ՀՈՎՀԱՆՆԵՍ 6

6
Հացի բազմացումը և հինգ հազարի կերակրումը
(Մտթ. 14.13-21, Մրկ. 6.30-44, Ղուկ. 9.10-17)
1Դրանից հետո Հիսուսը գնաց Գալիլեայի՝ Տիբերիա լճի մյուս կողմը։ 2Նրա հետևից մեծ բազմություն էր գնում, որովհետև տեսնում էին նրա հրաշքները, որ կատարում էր հիվանդների վրա։ 3Հիսուսը լեռը բարձրացավ և իր աշակերտների հետ նստեց այնտեղ։ 4Մոտենում էր Զատիկը՝ հրեաների տոնը։
5Հիսուսն աչքերը վեր բարձրացրեց ու տեսավ, որ բազում ժողովուրդ է գալիս իր մոտ։ Նա Փիլիպպոսին ասաց. «Որտեղի՞ց պիտի հաց գնենք, որ նրանք ուտեն»։ 6Բայց Հիսուսը սա նրան փորձելու համար ասաց, որովհետև ինքը գիտեր, թե ի՛նչ է անելու։ 7Փիլիպպոսը նրան պատասխանեց. «Նույնիսկ երկու հարյուր դինարի հացը նրանց չի բավականացնի, թեկուզ նրանցից յուրաքանչյուրը մի կտոր վերցնի»։ 8Նրա աշակերտներից մեկը՝ Անդրեասը՝ Սիմոն Պետրոսի եղբայրը, նրան ասաց. 9«Այստեղ մի պատանի կա, որ հինգ գարեհաց ունի և երկու ձուկ, բայց դա ի՞նչ է այսքան մարդու համար»։ 10Հիսուսն էլ ասաց. «Մարդկանց գետնի՛ն նստեցրեք»։ Այնտեղ շատ խոտ կար։ Արդ նստեցին. շուրջ հինգ հազար մարդ կար։ 11Հիսուսը հացը վերցրեց, գոհություն հայտնեց Աստծուն ու բաշխեց նստածներին. նույն կերպ էլ ձկներից բաշխեց, որքան որ կամեցան։ 12Երբ կշտացան, իր աշակերտներին ասաց. «Ավելացած կտորները հավաքե՛ք, որպեսզի ոչինչ չկորչի»։ 13Հավաքեցին և ուտողներից ավելացած այն հինգ գարեհացի կտորներից տասներկու կողով լցրեցին։ 14Երբ մարդիկ տեսան այդ հրաշքը, որ Հիսուսը գործեց, ասացին. «Ճշմարտապես սա է այն մարգարեն, որ աշխարհ էր գալու»։ 15Սակայն քանի որ Հիսուսը գիտեր, որ գալու են իրեն բռնելու, որպեսզի թագավոր դարձնեն, դարձյալ միայնակ լեռը գնաց։
Հիսուսը քայլում է ջրի վրայով
(Մտթ. 14.22-33, Մրկ. 6.45-52)
16Երբ երեկո եղավ, նրա աշակերտները լճափ իջան 17և նավ նստելով՝ գնացին լճի մյուս կողմը՝ Կափառնաում։ Արդեն մթնել էր, և Հիսուսը դեռ նրանց մոտ չէր եկել։ 18Սաստիկ քամու փչելուց լիճն ալեկոծվում էր։ 19Քսանհինգ կամ երեսուն ասպարեզի չափ թիավարելուց հետո տեսան Հիսուսին, որ քայլում էր լճի վրայով և նավին էր մոտենում։ Եվ նրանք սաստիկ վախեցան։ 20Հիսուսն ասաց նրանց. «Ես եմ, մի՛ վախեցեք»։ 21Նրանք կամեցան Հիսուսին նավ հանել, սակայն նավը շուտով ցամաք հասավ, ուր որ ուղևորվում էին։
Հիսուսը՝ կենաց հաց
22Հաջորդ օրը ժողովուրդը, որ մնացել էր լճի մյուս կողմում, տեսավ, որ այնտեղ ուրիշ նավ չկար, բացի այն մեկից, որի մեջ նրա աշակերտներն էին նստել, իսկ Հիսուսն իր աշակերտների հետ նավ չէր նստել, այլ միայն նրա աշակերտներն էին գնացել։ 23Բայց Տիբերիայից ուրիշ նավեր էլ էին գալիս այն տեղին մոտ, որտեղ Տիրոջ գոհության աղոթքով հացն էին կերել։ 24Արդ երբ ժողովուրդը տեսավ, որ ո՛չ Հիսուսն է այնտեղ, ո՛չ էլ նրա աշակերտները, իրենք էլ նավեր նստեցին և եկան Կափառնաում՝ Հիսուսին փնտրելու։ 25Եվ երբ նրան գտան լճի մյուս կողմում, ասացին. «Ռա՛բբի, ե՞րբ այստեղ եկար»։ 26Հիսուսը նրանց պատասխանեց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. դուք ինձ փնտրում եք ոչ թե նրա համար, որ հրաշքներ տեսաք, այլ որովհետև այն հացից կերաք ու կշտացաք։ 27Աշխատե՛ք ոչ թե կորստյան ենթակա կերակուրի համար, այլ այն կերակուրի, որ մնում է հավիտենական կյանքում։ Այդ կերակուրը ձեզ կտա Մարդու Որդին, որովհետև Հայրը՝ Աստված, նրան այդ գործն անելու իշխանություն է շնորհել»։ 28Արդ նրան ասացին. «Ի՞նչ անենք, որ Աստծու գործերը կատարենք»։ 29Հիսուսը պատասխանեց նրանց. «Աստծու գործն այն է, որ հավատաք նրան, ում նա ուղարկել է»։ 30Եվ նրան ասացին. «Դու ի՞նչ նշան կանես, որ տեսնենք ու քեզ հավատանք, ի՞նչ կգործես։ 31Մեր հայրերն անապատում մանանան կերան, ինչպես որ գրված է. "Երկնքից նրանց ուտելու հաց տվեց" (Սաղ. 78.24)»։ 32Հիսուսը նրանց ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. երկնքից այն հացը ձեզ Մովսեսը չի տվել, այլ իմ Հայրն է ձեզ ճշմարիտ հացը տալիս երկնքից, 33որովհետև Աստծու հացն այն է, որ երկնքից է իջնում և կյանք է տալիս աշխարհին»։
34Նրանք ասացին Հիսուսին. «Տե՛ր, ամեն ժամ տո՛ւր մեզ այդ հացը»։ 35Հիսուսը նրանց ասաց. «Ես եմ կյանքի հացը. դեպի ինձ եկողը չի քաղցի, և ինձ հավատացողը երբեք չի ծարավի։
36Բայց ես ասացի ձեզ, որ թեև ինձ տեսաք, սակայն չեք հավատում։ 37Նա, ում Հայրը ինձ տալիս է, կգա ինձ մոտ, և ինձ մոտ եկողին ես դուրս չեմ անի, 38որովհետև ես իջել եմ երկնքից, որպեսզի ոչ թե իմ կամքը կատարեմ, այլ ինձ ուղարկողի կամքը։ 39Ինձ ուղարկողի կամքն այն է, որ նրանցից ոչ մեկին, որոնց նա ինձ տվել է, չկորցնեմ, այլ վերջին օրը հարություն տամ նրանց։ 40Այս է իմ Հոր կամքը. ով Որդուն տեսնի ու հավատա նրան, հավիտենական կյանք կունենա, ու ես վերջին օրը հարություն կտամ նրան»։
41Այդժամ հրեաները վրդովվում էին, որ ասաց. «Ես եմ երկնքից իջած հացը»։ 42Եվ ասում էին. «Սա Հիսուսը չէ՞, Հովսեփի որդին, որի հորն ու մորը ճանաչում ենք։ Հիմա ինչպե՞ս է ասում՝ "Ես երկնքից եմ իջել"»։ 43Հիսուսը պատասխանեց նրանց. «Իրար մեջ մի՛ քրթմնջացեք։ 44Ոչ ոք չի կարող ինձ մոտ գալ, եթե նրան դեպի ինձ չբերի Հայրը, որն ինձ ուղարկեց, և ես վերջին օրը հարություն կտամ նրան։ 45Մարգարեների գրքերում գրված է. "Աստված ինքը բոլորին կուսուցանի" (Ես. 54.13ա)։ Արդ, ով Հորից լսում ու սովորում է, ինձ մոտ է գալիս։ 46Բայց ոչ ոք չի տեսել Հորը. միայն նա, ով Աստծուց է, նա՛ է տեսել Հորը։ 47Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. ինձ հավատացողը հավիտենական կյանք ունի։ 48Ես եմ կյանքի հացը։ 49Ձեր հայրերն անապատում կերան մանանան, բայց մեռան։ 50Սակայն ով ուտի այն հացից, որ երկնքից է իջել, չի մեռնի։ 51Ես եմ կենդանի հացը, որ երկնքից է իջել։ Եթե մեկն այս հացից ուտի, հավիտյան կապրի, և այն հացը, որ ես կտամ, իմ մարմինն է, որ ես տալու եմ աշխարհի կյանքի համար»։
52Այդժամ հրեաները միմյանց հետ վիճաբանում էին ու ասում. «Սա ինչպե՞ս կարող է իր մարմինը մեզ տալ՝ ուտելու»։ 53Հիսուսը նրանց ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. եթե Մարդու Որդու մարմինը չուտեք և նրա արյունը չխմեք, ձեր մեջ կյանք չեք ունենա։ 54Ով ուտում է իմ մարմինը և խմում իմ արյունը, հավիտենական կյանք ունի, և ես վերջին օրը նրան հարություն կտամ։ 55Որովհետև իմ մարմինը ճշմարիտ կերակուր է, և իմ արյունը ճշմարիտ ըմպելիք է։ 56Ով ուտում է իմ մարմինը և խմում իմ արյունը, ինձ հետ է միավորվում, ես էլ՝ նրա հետ։ 57Ինչպես կենդանի Հայրը ինձ ուղարկեց, և ես ապրում եմ Հոր միջոցով, այնպես էլ նա, ով ինձ ուտում է, կապրի ինձանով։ 58Սա է այն հացը, որ երկնքից է իջել, և ո՛չ մանանան, որ ձեր հայրերը կերան, բայց մեռան։ Նա, ով ուտի այս հացը, հավիտյան կապրի»։ 59Հիսուսն այս ասաց ժողովարանում, երբ Կափառնաումում ուսուցանում էր։
60Եվ նրա աշակերտներից շատերը երբ լսեցին, ասացին. «Խիստ է այդ խոսքը. ո՞վ կարող է դա լսել»։ 61Բայց երբ Հիսուսն ինքն իր մեջ իմացավ, որ իր աշակերտները դրա համար տրտնջում են, նրանց ասաց. «Դա ձեզ գայթակղեցնո՞ւմ է։ 62Իսկ եթե տեսնեք Մարդու Որդուն վեր բարձրանալիս այնտեղ, որտեղ առա՞ջ էր։
Հոգին է կենդանարար
63Հոգին է կյանք տվողը. մարմինը ոչ մի օգուտ չի տալիս։ Այն խոսքը, որ ես ձեզ ասացի, հոգի է ու կյանք։ 64Բայց ձեր մեջ կան ոմանք, որ չեն հավատում»։ Որովհետև Հիսուսը սկզբից գիտեր, թե ովքեր էին նրանք, որ չեն հավատում, և ով էր նա, որ մատնելու էր իրեն։ 65Եվ ասաց. «Դրա համար ձեզ ասացի, որ ոչ ոք չի կարող գալ ինձ մոտ, եթե իմ Հոր կողմից տրված չէ նրան»։
66Դրանից հետո նրա աշակերտներից շատերը հետ քաշվեցին ու նրան այլևս չհետևեցին։ 67Արդ Հիսուսն այն տասներկուսին ասաց. «Գուցե դուք է՞լ եք ուզում գնալ»։ 68Սիմոն Պետրոսը պատասխանեց նրան. «Տե՛ր, ո՞ւմ մոտ գնանք. դու հավիտենական կյանքի խոսքեր ունես։ 69Եվ մենք հավատացինք ու ճանաչեցինք, որ դու ես Քրիստոսը՝ կենդանի Աստծու Որդին»։ 70Հիսուսը նրանց պատասխանեց. «Չէ՞ որ ես եմ ընտրել ձեզ՝ տասներկուսիդ, սակայն ձեզանից մեկը սատանա է»։ 71Եվ նա Սիմոնի որդի Հուդա Իսկարիովտացու մասին էր ասում, որովհետև նա էր տասներկուսից մեկը, որ մատնելու էր նրան։

Արդեն Ընտրված.

ՀՈՎՀԱՆՆԵՍ 6: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք