյունը՝ դեպի արևելք, սուրբ պիտի լինեն Տիրոջ համար։ Այն հավիտյան այլևս չի քանդվելու և չի կործանվելու»։
Արդեն Ընտրված.
ԵՐԵՄԻԱ 31: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018