ՀՈՎՀԱՆՆԵՍ 6:1-15

ՀՈՎՀԱՆՆԵՍ 6:1-15 ՆՎԱԱ

Դրանից հետո Հիսուսը գնաց Գալիլեայի՝ Տիբերիա լճի մյուս կողմը։ Նրա հետևից մեծ բազմություն էր գնում, որովհետև տեսնում էին նրա հրաշքները, որ կատարում էր հիվանդների վրա։ Հիսուսը լեռը բարձրացավ և իր աշակերտների հետ նստեց այնտեղ։ Մոտենում էր Զատիկը՝ հրեաների տոնը։ Հիսուսն աչքերը վեր բարձրացրեց ու տեսավ, որ բազում ժողովուրդ է գալիս իր մոտ։ Նա Փիլիպպոսին ասաց. «Որտեղի՞ց պիտի հաց գնենք, որ նրանք ուտեն»։ Բայց Հիսուսը սա նրան փորձելու համար ասաց, որովհետև ինքը գիտեր, թե ի՛նչ է անելու։ Փիլիպպոսը նրան պատասխանեց. «Նույնիսկ երկու հարյուր դինարի հացը նրանց չի բավականացնի, թեկուզ նրանցից յուրաքանչյուրը մի կտոր վերցնի»։ Նրա աշակերտներից մեկը՝ Անդրեասը՝ Սիմոն Պետրոսի եղբայրը, նրան ասաց. «Այստեղ մի պատանի կա, որ հինգ գարեհաց ունի և երկու ձուկ, բայց դա ի՞նչ է այսքան մարդու համար»։ Հիսուսն էլ ասաց. «Մարդկանց գետնի՛ն նստեցրեք»։ Այնտեղ շատ խոտ կար։ Արդ նստեցին. շուրջ հինգ հազար մարդ կար։ Հիսուսը հացը վերցրեց, գոհություն հայտնեց Աստծուն ու բաշխեց նստածներին. նույն կերպ էլ ձկներից բաշխեց, որքան որ կամեցան։ Երբ կշտացան, իր աշակերտներին ասաց. «Ավելացած կտորները հավաքե՛ք, որպեսզի ոչինչ չկորչի»։ Հավաքեցին և ուտողներից ավելացած այն հինգ գարեհացի կտորներից տասներկու կողով լցրեցին։ Երբ մարդիկ տեսան այդ հրաշքը, որ Հիսուսը գործեց, ասացին. «Ճշմարտապես սա է այն մարգարեն, որ աշխարհ էր գալու»։ Սակայն քանի որ Հիսուսը գիտեր, որ գալու են իրեն բռնելու, որպեսզի թագավոր դարձնեն, դարձյալ միայնակ լեռը գնաց։