ԵՐԵՄԻԱ 32:16-27

ԵՐԵՄԻԱ 32:16-27 ՆՎԱԱ

Եվ գնման փաստաթուղթը Ներիայի որդի Բարուքին տալուց հետո աղոթք արեցի Տիրոջը՝ ասելով. «Օ՜, Տե՛ր Աստված, քո մեծ զորությամբ ու քո մեկնած բազուկով դո՛ւ ես ստեղծել երկինքն ու երկիրը. քեզ համար ոչ մի բան դժվար չէ։ Դու, որ ողորմություն ես անում հազարավորներին և հայրերի անօրենությունները նրանցից հետո իրենց որդիներին ես հատուցում, ո՛վ դու մեծ և հզոր Աստված, որի անունը Զորությունների Տեր է։ Դու, որ մեծ ես խորհրդով և զորավոր՝ գործերով, աչքերդ բաց են մարդկանց որդիների բոլոր ճանապարհների վրա, որպեսզի յուրաքանչյուրին իր ճանապարհների համեմատ և իր գործերի արդյունքի համեմատ հատուցես. դու, որ Եգիպտոսի երկրում և մինչև այսօր Իսրայելում և մարդկության մեջ նշաններ ու հրաշքներ արեցիր և քեզ համար անուն վաստակեցիր, ինչպես այսօր։ Եվ նշաններով ու հրաշքներով, զորավոր ձեռքով ու մեկնած բազուկով և մեծ երկյուղով Իսրայելին՝ քո ժողովրդին, հանեցիր Եգիպտոսի երկրից։ Եվ նրանց տվեցիր այս երկիրը, որ իրենց հայրերին երդվել էիր, որ նրանց տալու ես մի երկիր, որտեղ կաթ ու մեղր է բխում։ Եվ նրանք եկան ու ժառանգեցին այն, բայց քո ձայնին ականջ չդրեցին և քո օրենքներով չընթացան, և այն ամենը, որ դու նրանց հրամայել էիր անել, չարեցին, ուստի դու նրանց այս ամեն չարիքը հասցրիր։ Ահա պաշարման հողաթմբերը հասել են քաղաքին, որպեսզի այն գրավեն, և քաղաքը սրի, սովի և ժանտախտի պատճառով քաղդեացիների ձեռքը տրվեց, որոնք պատերազմում էին նրա դեմ։ Եվ ինչ որ ասել էիր, եղավ, և դու ահա տեսնում ես։ Սակայն դու ինձ ասացիր, ո՛վ Տեր Աստված. “Քեզ համար փողո՛վ գնիր այն արտը, և վկաները թող վկայեն”, թեև քաղաքը քաղդեացիների ձեռքն է տրվում»։ Եվ Տիրոջ խոսքը հասավ Երեմիային՝ ասելով. «Ահա ես եմ Տերը՝ ամեն մարմնի Աստվածը. մի՞թե ինձ համար որևէ դժվար բան կա»։