ՀՈՎՀԱՆՆԵՍ 14
14
Հիսուսը՝ Ճանապարհ, Ճշմարտություն և Կյանք
1«Ձեր սրտերը թող չխռովվեն. հավատացե՛ք Աստծուն, հավատացե՛ք նաև ինձ։ 2Իմ Հոր տանը բազում օթևաններ կան։ Եթե ոչ, ես ձեզ կասեի։ Ես գնում եմ ձեզ համար տեղ պատրաստելու։ 3Եվ երբ գնամ ու ձեզ համար տեղ պատրաստեմ, վերստին կգամ ու ձեզ ինձ մոտ կվերցնեմ, որպեսզի որտեղ ես եմ, դուք էլ լինեք։ 4Եվ ուր ես գնում եմ, գիտեք, գիտեք նաև ճանապարհը»։
5Թովմասը նրան ասաց. «Տե՛ր, մենք չգիտենք, թե ո՛ւր ես գնում, արդ ճանապարհն ինչպե՞ս կարող ենք իմանալ»։ 6Հիսուսը նրան ասաց. «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունն ու կյանքը. ոչ ոք Հոր մոտ չի գա, եթե ոչ իմ միջոցով։ 7Եթե ինձ ճանաչեիք, իմ Հորն էլ ճանաչած կլինեիք։ Բայց այսուհետև ճանաչեցիք նրան և տեսաք»։
8Փիլիպպոսը նրան ասաց. «Տե՛ր, ցո՛ւյց տուր մեզ Հորը, և դա մեզ բավական է»։ 9Հիսուսը նրան ասաց. «Այսքան ժամանակ ձեզ հետ եմ, և ինձ չճանաչեցի՞ր, Փիլիպպո՛ս։ Ով ինձ տեսավ, նա Հորը տեսավ. իսկ դու ինչպե՞ս ես ասում. "Ցո՛ւյց տուր մեզ Հորը"։ 10Չե՞ս հավատում, որ ես Հոր մեջ եմ, և Հայրն էլ իմ մեջ է։ Այն խոսքերը, որ ես ձեզ ասում եմ, ինքս ինձնից չեմ ասում, այլ Հայրը, որ իմ մեջ է, նա է գործերը կատարում։ 11Հավատացե՛ք ինձ, որ ես Հոր մեջ եմ, և Հայրն էլ իմ մեջ է. եթե ոչ, գոնե գործերի համա՛ր հավատացեք ինձ։ 12Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. ով հավատում է ինձ, ինքն էլ նույն գործերը կանի, որ ես եմ անում, և դրանցից է՛լ ավելի մեծ բաներ կանի, որովհետև ես իմ Հոր մոտ եմ գնում։ 13Եվ ինչ որ իմ անունով խնդրեք, կանեմ, որպեսզի Հայրը Որդու միջոցով փառավորվի։ 14Եթե իմ անունով որևէ բան խնդրեք, ես այն կկատարեմ։
Ճշմարտության Հոգին
15Եթե ինձ սիրում եք, պահե՛ք իմ պատվիրանները։ 16Եվ ես Հորը կխնդրեմ, և ձեզ ուրիշ Մխիթարիչ կտա, որպեսզի հավիտյան ձեզ հետ լինի. 17ճշմարտության Հոգին, որին աշխարհը չի կարող ընդունել, որովհետև նրան չի տեսնում և չի ճանաչում։ Բայց դուք նրան ճանաչում եք, որովհետև այն ձեզ մոտ է մնում ու ձեր մեջ է լինելու։ 18Ես ձեզ որբ չեմ թողնի. կգամ ձեզ մոտ։ 19Մի փոքր ժամանակ ևս, և աշխարհն այլևս ինձ չի տեսնի. բայց դուք ինձ կտեսնեք, որովհետև ես կենդանի եմ, և դուք նույնպես կենդանի եք լինելու։ 20Այն օրը դուք կիմանաք, որ ես իմ Հոր մեջ եմ, և դուք՝ իմ մեջ, իսկ ես՝ ձեր մեջ։ 21Ով ունի իմ պատվիրանները և պահում է դրանք, նա՛ է ինձ սիրում. ով ինձ սիրում է, պիտի սիրվի իմ Հորից, ես էլ պիտի սիրեմ նրան և ինձ պիտի հայտնեմ նրան»։
22Հուդան (ոչ Իսկարիովտացին) նրան ասաց. «Տե՛ր, ի՞նչ պատահեց, որ քեզ պիտի հայտնես մեզ, իսկ աշխարհին՝ ոչ»։ 23Հիսուսը պատասխանեց ու ասաց նրան. «Եթե մեկն ինձ սիրում է, իմ խոսքը կպահի։ Եվ իմ Հայրը կսիրի նրան, և նրա մոտ կգանք ու բնակություն կհաստատենք նրա մոտ։ 24Ով ինձ չի սիրում, իմ խոսքերը չի պահում. և այն խոսքը, որ լսում եք, իմը չէ, այլ Հորը, որ ինձ ուղարկեց։
25Այս բաները ձեզ ասացի, մինչ ձեզ մոտ եմ։ 26Բայց Մխիթարիչը՝ Սուրբ Հոգին, որին Հայրն ուղարկելու է իմ անունով, նա ամեն բան ձեզ կուսուցանի ու կհիշեցնի ձեզ այն ամենը, ինչ ձեզ ասացի։
Քրիստոսի խաղաղությունը
27Խաղաղություն եմ թողնում ձեզ, իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ. ես այն ձեզ չեմ տալիս, ինչպես աշխարհն է տալիս. ձեր սիրտը թող չխռովվի ու չվախենա։
28Լսեցիք, որ ձեզ ասացի. "Գնում եմ, բայց գալու եմ ձեզ մոտ"։ Եթե ինձ սիրեիք, ապա ուրախ կլինեիք, որ ասացի. "Հոր մոտ եմ գնում", որովհետև իմ Հայրն ավելի մեծ է, քան ես։ 29Եվ ձեզ հիմա՛ ասացի՝ նախքան լինելը, որպեսզի երբ լինի, հավատաք։ 30Ձեզ հետ այլևս շատ չեմ խոսի, որովհետև գալիս է այս աշխարհի իշխանը, և նա ինձ վրա ոչ մի իշխանություն չունի։ 31Սակայն որպեսզի աշխարհն իմանա, որ ես սիրում եմ Հորը, անում եմ այնպես, ինչպես Հայրը պատվիրեց ինձ։ Վե՛ր կացեք գնանք այստեղից»։
Արդեն Ընտրված.
ՀՈՎՀԱՆՆԵՍ 14: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018