ՀՈՎՀԱՆՆԵՍ 12:1-11

ՀՈՎՀԱՆՆԵՍ 12:1-11 ՆՎԱԱ

Զատկից վեց օր առաջ Հիսուսը եկավ Բեթանիա, որտեղ ապրում էր Ղազարոսը, և որին նա մեռելներից հարություն էր տվել։ Այնտեղ նրա համար ընթրիք պատրաստեցին։ Մարթան սպասարկում էր, իսկ Ղազարոսը նրա հետ սեղան նստածներից մեկն էր։ Արդ Մարիամը մեկ լիտր նարդոսի ազնիվ, թանկարժեք յուղ վերցրեց, օծեց Հիսուսի ոտքերը և իր մազերով սրբեց նրա ոտքերը։ Եվ տունը լցվեց յուղի բուրմունքով։ Հիսուսի աշակերտներից մեկը՝ Հուդա Իսկարիովտացին, որ նրան մատնելու էր, ասաց. «Ինչո՞ւ այդ յուղը երեք հարյուր դինարի չվաճառվեց ու աղքատներին չտրվեց»։ Բայց նա այդ ասաց, ոչ թե որովհետև աղքատների մասին էր հոգում, այլ որովհետև գող էր և ընդհանուր գանձանակը տնօրինողն էր, և ինչ որ այնտեղ դրվում էր, իրեն էր պահում։ Այդժամ Հիսուսն ասաց. «Թո՛ղ նրան. այն, ինչ նա անում է, իմ թաղման օրվա համար է։ Աղքատներին միշտ ունեք ձեզ հետ, բայց ինձ միշտ չեք ունենալու»։ Երբ հրեաներից շատերն իմացան, որ Հիսուսն այնտեղ է, եկան տեսնելու ոչ միայն նրան, այլ նաև Ղազարոսին, որին մեռելներից հարություն էր տվել։ Իսկ քահանայապետները որոշեցին Ղազարոսին էլ սպանել, քանի որ նրա պատճառով հրեաներից շատերն էին գնում և Հիսուսին հավատում։